«Մենք առաջ ենք տանելու արցախցիների հավաքական վերադարձի հարցը, դրա համար բոլոր հիմքերը կան՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի վճիռներից։ Դրանք բոլորը հիմք են ստեղծում արցախահայերի վերադարձի հարցը լուծելու համար, բայց չի կարելի պատկերացնել վերադարձ պարզապես այն պայմաններում, որը հիմա այնտեղ կա։ Դրա համար պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ, եւ այդ երաշխիքների ծավալը նույնպես միջազգայնորեն հնարավոր է ամրագրել»,- այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովում արցախցիների իրավունքների հարցն առանցքային հարցերից է։
«Մենք կարծում ենք, որ հավաքական վերադարձի համար արցախահայերին պետք է տրամադրվի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի իրենց վերադարձը չլինի նույն սպառնալիքների ներքո, որից այս հայաթափումը սկսեց։ Միջազգային ճնշում պետք է բանեցվի Ադրբեջանի վրա, այլ կերպ դա լուծել հնարավոր չէ, միջազգային հանրության ամբողջ աջակցությունն է դրա համար անհրաժեշտ։ Բայց դա նշանակում է ամենօրյա աշխատանք։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ դիվանագիտություն ունի երեք մակարդակ, կա պաշտոնական մակարդակ, խորհրդարանական եւ ժողովրդական մակարդակ։ Հիմա այն, ինչ մենք կարող ենք անել, ժողովրդական մակարդակն է, որը Հայ դատի գրասենյակներով իրականացվում է։ Բայց պաշտոնական Երեւանը բոլորովին այլ ծրագիր է իրականացնում՝ ամբողջությամբ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, այստեղ է մեր հիմնական դժվարությունը»,- ասաց նա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: