«Այն ինչ լսում ենք միակողմանի զիջումների, Ցեղասպանության իրողության վրա հարցական նշան դնելու մասին, մտահոգիչ են։ Այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում՝ վարչախմբի կողմից պարտադրված, մեզ համար մերժելի է։ Մենք տեսնում ենք, թե ինչ օրակարգ է թելադրվում Հայաստանին դրսից, եւ այդ օրակարգն իր հայախոս մունետիկներն ունի, որոնք պաշտոնական խողովակներով ժողովրդին ասում են՝ այդպիսի օրակարգի ու պատվերի թելադրմամբ՝ մենք ձեզ կբերենք «խաղաղության» ինչ-որ շրջան»,- այսօր լրագրողներին ասաց Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը։
Նա նշեց, որ Սփյուռքը աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի հարցով։ «Սփյուռքի անելիքն ընթացքի մեջ է, ամեն անգամ, երբ հանդիպում ենք պաշտոնյաների հետ, գոնե Կանադայի պարագայում այդպես է, անպայման մեր ցուցակում այդ հարցը կա։ Բայց խնդիրն այն է, որ մեզ միշտ պատասխանում են՝ լավ, դուք բարձրաձայնում եք, բայց Հայաստանից ձայն չկա։ Մենք ուղղակիորեն ասում ենք իրենց՝ ի՞նչ կարեւոր է, մենք՝ իբրեւ հայ մարդ, հստակորեն ձեզ խնդրանք ունենք։ Մենք իրենց ասում ենք, որ դատական շոուն, որը սարքել է Ադրբեջանը, հստակ դեմ է Կանադայի արժեքներին։ Ինչքան կարելի է, բարձրագույն մարմիններում այդ հարցերը բարձրաձայնում ենք։ Բայց եթե Հայաստանից այսօր այդ պահանջը պետական մակարդակով չկա, ցավոք սրտի, դանդաղ է ընթացքը։ Այսինք՝ շատ ճամփա չի կտրի այդ հարցը, եթե Հայաստանն ինքը պահանջատեր չդառնա»,- ասաց նա։
Կանադայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Սեւակ Բելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կանադայի հայ համայնք այսօր քաղաքական իմաստով շատ ակտիվ է։ «Մենք շատ լուրջ շփումների մեջ ենք Կանադայի պետական ներկայացուցիչների հետ՝ մեր բոլոր քաղաքական առաջնահերթությունները ներկայացնելու, բայց միեւնույն ժամանակ հստակ պատգամ ուղղելու իրենց, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն ներկայացնում հայկական Սփյուռքը։ Ես կարող եմ վստահությամբ հաստատել, որ հակառակ իրենց բոլոր փորձերին, ներկա վարչախումբը Կանադայի հայ համայնքը չի կարողացել պառակտել։ Եվ մեծ հաշվով հայ համայնքը շարունակում է համախմբված մնալ»,- ասաց Սեւակ Բելյանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: