Արցախցիները չեն շտապում դառնալ ՀՀ քաղաքացի

  • 10:45 25.02.2025

2023 թվականի սեպտեմբերին բռնատեղահանված արցախցիների համար առաջին ու ամենամեծ շոկը ՀՀ քաղաքացիությունից զրկվելն էր: Այս որոշումը չէր ստացել որևէ իրավական ձևակերպում, այլ ընդամենն արձանագրվել էր ՀՀ պաշտոնյաների կողմից մեկնաբանություններով և վարչարարության փոփոխությամբ։ Այդուհանդերձ, մի շարք դեսպանատներ, հղում անելով ՀՀ կառավարությանը, սկսեցին 070 կոդով անձնագրեր ունեցողների վիզայի (մուտքի արտոնագրի) դիմումները մերժել, թեև իշխանությունները նշում էին, որ 1992 թվականից ի վեր ՀՀ անձնագրեր արցախցիներին տրամադրելու պատճառը հենց վերջիններիս ճամփորդելու հնարավորություն ընձեռելու, իմա՝ տեղաշարժի իրավունքից օգտվելու նպատակ էր հետապնդում:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբը նախորդ ամիս Civilnet.am կայքում հրապարակել է հոդված, որտեղ մանրամասն ներկայացրել է բռնատեղահանվածների կողմից քաղաքացիության համար դիմելու մոտիվացիաների, ինչպես նաև չդիմելու մտահոգությունների մասին: Հոդվածին զուգահեռ բռնի տեղահանվածներին առաջարկվել է մասնակցել ՀՀ քաղաքացիություն վերցնել-չվերցնելու մասին առցանց հարցմանը:

Ամփոփելով այն՝ նշենք, որ հարցման մասնակիցների գրեթե կեսը չի նախատեսում առաջիկայում դիմել ՀՀ քաղաքացիության ստանալու համար (հարցվածների 41%-ը) և նախընտրելի են համարում ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որն, ի դեպ, վավեր էր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ վկայականի վավերականության ժամկետի սպառված լինելու պարագայում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո ևս մեկ տարով (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը)։

Հարցվածների 24%-ը նախատեսում է առաջիկայում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ 22%-ն արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Հարցվածների 13%-ը ևս նախատեսում է ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն միայն բնակապահովման ծրագրից օգտվելու պարագայում:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբի սույն հարցմանը վերաբերող հրապարակման տակ նաև ֆեյսբուքյան օգտատերերն են կարծիքներ հայտնել: Նրանց մեծ մասը քաղաքացիության համար չդիմելու պատճառներից ամենահաճախը նշում է վերադարձի և սեփականության իրավունքի կորստի վերաբերյալ մտավախությունները: Այսպես, օրինակ, Արցախից բռնի տեղահանված Աննա Շաբոյանը գրում է. «Արցախ վերադառնալու մեր միակ հույսը 070 կոդն է, եթե դա էլ փոխենք, մենք այլևս պահանջատեր չենք կարող լինել. մեր հարազատների գերեզմանները, մեր պատմական հուշարձանները ումի՞ց կարող ենք պահանջել, եթե ինքներս հրաժարվենք այդ ամենից»:

Քաղաքացիություն ստացածների մեծ մասն էլ նշում է, որ դա արել է ստիպված՝ աշխատանքի ընդունվելու համար, քանի որ հատկապես պետական հիմնարկներում աշխատելու համար քաղաքացիությունը պարտադիր պայման է: Անուշ Խաչատրյանն այդ մարդկանցից մեկն է: Իր զինծառայությունը տեղահանությունից հետո ՀՀ-ում շարունակելու համար ստիպված է եղել քաղաքացիության համար դիմել, թեև խոստովանում է, որ հակառակ դեպքում չէր շտապի, քանի որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչու են իրեն զրկել ՀՀ քաղաքացիությունից, եթե հետո նորից պիտի ստիպեին ստանալ:

Հարցվածների 13%-ի մեջ մտնող Գոհար Խաչատրյանը տարեվերջին է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ բնակապահովման ծրագրով իրենց ընտանիքի հերթը մոտենում է 2026 թվականին:

Բնակապահովման ծրագրից օգտվելու հնարավորությունը, որքան էլ գրավիչ թվա, մինևնույն է՝ զորակոչային տարիքի տղաներ ունեցող շատ ընտանիքների համար բավարար մոտիվացիա չէ: Սակայն 13%-ը շատ ցածր ցուցանիշ է նույնիսկ այսպիսի ընտանիքների հանգամանքը հաշվի առնելով: Պատճառը բնակարանային ծրագրի ձախողումն է: Պայմաններն այնպիսին են, որ շատ քիչ ընտանիքներ հնարավորություն ունեն ծրագրի միջոցով տուն կամ բնակարան ձեռք բերելու համար: Սակայն, կարծում ենք, ծրագրում ռեալ բարեփոխումներ արվելու պարագայում այս ցուցանիշը կբարձրանա:

ՀՀ միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6724 անձ ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել, որոնցից 5510-ը ստացել են քաղաքացիություն: Ավելի քան 100 հազար բռնատեղահանվածների պարագայում սա, իսկապես, շատ աննշան թիվ է, ու այն ավելի փոքր կլիներ, եթե քաղաքացիական ծառայության, հանրային պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև ուժային կառույցներում ծառայության անցնելու համար քաղաքացիության պարտադիրության հանգամանքը բացակայեր:

Ներկայացված թվերը շատ խոսուն են և, դրանք համադրելով հարցման արդյունքներին, կարող ենք փաստել, որ արցախցիներն առայժմ չեն շտապում դառնալ ՀՀ քաղաքացի:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