Արզումանյան եղբայրները զոհվեցին նույն օրը՝ 1992-ի փետրվարի 26-ին

  • 10:43 26.02.2025

Արցախյան գոյամարտի տարիներին բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի։ Նվիրյալներ, որոնց կատարած սխրագործությունների մասին պատմում են ականատեսները և նրանց օրինակով շարունակում են սերունդներ դաստիարակվել։

Յաշա և Միքայել Արզումանյաններ: Հերոս եղբայրներ, որոնց կյանքն Արցախյան շարժման առաջին իսկ օրերից դարձել էր պայքար։ Պայքար գաղափարի, ազատության ու անկախ երկրի:

Յաշան աշխատում էր շրջանային ֆինբաժնում, իսկ Միքայելը Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտի վերջին կուրսի ուսանող էր։ Հանձնելով ավարտական քննությունները՝ նա չսպասեց բարձրագույն կրթության դիպլոմը ստանալուն և վերադարձավ Արցախ՝ անմիջապես անդամագրվելով շարժմանը։ Իսկ այդ ժամանակ Յաշայի մեկ սենյականոց բնակարանն ընդհատակյա հավաքատեղի էր դարձել:

1992-ի փետրվարի 26-ը արյունալի իրադարձությունների մասին է պատմում Յաշայի կինը՝ տիկին Լաուրան եղբայրները <<Լաչին ղույ>> կոչվող տարածքում տեղակայված 2-րդ պահակակետում էին

-1992-ի փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկում են Խոջալուի ազատագրման գործողությունը։ Խոջալուի խաղաղ բնակչության համար հայկական կողմը մարդասիրական միջանցք էր ապահովել։ Ասկերանի վաշտի տղաների առաջ խնդիր էր դրված Աղդամի և Խոջալուի ուղղությամբ ամուր պահել մեր դիրքերը և ապահովել բնակչության խաղաղ ճանապարհը։ Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը սկսվում է Խոջալուի ռազմագործողությունը։ Այդ ընթացքում Աղդամից ամբոխ է դուրս գալիս՝ իբր դիմավորելու խաղաղ բնակչությանը, սակայն նրանք զինված էին և հասնելով <<Լաչին ղույ>> կոչվող տարածքը, որտեղ մեր տղաների պահակակետն էր, կրակ են բացում մեր դիրքերի վրա։

Սկսվում են ուժեղ ընդհարումներ։ Ուժերն անհավասար էին։ Միքայելը վիրավորվում է ոտքից։ Յաշան, մտածելով, որ վիրավոր եղբորն ընկերները դուրս կհանեն, առաջ է գնում և շարունակում դիմադրել։ Հետագայում ողջ մնացած տղաները պատմում են, որ թշնամու ուժերը մեծաքանակ էին։ Յաշան կռվում էր մինչև վերջին փամփուշտը և մնում թշնամու հետ դեմառդեմ։ Պահանջում են՝ զենքը ցած դնել։ Յաշան զենքը դնում է գետնին, սակայն թշնամին չգիտեր, որ նրա մյուս ձեռքում նռնակ կար։ Զենքը վայր դնելու պահին Յաշան շպրտում է նռնակը։ Կատաղած թշնամին սպանում է քաջասիրտ հային և չբավարարվելով դրանով՝ հոշոտում ու անճանաչելի դարձնում մարմինը:

Զոհված տղաների մարմինները հաջողվում է ստանալ մի քանի օր հետո: Մեր աղջիկը՝ Մարինեն, շատ փոքր էր, իսկ Միքայելի դուստրը՝ Նորան, ծնվեց հոր զոհվելուց հետո:

Արցախյան պատերազմի մասնակից, բուժակ Արմեն Գասպարյանը չի կարողանում մոռանալ  

-Այդ սարսափելի օրերից տարիներ են անցել, սակայն երբ հիշում եմ տղաների խոշտանգված մարմինները, սահմռկում եմ։ Փետրվարի 29-ին կատարվեց Արզումանյան եղբայրների ու նրանց հետ զոհված Սամվել Ապրեսյանի դիակների փոխանակումը։ Խոշտանգված ու բոլորովին անճանաչելի էին Յաշայի և Սամվելի մարմինները։ 23 տարեկան էի ընդամենը և այդ տեսարանը երբեք չեմ կարող մոռանալ։ Թաթուլ Շեկյանի գլխավարությամբ փորձում էինք տղաների մարմինները նախապատրաստել հողին հանձնելու համար։ Փետրվարի 26-ին նույն տարածքում, բայց մի քիչ հեռու զոհվեց նաև Սամվել Ավագիմյանը։ Այդ օրն Ասկերանը 4 զոհ ունեցավ, իսկ Գրիգորի Հայրիյանը ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվեց Երևան ու մահացավ այնտեղ։ Դաժան օր էր․ տարբեր բնակավայրերից զոհեր ու վիրավորներ ևս ունեցանք։

Տիկին Լաուրան ցավ է ապրում, որ տղաների արյամբ պատված հողը չեն կարողացել պահել, նրանց անձնազոհությամբ կերտված Արցախը մնացել է թշնամու տիրապետության տակ

 – Աշխատել եմ տարբեր պետական հիմնարկներում։ Վերջին ժամանակահատվածում ձեռներեցությամբ էի զբաղվում և աշխատում էի միշտ օրինապահ լինել ու կատարել պետության հանդեպ իմ հարկային պարտավորությունները։ Մտածում էի՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինել երկրիս հզորացմանը, որի համար արյուն է թափվել։ Ի՞նչ իմանայի։

Արցախյան առաջին պատերազմից հետո մենք տեսանք ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներ։ Կարողացանք անցնել այդ արհավիրքների միջով՝ փորձելով վերստին պայքարել մեր հողում ապրելու համար։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ արցախահայության համար։ Արդեն իսկ որոշված էր մեր ճակատագիրը։ Արցախը պետք էր հայաթափվեր։ Կրկին կորուստներ, կրկին ողբ ու ցավ․․․ Խոնարհվում եմ բոլորի հիշատակի առաջ։

Պատրաստվեցինք տեղահանման ու դատարկված հոգով դուրս եկանք մեր հայրենիքից։ Սեպտեմբերի 25-ի պայթյունը, որի ժամանակ զոհվեցին նաև քրոջս երկու տղաները, լրիվությամբ կեղեքեց մեր սրտերը։ Ճիշտ են ասում՝ ախր դարդ կա, որ դարման չունի։

Արցախյան առաջին պատերազմում նահահատակված հերոսի այրին շարունակում է պայքարել հանուն կյանքի, հանուն մինուճար դստեր ընտանիքի։ Դաժան ցավը սրտում, հարազատների շիրիմների կարոտը հոգում՝ նա չի վհատվում սրտի թրթիռով սպասում է, որ մի օր կհայտարարվի Արցախ վերադառնալու բարի լուրը։ Այնժամ նա կկարողանա տղաների շիրիմներին այցի գնալ ու բոլորի փոխարեն ներողություն խնդրել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f