Հինգշաբթի օրը BBC-ի թղթակից Քրիս Մեյսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի ներկայությամբ Դոնալդ Թրամփին հարցրեց, թե արդյո՞ք նախագահ Թրամփը դեռևս Զելենսկիին բռնապետ է համարում:
«Ե՞ս էի դա ասել։ Չեմ հավատում, որ ես դա կարող էի ասել», – պատասխանել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը իր սեփական «Truth Social» սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որում Ուկրաինայի նախագահին անվանել էր «բռնապետ առանց ընտրությունների»։ Այն բանից հետո, երբ Զելենսկին համաձայնեց մետաղների գործարքին և ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ, Թրամփը փոխեց կարծիքը:
Զելենսկին ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ այսօր պայմանագիր կստորագրվի Ուկրաինայի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղների պաշարները ԱՄՆ-ին փոխանցելու մասին։ Պուտինն առաջարկել է Թրամփի հետ նույնանման համաձայնագիր ստորագրել ռուսական տարածքների, այդ թվում՝ Դոնբասի մետաղների վերաբերյալ։
Վերլուծաբաններն ասում են, որ Թրամփին անհրաժեշտ է կես տրիլիոն դոլար արժողությամբ մետաղների գործարքը, որպեսզի ամերիկացի ժողովրդին բացատրի Պուտինի հետ իր հանցավոր գործարքը և Ուկրաինայի մասնատումը: Մարդիկ հասկանում են միայն «փողի լեզուն», և եթե ամերիկացիներին ասեն, որ պատերազմի համար իրենց փողերը իզուր չեն վատնվել, նրանք «կմարսեն» Թրամփի գործարքը Պուտինի հետ և Ուկրաինայի մասնատումը՝ որպես «կայսրությունների» բաժանման մաս։