Էթնիկ զտումն ուղեկցվել է արցախահայության դեմ դաժան հանցագործություններով

  • 16:43 27.02.2025

«2020 թվականին քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, որի ընթացքում Արցախի եւ Արցախի բնակչության համար ստեղծվեցին գոյաբանական լուրջ խնդիրներ»,- այսօր «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ եւ հնարավորություններ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահ Գոռ Պողոսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի եւ պատերազմի վարման նորմերին։ Խոսքն ինչպես քաղաքացիական բնակչության թիրախավորման, արգելված զինատեսակների կիրառման, ռազմագերիների եւ զոհվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային խոտանգումների մասին է, այնպես էլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման։

Ըստ Գոռ Պողոսյանի՝ Արցախի հայաթափումը տասնամյակներ շարունակ եղել է ադրբեջանական իշխանությունների գերնպատակը։ Ուստի, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը նպատակ էր հետապնդում արցախցիներին ահաբեկել, էթնիկ զտումների ենթարկել եւ իրենց սեփական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքից զրկել։ Նա հավելեց, որ Արցախի հայաթափման վաղեմի ծրագրի մասին են վկայում պատմական իրադարձությունները, մասնավորապես, 1918-1920 թվականներին Արցախը ենթարկեցնելու Ադրեբջանի անդադար ջանքերը, որոնք մշտապես ուղեկցվել են հայության հոծ զանգվածների ջարդերով, կոտորածներով ու թալանով։ Ասվածի վառ վկայությունն է 1920 թվականին Շուշիի հայության կոտորածը։ Այս պատմական իրադարձությունները սերտորեն կապված են ներկայիս քաղաքական իրավիճակի հետ։ Ադրբեջանը տառապում է հայատյացության ամենասուր ախտանիշով, որն անպատժելիության պայմաններում հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների անընդհատ կրկնությանը։

«44-օրյա պատերազմն ամենեւին էլ վերջ չդրեց Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին։ Այս ամենը չարժանացավ միջազգային հանրության եւ կառույցների համապատասխան արձագանքին ու հանգեցրեց հումանիտար սարսափելի աղետի։ Ադրբեջանը փակեց արցախահայության համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։ Շրջափակումը խաթարեց արցախահայության կենսագործունեությունը եւ վտանգանեց մեր կյանքի անվտանգությունը։ Միջազգային հանրության հռչակագրային բնույթ կրող խոսքերը, առանց գործնական քայլերի, բնավ չկանգնեցրին Ադրբեջանին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնված ԼՂ բնաչության վրա, որին հաջորդեց արցախահայերի էթնիկ զտումը։ Արցախի էթնիկ զտումն ուղեկցվել է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների խախտումներով, արցախահայության դեմ դաժան հանցագործություններով։ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ձեռնամուխ եղավ հանցագործությունների, որոնք ներառում էին ապօրիի ձերբակալություններ, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ խաղաղ բնակչության շրջանում, ահաբեկելով ու բռնության ենթարկելով նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին։ Այս իրադարձությունների բերումով գոյաբանական խնդրի առաջ կանգնած արցախահայությունը ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։ Փաստորեն, Ադրբեջանի դաժան գործողությունները ոչ միայն նպատակ էին հետապնդում հասնելու տարածքային հաջողությունների, այլ ակնհայտ կերպով հետանդում էին հայի ինքնության վերացման նպատակներ։ Այս ամենը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է, որը տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ»,- նշեց Պողոսյանը։

Նա շեշտեց, որ Ադրբեջանն այսօր էլ չի դադարեցնում հայերի ինքնության ու պատմական վկայության ոչնչացումը։ Բաքուն շարունակում է իրականացնել հայկական մշակութային ժառանգության սպանդ՝ հետեւելով իր որդեգրած մշակութասպան քաղաքականությանը։ Արցախի հայկական կրոնական ու մշակութային հուշակոթողներից շատերը ոչնչացվել, պղծվել ու այլախեղվել են, իսկ մյուսը մասը շարունակում են գտնվել լիակատար ոչնչացման վտանգի տակ։ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակարգրի, Ժնեւի կոնվենցիայի եւ դրա լրացուցիչ արձանագրությունների, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ մի շարք այլ կոնվենցիաների հիմնարար դրույթները։

«Մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները, ցավոք, այսօր չեն ստացել համապատասխան պատիժ, ինչի ուշացման պարագայում ծնվելու են այլ հանցանքներ։ Այսօր խախտված են արցախահայերի հիմնարար իրավունքները, մասնավորապես, մեր հայրեիքի վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը, որի շուրջ միջազգային հանրությունը պարտավոր է հստակ դիրքորեոշում հայտնել եւ գործուն քայլեր ձեռնարկել։ Անհրաժեշտ են հստակ միջազգային մեխանիզմներ, որոնք կապահովեն արցախահերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հազարամյան հայրենիք»,- նշեց Գոռ Պողոսյանը։

Նա հավելեց, որ արցախցիների միասնական ընդհանուր գաղափարն է՝ վերադարձ իր պատմական հայրենիք։ «Մեր միության առջեւ դրված գերնպատակը համարում ենք արցախահայերի՝ միջազգային ամուր երաշխիքներով ապահովված անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ու բնական կենսագործունեությունը հազարմյա հայրենիքում։ Եվ մեր ուժերը կենտրոնացնում ենք մեր նպատակները միջազգային բոլոր կարող դերակատարներին տեղ հասցնելու, Արցախի խնդիրը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան