Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ դիմում են միջազգային հանրությանը՝ ահազանգելով, որ Արցախից հայկական հետքերը ջնջվում են, ոչնչացվում են Արցախի պատմամշակութային արժեքները, հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է։ «Բաքվում են օրինական ճանապարհով ինքնորոշված Արցախի օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը, իր ինքնապաշտպանությունը կազմակերպած մեր գերիները։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր շարունակական ցեղասպան քաղաքականությամբ շարունակում է ճնշումները հայ ժողովրդի եւ ամբողջ Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։
Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե «արցախցիները չեն կռվել», Օհանյանն ասաց․ «Որպես զինվորական մասնագետ ասում եմ, որ 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ին ստորագրված կոնֆիգուրացիայով նախկինում Հայաստան-Արցախ ինտեգրված անվտանգային համակարգը խարխլվել էր։ Համատարած պաշտպանությունը վեր էր ածվել օջախային պաշտպանության, որտեղ դիրքերի միջեւ հեռավորությունը բավականին երկար էր։ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սանձազերծելով մարտական գործողություններ բոլոր դիրքերի նկատմամբ, որտեղ մեր զինծառայողները հերոսաբար կռվեցին, նաեւ քանակական մեծ առավելության արդյունքում կարողացավ դիրքերի արանքներով անցնել եւ ուղղակի մասնատել Արցախը։ Իսկ այդ մասնատված պայմաններում, որը նաեւ զուգորդվում էր 10-ամսյա շրջափակման հետեւանքներով, ինքնապաշտպանության հնարավորության մինիմալ պայմաններում Արցախի ժողովուրդը հնարավորություն չուներ իր ամբողջ ինքնապաշտպանությունն իրականացնել»։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու ուղղությամբ։ Բայց, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի խաղաղ բնակչության վրա, ՀՀ իշխանություններն ասացին, թե իբր «խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում» եւ դրանով քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։