SEPA-ում նշված է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվեր այդ թվում ինքնորոշման իրավունքի վրա

  • 17:27 25.02.2025

«SEPA-ում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվեր երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր, իսկ մյուսը՝ ուժի չկիրառումը կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Ես ակնկալում եմ, որ աշխարհը, միջազգային հանրությունը տեր կկանգնի Մինսկի խմբի համանախագահների հինգ հայտարարություններին եւ շատ ու շատ այլ փաստաթղթերի։ Նման կերպ խնդիրների լուծումը չպիտի դառնա նորմալ, եւ ես համարում եմ, որ եթե աշխարհի որեւէ կետում առաջնորդները նշում են, որ պարտադրված խաղաղությունն անընդունելի լուծում է, ես հույս ունեմ, որ նույն տրամաբանությունը կկիրառվի նաեւ իմ երկրի պարագայում»,- այսօր Երեւանում անցկացվող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ մի քանի անգամ առնչվել է ադրբեջանցի պատգամավորների հետ, նրանց ախորժակը գնալով մեծանում է։ «Մի անգամ, երբ ես խոսում էի հիմնարար իրավունքների՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի եւ այլ իրավունքների մասին, ադրբեջանցի պատգամավորն ինձ պատասխանեց՝ դու մոռանում ես, որ դու պարտված կողմ ես, ինչ ուզենք, այդ էլ կստորագրենք։ Մեկ այլ անգամ միջազգային մի հանդիպման ժամանակ մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր ասաց՝ մենք ձեր գերիներին երբեք էլ հետ չենք տալու, իրենց օգտագործելու ենք բանակցային առեւտրի համար։ Այ դա է ադրբեջանցիների մոտեցումը։ Եվ ՀՀ այսօրվա կառավարիչներն արել են շատ ավելի շատ, քան բարի կամքի դրսեւերումն է, սա արդեն Ադրբեջանի պահանջների կատարում է։ Նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը տրամաբանության դաշտ չի գալիս, անհնար է հասկանալ՝ իր վերջնական կարմիր գիծը որն է լինելու։ Հենց այդ պատճառով ենք ասում՝ խիստ կարեւոր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում լինի միջնորդի ու երաշխավորի ինստիտուտ, առանց դրա հնարավոր չէ»,- հայտարարեց Մամիջանյանը։