Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է <<Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ>> խորագրով համաժողովը:
Համաժողովի նպատակն է միևնույն հարթակում երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման խնդրների շուրջ, որի արդյունքում առաջարկների զեկույց է կազմվելու:
Ըստ ՀԲԸՄ <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանի՝ համաժողովի ավարտին կազմված առաջարկություների զեկույցն ուղարկվելու է բոլոր պատկան մարմիններին, դոնոր կազմակերպութուններին, որպեսզի հետագա ծրագրերում նկատի ունենան:
Նրա խոսքով՝ <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի տարեսկզբից, ավարտվել 2025 թվականին: Հիմնական խնդիրը զբաղվածության, ուսուցման, վերապատրաստման, հմտությունների զարգացման տեղափոխված բիզնեսներին աջակցությունն էր:
<<Տարվա ընթացքում աշխատել ենք 1000-ից ավելի արցախցիների հետ: Ընթացքում նոր մեթոդաբանություն մշակեցինք՝ հաշվի առնելով, որ այնտեղի աշխատաշուկայում տղամարդիկ մեծամասամբ ներգրավված էին պաշտպանության բանակում կամ հիմնական աշխատուժը եղել է պետական համակարգում, մանկավարժներ, տարբեր ոլորտի մասնագետներ, անհրաժեշտ էր իրենց կարիքների գնահատում, որպեսզի Հայաստանի աշխատաշուկայում կարողանանք նրանց աշխատանք առաջարկել>>,- հավելել է նա:
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ դասընթացներն ունեցել են 845 մասնակից, վերջին տվյալներով 320-ը աշխատանք ունի:
Ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության կողմից: Այժմ մտածում են կայուն զարգացման հնարավորությունների մասին:
Կարինե Բախշիյան