Դեսպան Դըկոտինյի, էս ինչե՞ր ես խոսում

  • 19:34 24.02.2025

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։

Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո»–ի հետ հարզազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,–ասել է նա։

Ֆրանսիայի դեսպանը մոռանում է սեփական երկրի Ազգային ժողովի զույգ պալատների բազմաթիվ  բանաձևերը, համաձայն որոնց նախ Արցախի կարգավիճակը վիճելի է ճանաչվում, դատապարտվում է վեճերի լուծման ռազմական ճանապարհը, նաև կոչ է արվել վերադառնալ 1994 թ․ ստատուս-քվոյին։ Ֆրանսիան, որը տասնյակ տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եղել (այս պահին էլ համանախագահ է), երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, համարելով, որ Արցախի կարգավիճակը պետք է հանրաքվեյով լուծվի։

Հիմա ի՞նչ է փոխվել։ Արդյո՞ք 2023-ի սեպտեմբերի 17-ի ստամբուլյան կոնսենսուսն է ամեն ինչ փոխել։ Թե՞ Ֆրանսիան հանուն ԱՄՆ նոր վրչակազմի հետ գործարքի համաձայն է զոհբերել Արցախը։  

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն ասել է.

«Բնականաբար միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, այլապես ԼՂ բնակչությունը դեռ ԼՂ–ում կլիներ։ Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրեց, այդ ընթացքում 3 անգամ պահանջեց և կարողացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույնիսկ քննարկումներ ունենալ թե շրջափակման, թե բռնի տեղահանման ժամանակ, բայց միջազգային հանրության արձագանքը համապատասխան չեղավ»։

«Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների վերադարձին իրենց օջախներ, ապա դա իրավունք է։ Դա վարկած չէ, դա իրավունք է։ Այդ իրավունքը ճանաչվել է արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ, և այդ որոշումը պարտադիր ուժ ունի, այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել դա։ Այդ որոշման մեջ նաև մանրամասն նշված են վերադարձի չափանիշներն անվտանգության, ժառանգության պաշտպանության առումով, մշակութային կամ կրոնական իրավունքների առումով։ Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա»,–ասել է նա։

Փաստորեն, դեսպանը համարում է, որ Ադրբեջաննը պետք է ապահովի արցախցիների վերադարձը։ Բայց ի՞նչ է փոխվել 2023-ի սեպտեմբերից, երբ արցախցիները ստիպված էին լքել Ադրբեջանի կողմից զավթած Արցախը։ Չէ որ ռուսական զորքերի պատճառով չէ, որ արցախցիները թողել են իրենց հազարամյա բնօրրանը։ Ֆրանսիան համարում է, որ ցեղասպանության վտանգը վերացե՞լ է, թե արդեն չի համարում Արցախի հարցը վիճելի։  

Օլիվիե Դըկոտինյիի խոսքով, Ֆրանսիայի դիրքորոշումն շատ հստակ է՝ նախևառաջ աջակցություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին և Հայաստանին, որը նրանց ընդունել ու հյուրընկալել է։ Նա նշել է, որ Ֆրանսիան ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալներով այս առումով առաջինն է եղել 2023–ի վերջին ամիսներին և 2024–ին՝ աջակցելով նրանց՝ հաստատվել այստեղ, բայց առանց վերադարձի իրավունքի իրենց դիրքերը երբևէ զիջելու։

Թե ինչպես է Ֆրանսիան փաշինյանական դիրքորոշմանը հանգել, կարելի է միայն կռահել։ Փաշինյանը, Հայաստանը խաչմերուկի վերածելով, կարող է օգնել Ֆրանսիային վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և մի փոքր մասնակցություն ունենալ Մերձվոր Արևելքում իր երբեմն պրոտեկտորատների ճակատագրի լուծմանը։

f