Մետաքսե Հակոբյան․ հիմա նույն սցենարն է, ինչ տեղի ունեցավ սկսած 2019 թվականից Արցախի հետ

«Մենք 37 տարի առաջ վերածնունդ ապրեցինք եւ ի լուր աշխարհի մեր միասնականությունը ցուցադրեցինք։ 37 տարի հետո՝ հիմա առավել քան ունենք դրա կարիքը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունելու կարիք կա, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այսինքն՝ հաջորդ փուլն ենք մտնում Արցախից հետո, որտեղ հայտարարվում է, որ Հայաստանը՝ ի դեմս այս իշխանությունների, պատաստ է, որպեսզի թշնամին գա ու տիրանա»։

Ըստ նրա՝ նույն սցենարն է տեսնում, ինչ տեղի ունեցավ սկսած 2019 թվականից Արցախի հետ։ «Սա ամենալուրջ հայտարարությունն էր, որն Արցախի հայաթափումից հետո արվեց այս անձի կողմից։ Նա համարեց, որ Արցախի հարցը փակվեց, հերթը Հայաստանի հարցի փակմանն է»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

«Արցախահայությունը, ինչպես 1980-ականներին, այնպես էլ այսօր լի է վճռականությամբ»

Այսօր նշվում է Արցախյան շարժման 37 ամյակը։ Արցախի Հանրապետության եւ ՀՀ Ազգային ժողովների պատգամավորներն այսօր առավոտյան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ օրվա ընթացքում միջոցառումներ են անցկացվելու։

Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը լրագրողների հետ զրույցում ասաց․ «1988-ի փետրվարի 20-ը խորհրդանշական է ոչ միայն արցախահայության, այլ ամբողջ հայ ազգի համար, քանզի դարեր անց՝ 20-րդ դարում հայը վերջապես հստակ, վճռականորեն եւ իրավական տեսանկյունից անթերի աշխարհին ներկայացրեց իր իրավունքը՝ ապրել իր պատմական հայրենիքում՝ անկախ, արժանապատիվ։ Եվ այդ իրավունքն իրագործվեց ՀՀ ստեղծմամբ եւ 1988-ի շարժման արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմամբ։ Ցավոք, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է, սակայն արցախահայությունը, ինչպես 1980-ականներին, այնպես էլ այսօր լի է վճռականությամբ՝ եւս մեկ անգամ, հուսով եմ՝ արդեն վերջնականապես հայացնել Արցախը»։

Հարցին, թե ի՞նչ հնարավորություն են տեսնում հավաքական վերադարձի համար, Բաղունցը պատասխանեց, որ վերադրաձը պետք է լինի համաձայն բոլոր միջազգային նորմերի, մեր պատմական անցյալի ու պատմական իրավունքի։

Գագիկ Բաղունցն անդրադարձավ նաեւ արցախցիների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։ «Արցախցու կռվելու, հայ քաջորդինեի կռվելու ապացույցն այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան մեր հերոս քաջորդիների տասնյակ, հարյուրավոր շիրիմներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Արցախի։ Ղարաբաղում եղբայրական գերեզմանոցները նույնպես վկայում են, որ արցախցին ու ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար եւ փորձել անել ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հայկական։ Բայց այս կամ այն հանգամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ՝ ժամանակավոր է»,- ասաց նա։

Վաշինգտոնը «դուրս մղեց» Եվրոպային Ուկրաինայի մասին բանակցություններից

DW

Վաշինգտոնը եվրոպացիներին չի տեսնում որպես Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ տալու բանակցությունների անմիջական մասնակից, շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Միաժամանակ Քելլոգը վստահեցրել է, որ հաշվի կառնվեն եվրոպական շահերը։

Ամերիկացի գեներալի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ կլինեն «ուկրաինացիներ, ռուսներ եւ, իհարկե, ամերիկացիներ», հաղորդում է Associated Press-ը։

Թրամփի հատուկ ներկայացուցիչն այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել կարգավորման Մինսկի ձևաչափի խնդիրներից, երբ բանակցություններում ներգրավված են եղել չափազանց շատ մասնակիցներ, որոնք իրական ազդեցություն չեն ունեցել խաղաղ գործընթացի վրա։ «Մենք չենք պատրաստվում գնալ այդ ճանապարհով», – ասաց Քելլոգը:

Միևնույն ժամանակ, Քիթ Քելլոգը նշել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը», և «եվրոպական դաշինքը վճռորոշ դեր է խաղալու դրանում»։

Ի պատասխան Կելլոգի խոսքերի՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդն ասել է, որ եվրոպացի ներկայացուցիչները պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե նրանցից ակնկալվում է զորքեր ուղարկել Ուկրաինա, գրում է РБК-Украина հրատարակությունը։

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրիլօղլուն չեն հիշատակել Մինսկի խումբը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։  Հայտնում են կառավարութան մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։

44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները

44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Հայտնում են Սիսիանի համայնքապետարանից:

Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։

Ո՞ւմ է պատկանում աբխազական հողը և ո՞վ է այժմ Արցախի “տերը”

Այսօր Աբխազիայում արտահերթ ընտրություններ են, որոնք նշանակվել են այն բանից հետո, երբ աբխազ հասարակությունը թույլ չի տվել խորհրդարանին վավերացնել Մոսկվայի հետ պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանը ցանկանում էր ներդրումների դիմաց սեփականության իրավունք ստանալ աբխազական անշարժ գույքի նկատմամբ։

Ավելի քան 30 տարի, չնայած Մոսկվայի օգնությանը և նույնիսկ անկախության ճանաչմանը, աբխազական հասարակությունը չի ցանկանում հրաժարվել հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքից: Այս հարցի պատճառով Աբխազիայում իշխանությունը մի քանի անգամ փոխվեց, եղան հեղափոխություններ, ազգային հավաքներ։

Չնայած այն ինստիտուցիոնալորեն գրանցված չէ, սակայն Աբխազիայում պահպանվում է բնակչության ավանդական տոհմային կառուցվածքը, ինչը արտահայտվում է նաև հողի սեփականության կառուցվածքի վրա։ Նույնիսկ եթե հողը պաշտոնապես գրանցված է որպես պետական ​​կամ մասնավոր սեփականություն, այն ավանդաբար համարվում է այս կամ այն տոհմի կամ ամբողջ աբխազ ժողովրդի սեփականությունը: Փաստորեն, ինչպես եւ Արցախում, որտեղ յուրաքանչյուր համայնք գիտեր իր հողերի սահմանները, իսկ հողատարածքները պահպանում էին նախկին սեփականատերերի տոհմային ազգանունները։

Հարցին, թե ինչպես կարելի է համադրել Աբխազիա ռուսական մեծ գումարների ներհոսքը՝ օտարերկրացիներին հող որպես սեփականություն տալու դժկամության հետ, Աբխազիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ հստակ պատասխաններ չկային: Այս մասին գրում են արեւմտյան վերլուծաբանները։

«Արդեն 16 տարի է, ինչ Ռուսաստանը ֆինանսավորում է այս տարածաշրջանը, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչպես պետք է Աբխազիան հետագայում զարգանա, ասում է Կովկասի անվտանգության հարցերով հետազոտող Օլեսյա Վարդանյանը։ — Իսկ զարգանալու համար պետք է ինչ-որ կերպ բացվել և, իհարկե, բացվել այս ներդրումների համար։ Ադգուր Արձինբան հիմա բավականին երկար կարգախոսներով մարդկանց ասում է, որ ինչ-որ կերպ համաձայնության կգա Մոսկվայի հետ։ Բայց հետո գալիս է Մոսկվան և ասում. «Գիտեք, մենք արդեն այսքան անգամ փորձել ենք ձեզ հետ խոսել և բանակցել։ Եվ մենք պարզապես չենք կարող սպասել ավելին»:

Այս համատեքստում Մոսկվան կարող է «պահանջել» անշարժ գույք, որը պատկանում է ոչ թե էթնիկ աբխազներին, այլ, ասենք, հայերին, որոնք ներկայումս կազմում են Աբխազիայի բնակչության գրեթե մեկ քառորդը։

