Արցախյան ամենախոշոր ընկերությունների՝ Հայաստանում գրավադրված գույքը հետ կվերցվի չմարված վարկերի դիմաց

  • 22:41 26.02.2025
 Լեռնային Ղարաբաղից այն ընկերությունները, որոնք չմարված վարկեր ունեն, կզրկվեն Հայաստանում գրավադրված գույքից։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները, որոնք առաջարկել է ՀՀ Կենտրոնական բանկը, հավանության են արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և ներկայացվել են լիագումար նիստի:
Նախագիծը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ ընկերությունը գրանցված է եղել Արցախում, սակայն բանկից վարկ վերցնելով՝ գրավ է թողել Հայաստանում գտնվող գույքը: Այն ընկերություններին, որոնց գրավը նույնպես Արցախում է եղել, ոչ մի պահանջ չեն պատրաստվում ներկայացնել։
Ելույթ ունենալով հանձնաժողովում՝ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղից ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակ էին ստացել Հայաստանում վերագրանցվելու համար: Ընկերությունների մի մասը չի օգտվել այդ հնարավորությունից։ Նման ձեռնարկությունների թվում են 30-40 ընկերություններ, որոնք չմարված վարկեր և գրավադրված գույք ունեն Հայաստանում։ Ընդ որում, բանկերն ու Ֆինանսների նախարարությունը, որը գնել է այդ վարկերը պահանջելու իրավունքը, չեն կարող բռնագանձել գրավը, քանի որ իրավաբանորեն այդ ընկերությունները Հայաստանի իրավական դաշտում գոյություն չունեն։
Այս իրավական բացը ծածկելու համար ԿԲ-ն առաջարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարել, ըստ որի ընկերությունների և դրանց մասնակիցների պարտքային պարտավորությունները չեն դադարեցվում, եթե բանկի հետ համաձայնությամբ պարտքը չի մարվել:
Ընդհանուր առմամբ, խոսքը 30-40 ընկերությունների և 27 մլրդ դրամ (մոտ 68 մլն դոլար) ընդհանուր գումարի գրավի մասին է։ Միջին հաշվով մեկ ընկերությանը բաժին է ընկնում ավելի քան 1 մլն դոլար, ինչը, Նուրբեկյանի խոսքով, վկայում է, որ խոսքը հիմնականում խոշոր ձեռնարկությունների մասին է։
Հիշեցնենք, որ ԼՂ սուբյեկտների (կառավարության և պետական հիմնադրամների, ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց) ընդհանուր վարկային պարտքերը գնահատվել են 315 մլրդ դրամ (790 մլն դոլարից մի փոքր ավելի): Հաշվի առնելով, որ վարկառուներից շատերը չէին կարողանում սպասարկել իրենց պարտքերը, Հայաստանի բանկային համակարգը կարող էր մեծ ռիսկերի բախվել։
Ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար կառավարությունն իր վրա է վերցրել պարտքերի 70%-ը, իսկ բանկերը համաձայնեցին դուրս գրել մնացած 30%-ը: Սակայն այդ 70%-ը չի ներվել, այլ պահպանել է պարտքային պարտավորությունների կարգավիճակը։ Վարկերի մի մասը, որոնք կասկած չէին հարուցում, չեղարկվել են, իսկ ավելի խնդրահարույց փոխառությունները շարունակում են ուսումնասիրվել։