Այս առումով կրկին ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Թուրքիան կարող է միանալ Ռուսաստանին որպես Աբխազիայի երկրորդ «հովանավոր»: Ի վերջո, հենց Թուրքիայում է ապրում միլիոնավոր աբխազական սփյուռքը։

Թուրքիան և Ռուսաստանը միասին կարող են «վտարել» հայերին և տիրանալ նրանց ունեցվածքին՝ ձեռք չտալով աբխազների «նախնյաց» հողերին։ Մոսկվան ու Անկարան վերջերս նույնն արեցին Արցախում։ Հիմա ո՞ւմ են պատկանում Ղարաբաղի հողերը։

Զելենսկին հրաժարվել է համաձայնագիր ստորագրել ուկրաինական հանքանյութերի նկատմամբ ԱՄՆ իրավունքների վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիր, որը ԱՄՆ-ին իրավունք կտա օգտագործել Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ը, հայտնում է The Washington Post-ի (WP) սյունակագիր Ջոշ Ռոգինը X սոցիալական ցանցում՝ վկայակոչելով ամերիկացի օրենսդիրներին։

«Մյունխենում գտնվող մի քանի օրենսդիրներ ինձ ասացին, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Զելենսկիին հանձնել է փաստաթուղթ, որը ԱՄՆ-ին իրավունք կտա Ուկրաինայի ապագա հանքային պաշարների 50%-ի նկատմամբ: Զելենսկին քաղաքավարի կերպով հրաժարվել է ստորագրել այն»,- գրել է լրագրողը։

Փետրվարի 14-ին Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ասել էր, որ «պատրաստ չէ ամբողջը ստորագրել», սակայն պատրաստ է քննարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։

Փետրվարի 3-ին Թրամփը առաջարկեց Ուկրաինային օգնություն ստանալ ԱՄՆ-ից՝ հազվագյուտ մետաղների դիմաց։ Ավելի ուշ հանրապետականը գործարքի արժեքը գնահատեց 500 միլիոն դոլար՝ ասելով, որ հազվագյուտ մետաղների և գազի հասանելիության դիմաց Վաշինգտոնը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտա ցանկացած հնարավոր խաղաղ կարգավորման հարցում:

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Հայաստանի Հանրապետության որոշ ավտոճանապարհներին առկա է մառախուղ և մերկասառույց, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Անիվների համար անհրաժեշտ է օգտագործել հակասողանքային շղթաներ։

Կոտայքի մարզում և Ապարանում (Արագածոտնի մարզ) ձյուն է տեղում։

Արագածի, Աշտարակի, Աշոցքի, Երևան-Սևան ավտոճանապարհներին, Գորայք-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշտարակի, Թալինի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա հատվածում առկա է մառախուղ։

Արցախի ԿԸՀ նախագահը ԱԺ խմբակություններին առաջարկել է թարմացնել կուսակցական ցուցակները

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Նա գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։

Հիշեցնենք, որ օրերս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, հիմք ընդունելով արտակարգ իրավիճակը, հրամանագիր է ստորագրել, անորոշ ժամանակով երկարաձգելով ներկայիս Ազգային ժողովի լիազորությունները։ 

Եթե մայիսին, ինչպես նախատեսված էր, նոր ընտրություններ չեն լինելու, կարիք կա խորհրդարանի կազմը թարմացնել և ավելի գործունյա դարձնել կուսակցական ցուցակների միջոցով։ Սիրան Ավետիսյանի առաջարկը սակայն դիտարվել է որպես Սամվել Բաբայանի նախաձեռնություն։

Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։

Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետեւ իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից` հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետեւաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին, գրում է Հրապարակը։

«Ֆրանսիական Լույս». ի՞նչ խնդիրների են Հայաստանում բախվում արցախցիները

Արցախից բռնի տեղահանված անձանց համար «Ֆրանսիական Լույս» ասոցիացիան մի շարք ծրագրեր է իրականացրել ու իրականացնում։ Ասոցիացիակի նախագահ, բժիշկ Լեւոն Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ խնդիրներ են արձանգարել, ի՞նչ խնդիրների են Հայաստանում բախվում արցախցիները եւ ի՞նչ պետք է անել։

«Ֆրանսիական Լույս» ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, այդ շրջանում վիրաբուժական ու բժշկական նյութեր էին ուղարկում Արցախ։ 2020-ի հոկտեմբերի 12-ին ֆրանսիացի բժիշկներից կազմված վիրաբուժական խումբ ձեւավորվեց, որը ժամանեց Հայաստան ու տեղակայվեց Գորիսում ու Ստեփանակերտում։

«Մեկ շաբաթ ինտենսիվ աշխատանք իրականացրեցինք, տեսանք, թե ինչպես էր կազմակերպված առողջապահական համակարգը պատերազմական իրավիճակում՝ իր բոլոր թերություններով ու հաջողություններով հանդերձ։ Հետեւություններ արեցինք, վերադարձանք Փարիզ, եւ դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարարությունը մեզ խնդրեց երկրորդ առաքելությունը կազմակերպել։ Եվ 2020 թվականին նոյեմբերի սկզբին երկրորդ անգամ եկանք Հայաստան։ Այդ պահից մինչ օրս իրականացվել է 40 առաքելություն»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Խաչատրյանը։

Սկզբանական փուլերում առաքելությունն աշխատանք էր իրականացնում Արցախում, մասնավորապես, առողջապահական ու կրթական համակարգերի հետ։ Որոշ դպրոցների նկուղներում հաջողվեց վիրակապարաններ ստեղծել, որպեսզի պատերազմի ժամանակ հնարավոր լիներ նկուղներում ընդունել վիրավորներին։ Եվ, Լեւոն Խաչատրյանի խոսքով, դա 2023 թվականի պատերազմի ժամանակ բավական օգուտ տվեց, օրինակ, Կարմիր շուկա գյուղում։

«2023 թվականի դեկտեմբերի հայտնի իրադարձությունների հետեւանքով Արցախի ազգաբնակչությունը բռնագաղթի ենթարկվեց։ Մենք առաջին եւ միակ ֆրանսիական կազմակերպությունն էինք, որ Վայքում տեղադրեցինք մեր վրանը եւ գաղթի օրերին երեք օր աշխատեցինք Արցախի տեղահանվածների հետ՝ սոցիալական, հոգեբանական եւ բժշկական աջակցություն ցուցաբերելով։ Հետո որոշեցինք Գյումրիում հիմնել բարեգործական ճաշարան, որտեղ տաք տնական սնունդ էր հատկացվում Արցախից բռնի տեղահանվածներին։

Հայ առաքելական եկեղեցու Շիիրակի թեմի հետ միասին մեզ հաջողվեց այդ ճաշարանը կյանքի կոչել, որը աշխատեց 4 ամիս, շահառուների թիվը 350 էր։ Զուգահեռ մենք իրենց ապահովում էինք հոգեբանների եւ սոցիալական տարբեր ծառայողների աջակցությամբ։

Դրան զուգահեռ 2023 թվականի վերջին Գյումրիում հիմնվեց «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի հոգեբանական եւ սոցիալական աջակցման կենտրոնը, որն այդ փուլում հիմնականում զբաղվում էր սոցիալական աջակցություն ցուցաբերելով ու դեղորայքի մատակարարմամբ։ Կենտրոնում սոցիալական աջակցության փուլն ավարտել ենք, եւ որոշեցինք ինտեգրման փուլ սկսել Արցախի ժողովրդի համար, ծրագրեր մշակեցինք։ Սկսեցինք բակային ճամբարներից, երկու անգամ կազմակերպեցինք բակային ճամբարներ, որտեղ հավաքվեցին ոչ միայն Արցախից բռնի տեղահանված երեխաները, այլ նաեւ գյումրեցի երեխաները։ Մենք հասկացանք, որ եթե օգնենք միայն արցախցիներին, Գյումրիում դա առաջացնելու էր սոցիալական լարվածություն։

Լեւոն Խաչատրյանը նշում է, որ ինտեգրման խնդիրները բացահայտել էին, երբ հոգեբաններն ու սոցիալական աշխատողներն իրավիճակի գնահատում էին իրականացրել։

«Օրինակ՝ ծնողներ կային Արցախից, որոնք ասում էին, որ իրենց երեխաներն Արցախում լավ առաջադիմություն ունեին, բայց Գյումրիում խնդիրներ ունեն։ Եվ մենք հասկացանք, որ դա ուղիղ կապված է ինտեգրման խնդիրների հետ։ Դպրոցական աջակցման դասընթացների ժամանակ մենք փորձում ենք նաեւ հայրենասիրության հիմնական դրույթներն ուսուցանել՝ հայրենիքի նկատմաբ պարտքի զգացողության, քաջ լինելու, հաղթանակի հույսը երբեք չկորցնելու գաղափարներն ենք փոխանցում երեխաներին»,- հավելեց նա։

Ասոցիացիայի ջանքերով Գյումրիում արցախցիների ու տեղացիների համար իրականացվում են նաեւ ֆրանսերեն լեզվի ուսուցման, խոհարարական դասընթանցներ, ձեւավորվել է ուսանողական ակումբ, եւ նպատակ կա առաջիկա 2-3 տարիների ընթացքում Գյումրում ուսանողական հանրակացարան ստեղծել։

Ի՞նչ կարիքներ ունեն բռնի տեղահանված արցախցիները

Լեւոն Խաչատրյանն ասում է․ «Առաջին մեծ խնդիրը, որը ես տեսնում եմ արցախցիների մոտ, ընդունված լինելու խնդիրն է։ Ես նրանց մոտ նկատում եմ ֆոբիաներ՝ վախեր, որովհետեւ հասարակությունը Հայաստանում նրանց չցուցաբերեց այն ջերմությունը, որը պետք էր։ Դա ցույց է տալիս, թե ինչքան պրիմիտիվ դատողություն ունենք մենք, երբ անընդհատ տարանջատումներ ենք անում՝ ըստ չակերտավոր «որակների»։ Որակ չկա, կա մեկ ազգ՝ հայ հասարակություն, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ այն սուբյեկտիվ վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանքով մոտեցումները, որը ես այս տարիների ընթացքում տեսա Արցախի ժողովրդի նկատմամբ, դա ամենահիմնական խնդիրն եմ համարում։

Սոցիալական ու առողջապահական համակարգերի հետ կապված խնդիրներ էլ կան։ Ես կարծում եմ, որ Արցախում առողջապահական համակարգն ավելի սոցիալական բնույթ ուներ, քան Հայաստանում։ Եվ հիմա իրենք այդ հսկայական տարբերությունը զգում են իրենց մաշկի վրա։ Եթե Արցախում իրենք կարող էին ավելի հեշտ ստանալ անվճար առողջապահական ծառայություններ, Հայաստանում դա հնարավոր չէ։ Իսկ սոցիալական խնդիրները կապված են աշխատավարձերի, գործազրկության հարցերի հետ։ Առանց այդ էլ, նախքան Արցախից բռնի տեղահանվելը, Հայաստանում աշխատաշուկայում բավական լարված մթնոլորտ էր։ Եվ աշխատանք գտնել ավելի քան 100 հազար արցախցիների համար, բարդ է։ Երեւանում իրավիճակն այլ է, բայց մարզերում շատ դժվար է աշխատանք գտնելը»։

«Եթե անգամ Արցախը հիմա կորցրել ենք, մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցիներին չկորցնենք»

Լեւոն Խաչատրյանը նկատում է, որ բռի տեղահանված արցախցիների ներուժը ճիշտ չի օգտագործվում Հայաստանում։ Ըստ նրա՝ պետությունն արցախցիների ներուժը պարտադիր պետք է օգտագործեր երկրի զարգացման գործում։ Ժամանակին, երբ սիրիահայերը տեղահանվեցին ու տեղափոխվեցին Հայաստան, նրանց շատ քիչ մասը մնաց այստեղ։

«Արցախցիների դեպքում մենք պետք է հասկանանք, որ եթե անգամ Արցախը հիմա կորցրել ենք, մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցիներին չկորցնենք։ Ինչպե՞ս կարող ենք արցախցիներին կորցնել, արդյոք այդ շռայլությունը մեզ թույլ տալու իրավունք ունե՞նք, ոչ։ Ես կարծում եմ՝ կազմակերպվածության խնդիրներ կան, տարբեր հայտարարություններ ենք լսում տարբեր ծրագրերի մասին։ Երբեմն լսում ենք, թե ինչպես է Եվրոպան օգնության գումարներ տալիս, բայց հողի վրա դրա արդյունքը չենք տեսնում։

Եվ Եվրոպան էլ առանձնապես մտահոգ չէ, որ եթե գումարը տվել է, իրականում ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը։ Ես վերջերս խոսում էի արցախցի մի ընտանիքի հետ, ասացին՝ բնակապահովման ծրագրով մեկ անձին 3-5 մլն դրամ են հատկացնում, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել, բայց ակնհայտ է, որ դա բավական կոշտ եւ ոչ ճկուն ծրագիր է, արցախցիների մեծ մասի համար անհասանելի։ Մյուս կողմից էլ շանտաժի տարր կա այդ ծրագրում, մարդկանց ասում են՝ դուք պետք է գնաք սահմանամերձ մարզերում ապրեք, որպեսզի մեծ գումար ստանաք։ Այս խնդիրները հին խնդիրներ են, տասնամյակներ շարունակ Հայաստանում գերբեւեռացում է եղել Երեւանում ու Երեւանի շրջակայքում, իսկ հեռավոր մարզերում՝ անապատացում։ Սա ցույց տվեց, թե ինչ խոցելի վիճակում ենք հայտնված նման կարգի սոցիալական իրադրությունների ժամանակ լուծումներ գտնելիս։

Ինչո՞վ է կարեւոր, որ արցախցին մնա Հայաստանում

«Նախ եւ առաջ զուտ Հայաստանի բնակչության թվաքանակի իմաստով է շատ կարեւոր, որ այս մարդիկ չարտագաղթեն եւ իրենց ներուժն, ու պոտեցիալն օգտագործվի հայրենիքի համար։ Երկրորդը՝ մենք չգիտենք, թե տարիներ հետո ինչպիսկ փոփոխություններ կլինեն՝ «խաղաղության խաչմերուկի» մենախոսությունից մինչեւ այլ, գուցե եւ ավելի լուրջ ու իրական խնդիրների արծարծում։ Եվ արցախցի բնակչության նեկայությունը Հայաստանում՝ իրենց լեզվի, մշակույթի, սովորույթների պահպանմամբ հանդերձ, դա միշտ վառ է պահելու այն ճրագը, որի հիման վրա մենք պետք է հույս ունենք հետագայի համար»,- ասաց Լեւոն Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Կառավարությունը «փետրվարից մայիս» ստիպելու է հայերին հավատալ «իրական Հայաստանին»․ միայն ուժով

«Փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածը պետք է դիտարկել որպես “Իրական Հայաստանի” գաղափարի համար աջակցություն առաջացնելու զրոյական կետ, և ես վստահ եմ, որ այդ աջակցությունը կստեղծվի։ Ես այս զրույցը կունենամ յուրաքանչյուր քաղաքացու հետ», այս մասին օրերս ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վաշինգտոն և Փարիզ կատարած նրա այցերից հետո պարզ է դարձել, որ ոչ միայն Հայաստանի հասարակության մեծ մասը, այլև Սփյուռքը կտրականապես դեմ է «իրական Հայաստանի» փաշինյանական տեսլականին։ Այդ «տեսլականը» եւ Հայաստանում, եւ Սփյուռքում իր անունով են կոչում․ հրաժարում Արցախից և Նախիջեւանից, Ցեղասպանության եւ միլիոնավոր հայերի ժառանգների իրավունքների ուրացում, Կարսի պայմանագրի ընդլայնված օրինականացում, Հայաստանը «խաչմերուկի» վերածում, օտարում Սփյուռքից, հայերի դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա եւ այլ։

Այդ ամենը Փաշինյանը շատ պարզ բացատրում է, ասելով, որ եթե չընդունենք, ապա պատերազմ կլինի, եւ կկորցնենք պետությունը։ Հետո չասեք, որ չեմ զգուշացրել։

Բացի Փաշինյանի մի քանի կուսակիցներից, ոչ ոք Հայաստանում, Սփյուռքում անգամ մի բառ չի ասել ի պաշտպանություն այս տեսլականի։ Ավելին, Սփյուռքը խիստ բացասական է արձագանքել։ Դա շատ է անհանգստացրել Փաշինյանին եւ նրա միջազգային «թիմակիցներին», եւ «փետրվարից մայիս» պետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կստիպեն հայերին «հավատալ», որ ամեն ինչ լուրջ է։

Դա միայն ուժով կարելի է անել՝ բեմադրված լոկալ հարձակումներով, սպառնալից հայտարարություններով եւ «դաշնակիցների» հետ իբր հարաբերությունները սրելով։

«Սփյուռքում իրենց նախաձեռնությամբ ստեղծվեցին առաջին խմբերը, որոնք պատրաստակամություն հայտնեցին ինստիտուցիոնալ ձևով մասնակցել այս խոսակցությանը»,- ասել է Փաշինյանը, չմանրամասնելով, թե ովքեր են Սփյուռքում այս տեսլականի կողմնակիցները, բացի մի քանի մարգինալներից։

«Տեսլականը» ներկայացնելու տարբեր հնարքներ են հորինվում։ Օրինակ, Փաշինյանը վաղուց չի արտաբերում «ազգ», «հայրենասիրություն» բառերը, բայց որպեսզի չստացվի, թե հրաժարվում է դրանից, նա հորինել է «դաշնակցական գաղափարախոսություն» հասկացությունը։ Իդենտիֆիկացնելով ազգային իրավունքները, հայրենասիրությունն ու պահանջատիրությունը «դաշնակցական գաղափարախոսությն հետ» եւ օգտագործելով հայ հասարակության մեջ հակադաշնակցական տրամադրությունները, նա իր արևին փորձում է այդկերպ ստիպել հայերին հրաժարվել սեփական ինքնությունից։

Դեռ 2024-ի ապրիլի 24-ին է Էրդողանն ասել․ «Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի»։ Նա նաեւ ասել է, որ ՀՀ կառավարույան հետ խնդիր չունի, սակայն Սփյուռքը ամեն ինչ փչացնում է։

Այն ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոշտ պատասխան է հնչեցրել Էրդողանի հայտարարություններին։ Նա նշել է․ «Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»։

Այնպես որ, «փետրվարից մայիս» պետք է պատրաստ լինել ուժային գործողությունների եւ նոր զիջումների, որի համար Փաշինյանը կմեղադրի «անխոհեմ» Սփյուռքին, ինչպես մեղադրում է արցախցինրին, որ 30 տարի «ուրիշի» հող են գրավել եւ թույլ չեն տվել Հայաստանը երկիր դառնա։

Նաիրա Հայրումյան

«Մունք» տեխնոդպրոցը տրանսֆորմացնում է Տաշիրը

Երիտասարդների արտագաղթը Տաշիրից շարունակվում է։ Տաշիրցիների մեծ մասը դպրոցն ավարտելուն պես լքում են համայնքը կրթվելու կամ աշխատելու նպատակով։ Որոշները միանում են իրենց հայրերին, որոնք տարվա մեծ մասն ընտանիքներից բաժանված են ապրում՝ մեկնելով արտագնա աշխատանքի։
«Մունք»-ը բացվել է Տաշիրում և երիտասարդներին ՏՏ կրթություն է տալիս, որ մնան, կրթվեն և աշխատեն համայնքում։
Տաշիրի տրանսֆորմացիայի համար քո աջակցությունն անփոխարինելի է։
Բաժանորդագրվիր ամսական 7,000 դրամով և քո շնորհիվ մեկ երեխա կշարունակի մնալ Տաշիրում և ստանալ 21-րդ դարի կրթություն: