Չեն պահանջել, բայց ասել են, որ լավ կլինի

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող հայտարարություններն այն մասին, թե հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ է ներկայացվել, չեն համապատասխանում իրականությանը։

«Ներկայացնենք եղելությունը՝ ս․թ․ փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ կայացած հանդիպման ընթացքում տնտեսվարողներին է ներկայացվել 2025թ․-ի թիրախային երկրների ցանկը, որտեղից ակնկալվում է առավելագույն թվով զբոսաշրջիկների այց Հայաստանի Հանրապետություն։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, ընդգծելով Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդման անհրաժեշտությունը թիրախային համարվող երկրներում, տեղեկացրել է՝ այն հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, որոնք ցանկանում են իրենց կողմից շահագործվող օբյեկտներում ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ և այլ արաբական երկրներից զբոսաշրջային այցելությունների աճ, հնարավորություն ունենալու դեպքում կարող են ապահովել զբոսաշրջիկներին նրանց սննդին ներկայացվող առանձնահատկություններին կամ կրոնական պահանջներին համապատասխան առաջարկներ։

Այս համատեքսում հյուրանոցային տնտեսություններին պահանջ չի ներկայացվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աղոթատեղեր ունենալու վերաբերյալ։ Տեղեկացնում ենք նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը չի լիցենզավորվում, ուստի, հնարավոր չէ վերջիններիս զրկել լիցենզիայից։ «Զբոսաշրջության մասին» օրենքը նախատեսում է միայն հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։

Հետևաբար լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, անձի բարի համբավն արատավորող տեղեկություններով հանրությանը մոլորեցնող, ավելորդ լարվածություն հրահրող հրապարակումներից», – ասվում է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի Սենատում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ համաժողով է տեղի ունեցել

«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու իրավունքը» թեմայով համաժողով էր կազմակերպել։ Անցյալ տարի Ֆրանսիայի Սենատը միջկուսակցական բանաձև ընդունեց, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Մարի-Դո Էշլիմանը հայտարարել է, որ գաղափարը Արցախը (Լեռնային Ղարաբաղ) բանավեճի կենտրոնում դնելն է:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Համաժողովում քննարկվել են Լեռնային Ղարաբաղ հայերի «անվտանգ վերադարձի իրավունքը» և «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը»։ «Եվ ինչպե՞ս կարող է Սենատը հայերի հետ միասին աջակցել այս շարժմանը»: – հայտարարել է սենատորը:

Ֆրանսիայի Սենատն անցյալ տարի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և «ադրբեջանական պաշտոնյաների դեմ եվրոպական մակարդակով պատժամիջոցների ռեժիմ սահմանելու և Հայաստանի տարածքային ամբողջականության հետագա ագրեսիան և ոտնահարումը կանխելու մասին բանաձև ընդունեց՝ ՀՀ-ին պաշտպանական միջոցներ տրամադրելով»:

2022 թվականի աշնանը Սենատն առաջարկվող բանաձև ընդունեց ուղղված «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն և Հայաստանի տարածքից նրա անհապաղ դուրսբերումը պահանջող՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումն ապահովելու համար»։

ԱԳՆ-ն մեկնաբանել է մարտի 1-ից հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը շուտով կբացվի: Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական ​​աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ անցակետի բացումը նախատեսված է մարտի 1-ին։ Միաժամանակ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը:

40+10 ծրագրի ավարտը մոտենում է. մարդիկ խոսում են անելանելի վիճակի մասին

Ասես, ամեն ինչ անեն` Հայաստանում կյանքն անտանելի դարձնելու համար

 Նախ նրանց, ում աչքին երեւում է այդ փողը, թող հանգիստ լինեն․ արցախցիներն այդ գումարով չեն գնում Մալդիվներ հանգստանալու, այլ մի բան էլ ավելացնում եւ վերադարձնում են` որպես բնակարանի վարձ խազայինին, ով ցանկացած պահի կարող է վերադառնալ ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից եւ “խնդրել” ազատել բնակարանը, գին ավելացնել, երբ կցանկանա: Արցախցին էլ ուրիշի պատերից ներս ապրելով, ամեն գիշեր կմտածի, թե վարձն ինչպես տալ` առերեսվելով անտանելի սոցիալ-հոգեբանական դժվարություններին:

 2024թ. մարտին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր 40+10 հազար դրամ ծրագրը  9 ամսով երկարաձգելու մասին:

Ահա թե ինչ մեկնաբանություններ են գրում մտահոգ արցախցիները Ֆեյսբուքում:

Լաուրա Գրիգորյան. Մենք պետք է պահանջենք, որ փոխհատուցեն մեր կորցրած բնակարանների համար, կամ մեզ ապահովեն բնակարանով… Ամբողջ Երևանը վեր է ածվել շինհարթակի, թող մի քանի շենք հատկացնեն, կամ թաղամաս որևէ կառուցեն` հատուկ արցախցիների համար։ Առ այսօր ՀՀ տված այդ 50 հազարները տալիս ենք միայն բնակվարձ ու դեռ մի բան էլ ավելի` կոմունալ ծախսեր և այլն… Ուստի, թող չասեն, որ մեզ օգնություն է տալիս ՀՀ կառավարությունը։ Կոնկրետ Երևանում ապրողներս ոչ մի աջակցություն ստացած չկանք:  Թող մեզ բնակարանով ապահովեն` հետո արդեն “կտրեն” այդ 50 հազարները։ Արցախցին կյանքում մուրացկան չի եղել, և իր կամքով չի լքել իր տունը: Մենք մեր ոտնահարված իրավունքները պետք է պաշտպանենք, բա՜վ է:

Նունե Գաբրիելյան. Ահավոր վիճակում ենք հայտնվելու, հատկապես քիչ անդամներով ընտանիքները։ Թող արցախցիներին խմբերի չբաժանեն, նրանք բոլորն էլ անխտիր հայտնվելու են նույն դժոխային պայմաններում, թեկուզ հիմա էլ դրախտ չէ:

Նունե Առաքելյան. Բոլոր արցախցիները փաստի առաջ են կանգնելու: Վերնախավից մինչև մեր հարցը չլուծեն, իրավունք չունեն աջակցությունը կասեցնել: Ես փող ու տոն չեմ ուզում այստեղ, ես տներ ունեմ ԱՐՑԱԽՈՒՄ, թող մեր հարցը արդար լուծեն:

Ալվարդ Սարգսյան. Պետք է պայքարենք մեր իրավունքների համար, արթնանալ է պետք, հերիք է, ինչքան փորձությունների ենթարկվեցինք:

Վեներա Բարատյան. Մեզ ամեն հինչից զրկել են: Հայտարարում են, որ Ադրբեջանից պարտք ու պահանջ չունեն… Պազր չէ, որ ցանկանում են մեզնից ազատվել: Այսօր դրոշն են պոկում, վաղը Արցախ բառը հնչեցնողին դատելու, բանտ են տանելու:

Լոլիտա Կարապետյան. Բոլորս էլ անելանելի վիճակում ենք հայտնվելու: Դա հարցի լուծում չէ 40.000, հետո` 30.000։ Ախր տարածքներ կան, որտեղ ձմեռը սկսում է հոկտեմբերից ու ավարտվում ապրիլի կեսերին: Տան վարձ գումարած կոմունալներ: Անգամ ներկայիս 50.000-ը չի օգնում: Մարդիկ իրենց աշխատավարձի մեծ մասն են անգամ ավելացնում, որ կարողանան վարձ տալ: Պատկերացնում եք առանց օգնության ինչ վիճակում են հայտնվելու 90%ը:

Աննա Գասպարյան. Ես ընդհանրապես չեմ ստանում: Կարելի է ասել գոյության պայքար է մեր կյանքը: Մենք վաղուց ենք փաստի առաջ կանգնած…

Անուշ Զիվանշիրյան. Փաստի առաջ շատերն են կանգնած, քանի որ աշխատանք չունեն:

Կարինե Հակոբյան. Արցախցիների 10%-ի կարգավիճակը կարող է ապահով լինել, իսկ 90%-ը հայտնվելու են անելանելի վիճակում, երբ վարձավճարները 150 000-ից է սկսվում` նույնիսկ գյուղարանքներում, մարզերում։ Հայտնվելու ենք կառավարության շենքի առաջ, ուրիշ ելք չունենք:

 Արայիկ Ապրեսյան. Իսկ որ արցախցին չէ փաստի առաջ կանգնելու…

 Իվետա Պետրոսյան. Պետք է քիչ հնչեցնել “երկրից ստիպված կհեռանալու են” թեզը, քանզի հենց դա է Հայաստանի իշխանությունների նպատակը` քշել արցախցիներին մայր Հայաստանից։

 Հրանուշ Սաֆարյան. Մեզ պետք չէ 50 հազարները… Դավաճաներն ինչպես ծախել են Արցախը, այնպես էլ թող հետ բերեն, մենք գնանք մեր տներում ապրենք առաջվա պես:

Սեդա Մկրտչյան. Գնալու տեղ էլ չունենք: Պետք է այնպես անել, որ չկասեցնեն այդ ծրագիրը: Այս տարի ու կես ժամանակահատվածում, ոչինչ չի փոխվել, ոչնչով չեն ապահովել:

Անուշ Ասրյան. Այս պարագայում արցախցին զրկվել է իր հայրենիքից, հողից, տնից ու ունեցվածքից, աշխատանքից։ Ինչքան էլ նա վաստակի, մեկ է, քիչ է, տան վարձ, կոմունալ ծառայություններ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, ուսման և այլնի ծախսերը հոգալու համար։ Արցախցին հայտնվելու է էլ ավելի ծանր կացության մեջ:

Անահիտ Բաբայան. Հայաստանը նաեւ մեր երկիրն է, մենք ոչ մի տեղ չենք գնալու, խաբված էլ չենք կարող ապրել, մեր սեփականության հիման վրա թող տան մեր գումարը: Մենք ունենք մեր տների վկայականները, մենք կորոշենք, որտեղ տուն գնեել: Մենք նույնպես ՀՀ քաղաքացի ենք, ինչու պետք է փոխենք մեր անձնագրերը: Հերիք է տանջված ժողովուրդին ավելի տանջել, խոսքս վերաբերվում է իշխանավորներին:

Գայանե Ստեփանյան. Ու մի բան պիտի հաստատ իմանալ. երկու տարին չբոլորած փախստականին չեն ասում՝ ոնց ուզում ես` ապրիր: Առնվազն մի 8-10 տարի պետք է վերականգնելու համար, հատկապես միջին տարիքի մարդկանց համար:

Անահիտ Ասրյան. Ինչքան էլ վաստակի մարդ կամ ընտանիք, միեւնույն է չեն կարողանալու հոգալ այդքան շատ կարիքները:

Տաթեւիկ Հակոբյան. Նորություն չէ, մարդիկ մարտ ամսվանից արդեն ակտիվորեն հեռանում են Հայաստանից:

Մելինե Նավասարդյան. Այսպես որ նայում եմ, Հայաստանից հեռանալու իմ ժամանակն էլ է մոտենում…

 

Մարութ Վանյան

 

Ակցիա․ Թող մտածեն սահմանների մասին, ոչ թե ժողովրդի գրպանից վերջին կոպեկը հանելու մասին

Հարկերի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողներն այսօր գործադուլ ու բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը կասեցնի Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը։ Բողոքողների մեծ մասը առեւտրի ոլորտում գործունեություն ծավալողներն են։

«Մեզ պետք չէ ոչ գույքագրում, ոչ հայտարարագրում, մեզ պետք է, որ կարողանանք հանգիստ աշխատել ու ապրել։ Մենք ուզում ենք մեր երկիրը ծաղկեցնենք, չենք ուզում մեր երկիրը տանենք կործանման։ Թող իրենք մեր երկիրը չկործանեն, հերիք է, մասնատում են երկիրը, տեսնում ենք փաստերը, թե ոնց են գնալով մեր երկիրը փոքրացնում, տեսեք՝ քանի կիլոմետրից ինչքան թողեցին։ Թե՞ այս ամենն անում են, որ ժողովրդի ուշադրությունը շեղեն ու իրենց անելիքն անեն։ Թող իրենք մտածեն մեր սահմանների մասին, ոչ թե ժողովրդի գրպանից վերջին կոպեկը հանելու մասին։ Արդեն հանել են, էլ ոչինչ չկա, հիմա պետք է թողնեն, որ մեր մանր ու միջին բիզնեսն աճի»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

Նրանք նշեցին, որ այս քաղաքականությամբ իշխանություններն ուզում են Հայաստանն Արցախի օրը գցել։ «Արցախցիներն ասացին՝ Արցախը հանձնելուց վեց ամիս առաջ իրենց բոլոր ապրանքները գույքագրել ու տվել են պետությանը, ինչի՞ համար էին գույքագրում, որ տային ադրբեջանցո՞ւն։ Հիմա Հայաստանն են ուզում Արցախի օրը գցե՞լ։ Մենք ոչ գույքագրելու ենք մեր ապրանքը, ոչ էլ հայտարարագրելու ենք»։

 

«Երբ ես փոքր էի, կարծում էի, թե աշխարհի բոլոր հայտնի մարդիկ մեր գյուղում են ծնվել, անգամ` Մոցարտը»

Վերջերս տեղի ունեցավ արցախցի գրող Հերմինե  Ավագյանի պատմվածքներից մեկի հիման վրա բեմադրված «Արեւի մարդիկ» ներկայացումը, որի բեմադրիչը եւս արացխցի է՝ Ռուզան Խաչատրյանը։

Պիեսի դերասանական կազմում ընդգրկված էին եւ նորեկб եւ վաստակավոր դերասաններ՝ Արցախից ու ՀՀ-ից։

Step1-ը զրուցել է  պիեսի հեղինակ Հերմինե Ավագյանի հետ։

 

-Ե՞րբ է գրվել «Արեւի մարդիկը», այն հենց նախատեսվա՞ծ էր ներկայացման համար։ Երբ գրում էիք, Ձեր պատկերացումներում, ո՞ր գյուղն էր։

 -Պատմվածքների գիրքս, որը կոչվում է «Վազում եմ, սպասիր», 2020-ին է լույս տեսել` պատերազմից օրեր առաջ։ Այնտեղ ընդգրկված բոլոր պատմվածքները ծնունդ են առել իմ հայրենի գյուղում` Աշանում։ Ինչպես ներկայացման մեջ է ասվում` երբ ես փոքր էի, կարծում էի, թե աշխարհի բոլոր հայտնի մարդիկ մեր գյուղում են ծնվել, անգամ` Մոցարտը։ Իրականում մեր գյուղն ինձ համար մի չգրված սիմֆոնիա էր, որն անհայտ մնաց աշխարհի բոլոր հայտնիներին։ Այդ սիմֆոնիան եղել ու մնում է իմ ներշնչանքը, անգամ այսօր, երբ այն մնացել է կամրջից այնկողմ։ Ինչ գրում եմ այսօր, այդ երաժշտությունն իմ ականջներում է, այն ինձ է հասնում հեռվից` արևի բնակավայրից… Այդ ներշնչանքով է գրքի հիման վրա ծնունդ առել «Արևի մարդիկ»-ը։

Բայց ես հատուկ չեմ նշել իմ գյուղի անունը, որովհետև այն կարող է լինել պատմություն Արցախի ու Հայաստանի ցանկացած գյուղի մասին։ Մեր բոլորիս սկիզբը գյուղն է, մեր արմատն այնտեղ է։

-Կա՞ն իրական կերպարներ։ Մի մասում, որն ի դեպ ինձ համար ամենահուզիչն էր, հենց Ձեր պատմությունն է՝ մայրիկիդ ծնունդը, Մոնթեն, արձագանքներն ինչպի՞սին էիք սպասում։

-Ներկայացման բոլոր հերոսներն իրական են և ոչ մի պատմություն հորինված չէր։ Ես ուղղակի նոր կյանք եմ տվել նրանց։ Ուզում եմ, որ նրանք միշտ ապրեն ու ամեն մեկը գտնի իր կերպարը այս պատմության մեջ։ Գտնի իր բաժին արևը, իր բաժին Մոնթեին, իր մորը, իր բաժին գյուղը, իր բաժին հայրենիքը, իր ներսի մութ և լուսավոր կողմերը։ Իմ անունը չկար ներկայացման մեջ, ես այնտեղ ես չէի, ես դու էի, նա էր, դուք էիք, մունք էինք, մենք էինք։ Երկու անգամ խաղալուց հետո հասկացա, որ հանդիսատեսը ծափ է տալիս նույն հատվածում։ Այն ժամանակ, երբ բեմին ընդգծվում է Մոնթեի կերպարը։ Դա ինձ համար ամենաբուռն զգացումն էր. ես հասկացա, որ մենք մեր մեջ կրում ենք ազգային իղձը, հերոսների պատիվը, արժանապատվությունը։ Ու առաջին անգամ, այս կորուստներից հետո, զգացի, որ սերմը նորից ծիլ է տալու, ծառ է դառնալու, բերք է տալու։ Մենք մի օր քաղելու ենք այդ բերքը, հաստատ։

-Ինձ համար՝ որպես դիտողի,  բարբառի պակաս կար, նպատակայի՞ն էր գրական հայերենը, թե՞ սա բոլոր գյուղերի պատմությունն է, որովհետեւ ի վերջո արտագաղթն ամենուր կա։

– Արտագաղթը միշտ էլ կա, հատկապես այսօր` Հայաստանի բոլոր գյուղերում։ Սա պատմություն է մեզ շրջապատող իրականության մասին։ Բայց մեզ համար ապրելու խորհրդանիշ պիտի լինեն հերոսները` երեկվա, այսօրվա, վաղվա հերոսները։ Այո, դիտավորյալ չենք օգտագործել բարբառը։ Նախ դա արհեստական կհնչեր, եթե դա Արցախի բեմին չէ` արցախցի դերասաններով, և երկրորդ` պետք չէր շեշտադրված մունքը մենքից առանձնացնել։

Այս պատմության մեջ մենք ներկայացրել ենք այն, ինչը ընկած է մեր գոյության հիմքում և ի հակադրություն դրան` այն, ինչը խոչընդոտում է մեր գոյությանը։ Այս ներկայացման մեջ հերոսները գիտեն, թե ինչ է հողի ուժը և գիտեն, որ Տիգրանիկները անցողիկ են, հողը պահողները` մնայուն, ինչպես լեռները։ Մենք հասարակ մահկանացուներ ենք, մենք չենք կարող կատարյալ լինել, մեր մեջ ապրում են թե՛ Դավիթներ, թե՛ Տիգրանիկներ։ Դա անխուսափելի է։ Բայց մեր հաղթանակները միշտ դավիթներն են բերել ու նրանց սերունդները նստարանը երբեք դատարկ չեն թողնելու։ Դա է մեր հարատևության գրավականը։ Դա է, որ մի օր նորից հետ է բերելու մեր երազանքը։

-Կուզեի նաեւ երեւանաբնակ եւ արցախցի դերասանների միասին խաղից խոսեինք, սա թերեւս առաջին «թատերական ինտեգրման» փորձն էր։

-Արցախից երկու դերասան էին ընդգրկված։ Դա շատ չէ, բայց դա լավ սկիզբ է։ Ես չեմ սիրում ինտեգրվել բառը։ Դա մեր պարագայում հակաբառ է։ Մենք մի երկրում ենք, որին մայր ենք կոչել միշտ, իսկ մոր հետ չեն ինտեգրվում, նրան պարզապես սիրում են, որովհետև նա միակն է։ Մեր սկիզբը Արցախն է։ Դա չի փոխվելու երբեք։ Մեր տունը Արցախում է, մենք չենք կարող ուրիշ տուն ունենալ, որ ավելի մերը լինի։ Արցախը մեր ծննդյան վկայականն է։ Այն չի կարող փոխվել։ Մենք պետք է դիտենք Հայաստանը որպես մեր բնօրրան, բայց մեր զավակները պիտի իմանան, թե որտեղ է մեր արմատը, որպեսզի մի օր գնան, նորից ջրեն այն։

-Ինչպիսի՞ն էր դերասանների արձագանքը։

-Դերասանները շատ հուզված էին, միաժամանակ` ամեն մեկը զգում էր, որ իր մեջ ապրում է արևը։ Նրանք իսկապես արևի մարդիկ էին իրենց զգում։ Կուլիսներում մերթ արտասվում էին, մերթ ժպտում։ Ամեն մեկը ապրել է իր դերը, զգացել, թե ինչ է խաղում։

 -Շնորհակալություն անկեղծ զրուցի համար։

Հերմինե Ավագյանի հետ զրուցել է Մարիամ Սարգսյանը

Լիաննա Պետրոսյան․ ջանքեր են գործադրվում 40+10-ի շարունակականությունը ապահովելու համար

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրում է․ 
Քանի որ այս պահին 40+10-ին համարժեք փոխարինող որևիցե ծրագիր-առաջարկ չկա, այդիսկ պատճառով ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի գործող ծրագրի շարունակականությունը։
Դրան են ուղղված նաև այս ընթացքում ինչպես իմ, այնպեսև՝ տարբեր այլ հասարակական միավորումների և տեղահանվածների խնդիրները բարձրաձայնող անձանց աշխատանքները։
Հուսով ենք, որ վերջնաարդյունքում կլինի այնպիսի առաջարկ, որը կբավարարի բոլորի առաջնային ֆինանսական կարիքները:
Նոյեմբերի 30-ին նախանշված հանրահավաքի ձևաչափի փոփոխման «գինը» եղել է նաև դա, որ պետք է ծրագրերը լինեն այնպիսին, որ ոչ մի ընտանիք ապրիլից չհայտնվի դրսում:
Հ.Գ
Իհարկե, այս ընթացքում զգացվեց, որ փորձ է արվում՝ արհեստականորեն ակտիվացնելով «հանրային դիսկուրսներ», խնդրով զբաղվող անձանց կամ հանրային-հասարակական միավորումների միջև «հակասություններ հրահելով»՝ փորձել այնպես անել, որ որոշման չվերանայման դեպքում չլինի դրան հակադարձող հանրային լայն արձագանք և/կամ միավորում:
Բայց հիասթափեցնեմ և նշեմ, որ այն, ինչը որ ձեռք է բերվել փոխըմբռնման արդյունքում, պետք է պահվի, ու ապրիլից ևս որևիցե տեղահանված ընտանիք չպետք է մնա դրսում։
Դրան հասնելու կամքը և նպատակը անսասան է:
Իսկ մնացած՝ պառակտում մտցնող, արհեստածին դիսկուրսներին կանդրադառնամ ապրիլից, քանի որ այս ժամանակահատվածը ամենակարևորն է և որոշիչը, ու կխնայեմ ժամանակս ավելի կարևոր խնդիրների համար:
Միասին` հանուն բոլորի !!!

Կրասնոդարում ԱԹՍ հարվածից վնասվել է բնակելի համալիր

Ազատություն

Կրասնոդարում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել են բնակելի շենքեր։ Շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը պնդում է, որ կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Կենտրոնական բնակելի համալիրի վրա։ Տուժածներ չկան։

Կոնդրատևի խոսքով, մեկ այլ ԱԹՍ է խոցվել Սևերսկի շրջանի Աֆիպսկի գյուղում, որի բեկորները վնասել են մեկ տուն։ Ոչ ոք չի տուժել, գրել է մարզպետը։

Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում նույնպես մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել, ասել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է 15 անօդաչու թռչող սարք։ Նրանցից 7-ը որսացել են Կրասնոդարի երկրամասի երկնքում, երեքը՝ Բրյանսկի, երկուսը՝ Ռոստովի, մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի շրջանների վրա։ Եվս մեկ ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տարածքում, պնդում են ռազմական գերատեսչությունը։

Փաշինյանը Մակրոնին “կխնդրի” հետ ընդունել մատակարարված զենքը եւ հետ կանչել Մինսկի խմբում իր համանախագահությունը

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Մինչ Ֆրանսիա գնալը Փաշինյանը Արմենպրեսում հոդված է հրապարակել, որտեղ ասում է, իբրեւ “տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են”

“Խաղաղության նախադրյալների” ցանկում Փաշինյանը թվարկում է միայն Հայաստանի քայլերը։ Ընդ որում նշում է, որ Բաքուն չի պատասխանում ՀՀ Կառավարության առաջարկներին՝ սպառազինության երկկողմ վերահսկողության, ճանապարհների բացման եւ այլի մասին։

Տպավորություն է ստեղծվում, թե էսկալացիայի աղբյուրը հենց Հայաստանն է եղել, և քանի որ հիմա ՀՀ-ն փոխել է իր քաղաքականությունը, էսկալացիա չպիտի լինի։

Բաքվի մասով նա միայն հիշատակում է “ընթացող թատերականացված դատավարությունը, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերումը և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը”, ինչից եզրակացնում է, որ “Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ”: Բայց մեկ է՝ էսկալացիայի նախադրյալ չկա։ 

Ինչի՞ մասին է Փաշինյանը խեսելու Մակրոնի հետ “էսկալացիա թույլ չտալու” ֆոնի վրա։ Ինչպես հայտնի է, Բաքվի վերջին պահանջներից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է հետ վերադարձնի Ֆրանսիայի կողմից մատակարարած զենքը։ Մյուս պահանջը՝ Մինսկի խմբից հրաժարվելն է։

2025-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

Բրիս Ռոքֆոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել Ֆրանսիայից 2021 թվականին, և նրան պաշտոնանկ անելու մասին հրամանագիր կարծես չի եղել։

Իսկ օրերս ԱՄՆ կատարած Փաշինյանի այցի մասին պաշտոնական տեղեկություններում անգամ բառ չկա Մինսկի խմբի մասին։ Ավելին՝ ԱՄՆ կողմից Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն նորերս  Պետդեպարտամենտում բարձր պաշտոնի է նշանակվել։

Արդյո՞ք մանթրայի պես “էսկալացիա չկա, և մենք չենք պատերազմելու” կրկնող Փաշինյանը Մակրոնին “կխնդրի” հետ ընդունել մատակարարված զենքը եւ հետ կանչել Մինսկի խմբում իր համանախագահությունը։ 

 

2023-ի ձմեռը Ստեփանակերտում ու գողացած բալենին

Չնայած աչքի առաջ ամեն ինչ «վերջանում էր», բայց բլոկադայի օրերին մարդիկ ոչ մի կերպ չէին ցանկանում համակերպվել, հավատալ, այդ «վերջին»: Սասունցի Դավիթ (Մաքսիմ Գորկի) փողոցի մեր պատուհանից գիշերը հացի հերթի անտանելի տեսարանն էր երեւում, իսկ ցերեկը հարեւանս որոշել է հուշանվերների խանութ բացել փռի հարեւանությամբ` լոխճին նազլո: Դա ուրախացնում ու հուսադրում էր իրոք:

Մեր պատշգամբի տակ փոքրիկ բոստաններ կային, որտեղ շենքի բնակիչները կանաչի էին ցանում, խնամում, պարզապես մաքուր պահում կլոր տարի: Այդ բոստաններից մեկում մի բալենի կար, որ իր տեսքով հմայում էր ապրիլին:

Բոստանի բալենին նաեւ «կալենդար» էր, որ Վիվալդու «Տարվա եղանակների» պես գեղեցիկ շրջում էր թիվը: Ահա թե ինչ են գողացել մեզանից: Գողացել են մեր բալենին` երջանկությունը:

Այս բառն հայերում մի տեսակ հարսանքի, կենացների բառապաշարից է եւ նույն իմաստը, բացատրությունը չունի, ինչպես անգլերում happiness-ը, հատկապես հոգեբանության մեջ: Գողացել են մեր բալենին, որի դիմաց փոխահատուցում են մեզ …հիսուն հազար դրամ:

Մարութ Վանյան

Ալիևը վախենում է Ռուսաստանի կողմից մահափորձի՞ց

Դեկտեմբերի 25-ին GPS-ի հետ կապված խնդիրներ առաջացան ոչ միայն Գրոզնիի վրայով AZAL Embraer-190 մարդատար ինքնաթիռի հետ։ Նույն օրը Ադրբեջանի նախագահի «Բաքու-1» ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հարկադրված է եղել վերադառնալ Բաքու։ Սկզբում հաղորդվում էր, որ նախագահական ինքնաթիռը լքել է Ռուսաստանի օդային տարածքը չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով։ Սակայն հունվարի 5-ին Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը խոստովանել է, որ նախագահական ինքնաթիռը բախվել է արտաքին տեխնիկական խնդիրների, մասնավորապես՝ GPS ազդանշանների կորստի։

Այս իրավիճակը և այլ ներքաղաքական ինտրիգները մեկնաբանել է ընդդիմադիր «Azad söz» հեռուստաալիքի հեղինակ Թուրալ Սադիխլին։ Նախագահական ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին լուրերից անմիջապես հետո նա առաջ քաշեց արտաքին ազդեցության վարկած և, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնեց, որ Իլհամ Ալիևը Բաքու վերադառնալուց հետո չի գնացել իր աշխատասենյակ, այլ գնացել է Զագուլբայի իր ամառանոցը, որտեղ մնացել է ավելի քան մեկ շաբաթ առանց հանրության ներկայության և նույնիսկ աշխատանքի չի գնացել։ Սադիխլիի խոսքով՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ալիևը կրկնապատկել է իր թիկնապահների թիվը և ուժեղացրել անվտանգության միջոցառումներն իր նստավայրի շրջակայքում՝ պարեկային ծառայության աշխատակիցներին տեղավորելով տնից 100 մետր հեռավորության վրա։ Բլոգերը ենթադրել է, որ նման գործողությունները կարող են վկայել նախագահի լուրջ մտահոգության մասին իր կյանքի և անվտանգության համար:

Սադիխլիի ուշադրությունը գրավել է նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի բացակայությունը ինքնաթիռում։ Բլոգերը վարկած է առաջ քաշել Ալիևի դեմ հնարավոր մահափորձի մասին՝ իշխանությունը զավթելու նպատակով։

«Պուտինն Ադրբեջանում ուրիշ մարդ ունի՞, ով իրեն ավելի լավ կծառայի, քան Ալիևը։ Իհարկե, դա Մեհրիբան Ալիեւան է։ Մեհրիբան Ալիևային, նրա դուստրերին և Փաշաևների ընտանիքին ծառայող մարդը՝ Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայի շրջանավարտ Ֆարիդ Ասկերովն է, ով սերտ կապեր ունի հետախուզական ծառայության բարձրաստիճան գեներալների և գնդապետների հետ, որոնց հետ ժամանակին սովորել է։ Ֆարիդ Ասկերովը Մեհրիբան Ալիևայի զարմիկի՝ Ալթայ Հասանովի կադրերից է, ով համարվում է ողջ Ադրբեջանի «կադրերի բաժնի ղեկավարը»։ Նա նույնիսկ նախարարներ է նշանակում։ Նրա հովանավորյալների թվում են, ըստ Սադիխլիի, Օրհան Սուլթանովը (արտաքին հետախուզության ղեկավար), Ռաշադ Նաբիևը (տրանսպորտի նախարար), Սահիլ Բաբաևը (աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար), Ֆարիդ Գարիբովը (երիտասարդության և սպորտի նախարար) և Քամրան Ալիևը (գլխավոր դատախազ): Փաշաևին սպասարկում են Պետական ​​անվտանգության ծառայությունը՝ Ալի Նագիևի և նրա տեղակալ Ջեյհուն Շադլինսկու գլխավորությամբ։ Փաստորեն, Փաշաևները տիրապետում են ֆինանսական կայսրությանը, իսկ ուժայիններին կիսում են Նախիջևանի, Ալիևի թիմի հետ։

Բլոգերը ենթադրել է, որ Մեհրիբան Ալիևան կարող է դառնալ իրավահաջորդը, եթե Իլհամ Ալիևը հեռանա։ «Իսկ ինչո՞ւ իշխանությունը չեն վերցնում իրենց ձեռքը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ հարաբերություններ ունի Ալիևը Պուտինի հետ, ինչ դժգոհություններ կան, ինչ պայմանավորվածություններ կան։ Հենց Պուտինի շնորհիվ է Մեհրիբանը նշանակվել առաջին փոխնախագահ։ Իսկ Ալիևի մահվան դեպքում Մեհրիբանը միշտ ռեզերվում է»,- եզրափակել է Թուրալ Սադիխլին։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Մեհրիբան Ալիևայի երկարատև բացակայությանը հանրային միջոցառումներից. նա ներկա չի եղել հունվարի 20-ին Ալիևի այցին “Շեհիդների ծառուղի”, քաղաքային ընտրությունների քվեարկությանը և նախագահի՝ Դավոս կատարած այցին, ուր Ալիևը գնացել էր դուստրերի հետ։ Սադիխլին նրա բացակայության մի քանի պատճառ է ներկայացրել՝ սկսած հնարավոր պլաստիկ վիրահատությունից մինչև այն ենթադրությունը, որ Ալիևը կարող էր մեկուսացնել կնոջը՝ վախենալով դավադրությունից։ Նա կասկած է հայտնել փետրվարի 7-ին այգու բացմանը Ալիևների զույգի մասնակցության մասին տեղեկատվության հավաստիության վերաբերյալ՝ նշելով, որ միջոցառումն արվել է հունվարի 29-ին։ Հունվարի 29-ի իր պոստում նա նույնիսկ քննադատել էր առաջին փոխնախագահին քվեարկությանը չներկայանալու, բյց այգու բացմանը մասնակցելու համար, ինչի մասին մամուլն այն ժամանակ լռում էր:

Միևնույն ժամանակ, ՖԲ օգտատերերը նկատել են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արտացոլված է նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի Instagram-ի գրառումներում։ Եթե ​​նախկինում նա սոցցանցերի իր պաշտոնական էջերում գրառումներ էր անում թե՛ ադրբեջաներեն, թե՛ ռուսերեն, ապա այժմ սկսել է գրել ռուսերենի փոխարեն անգլերեն։

Այս թեմային է անդրադարձել նաև մեկ այլ ընդդիմադիր ալիք՝ «Azərbaycan saatı»:

Լրագրող Գանիմատ Զահիդը մեկնաբանել է փետրվարի 7-ին Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ավիավթարի վերաբերյալ։ «Նախագահի վարչակազմից արտահոսած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, Դմիտրի Պեսկովի և արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ միասին մեկնել է Բաքու։ Այնտեղ նրանք հանդիպել են Փոլադ Բյուլբյուլ օղլուին, Ադրբեջանի նախագահի օգնական Ֆուադ Ալեսքերովի, Հիքմեթ Հաջիևի և Նաջմեդդին Սադիխովի (Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ) հետ։ Ռուսաստանից ժամանած հյուրերը ցանկացել են հանդիպել Իլհամ Ալիևի հետ, սակայն նա հրաժարվել է, որից հետո պատվիրակությունը վերադարձել է։ «Ի՞նչ է կանգնած այս գաղտնի այցի հետևում և ի՞նչ հակասություններ կան Ալիևի և Պուտինի միջև», – հարցնում է Զահիդը և պնդում, որ Ալիևի բոլոր աշխարհաքաղաքական ինտրիգները հիմնված են նյութական շահերի և իր իշխանությունը պահպանելու ցանկության վրա:

Նշենք, որ փետրվարի 6-ին քաղաքագետ Ֆ.Մամեդովը սոցցանցում իր գրառման մեջ ենթադրել էր, որ մոտ ապագայում Բաքու կարող է ժամանել Ռուսաստանից բարձրաստիճան հյուր, քանի որ լրատվամիջոցներով և ԱԳՆ-ով փոխանցվող ազդակները արդյունք չեն տալիս։

Գանիմաթ Զահիդն անդրադարձել է նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. նրա խոսքով, այն բանից հետո, երբ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը լքեցին երկիրը, Սիրիան դուրս եկավ Մոսկվայի վերահսկողությունից, և նրա տեղը հաջողությամբ զբաղեցրեց Թուրքիան, որը շահեց այս բոլոր իրադարձություններից։ Այնուամենայնիվ, տասը տարվա հակամարտությունը, սոցիալական և քաղաքական քաոսը հանգեցրել են երկրի փլուզմանը, որն այժմ վերակառուցման կարիք ունի: Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Սիրիայի վերականգնմանը։ Նա, իհարկե, համաձայնել է՝ ակնկալելով ստանալ կոմերցիոն օգուտներ։

Այնուհետև Զահիդը ներկայացրեց իրադարձությունների իր տեսլականը. «Շինարարական ծրագրերը զգալի ռեսուրսներ են պահանջում իրականացնելու համար: Այդ նպատակով Ալիեւը դիմել է Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա համաձայնի գումար օգտագործել իրենց ընդհանուր միջոցներից (՞): Սակայն այս խնդրանքը զայրացրել է Ռուսաստանի ղեկավարին։ Նա սա համարեց անձնական վիրավորանք, քանի որ 10 տարի Սիրիայում է կռվել, պատերազմ է մղում Ուկրաինայում, իսկ նրանից փող են խնդրում Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիրը վերականգնելու համար։ Հնարավոր է, որ Ալիևը կարող էր Պուտինին ակնարկել, թե ինչ շահույթ կստանան այդ աշխատանքներից, բայց նա հրաժարվեց։

Ավելին, Պուտինը Կրեմլ է հրավիրել Մեհրիբան Ալիևային։ Այս հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի կեսերին՝ ավիավթարից առաջ։ Նա այնտեղ է գնացել դստեր՝ Լեյլայի ուղեկցությամբ՝ առանց Իլհամ Ալիեւի։ Մի քանի օր սպասելուց հետո Պուտինը նրանց ընդունեց և խոսեց Էրդողանի և Ալիևի համատեղ առևտրային նախագծերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասական ազդեցության մասին և նրանց շահերին պատճառած վնասի մասին։ Լրագրողի խոսքով՝ Պուտինը Մեհրիբան Ալիևային առաջարկել է դիտարկել իշխանությունն իր ձեռքը փոխանցելու հնարավորությունը, եթե Իլհամ Ալիևը չհրաժարվի իր ծրագրերից, ինչին Մեհրիմանը չի առարկել և չի տվել իր համաձայնությունը։

Ինչ վերաբերում է Ի.Ալիեւի ինքնաթիռի հետ կապված միջադեպին, ապա հեռուստաալիքի տվյալներով՝ Ալիեւը վիրավորված է եղել եւ չի ցանկացել գնալ ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն Պուտինը պնդել է, և Ալիեւը ստիպված է եղել թռնել։ Թռիչքի ժամանակ, ըստ լրագրողի, Ալիեւը իսրայելական հետախուզությունից նախազգուշացում է ստացել հնարավոր սպառնալիքի մասին։ Նրանք լուրջ հիմքեր ունեին կասկածելու, որ Ալիեւի դեմ ծրագրեր կան։ Նրա կարծիքով՝ Ալիևի և Պուտինի հակասությունները կապված են ոչ թե աշխարհաքաղաքական շահերի, այլ ֆինանսական ռեսուրսների բաշխման հետ, ընդդիմադիր լրագրողի խոսքերով՝ «ընդհանուր «սև փողի բաժանման, ավելի ճիշտ՝ օգտագործելու իրավունքի» հետ։ Մեկ այլ հակասություն կապված է ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սերտ հարաբերությունների հետ, որքան Իլհամ Ալիևի փորձերի՝ ի շահ Էրդողանի օգտագործելու «սեւ ֆոնդը», – եզրափակել է լրագրողը։

Pastinfo. Վերիշենում բացվեց արցախցի միայնակ տարեցների համար կառուցված սոցիալական տունը

Փաստինֆոն գրում է․

Վերիշեն բնակավայրում տեղի ունեցավ սոցիալական տան բացման արարողությունը։ Ամերիկյան Փարոս հիմնադրամի կողմից նվիրաբերված շենքը հատկացվել է Արցախից տեղահանված միայնակ տարեցներին։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար տարեցների բարեկեցությունը և նրանց համար հոգատար միջավայրի ստեղծումը առաջնահերթություն է։ Համայնքային իշխանությունները հետևողականորեն աշխատում են միայնակ տարեցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։

Շենքի վերականգնման աշխատանքներն իրականացրել են Action Against Hunger և UNJSR միջազգային կազմակերպությունները, իսկ ամբողջական կիրականացնի ACTED կազմակերպությունը։

Սոցիալական տան կառավարումն իրականացվելու է համայնքի կողմից։ Բնակիչները կվարեն համատեղ տնտեսություն, կօգնեն միմյանց առօրյա խնդիրներում և կիսելու են կենցաղային պարտականությունները։

Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայությունն է, որ Գորիս համայնքը հետևողական քայլեր է ձեռնարկում տարեցների արժանապատիվ կյանքի պայմանների ապահովման և նրանց համայնքային կյանքին ինտեգրման ուղղությամբ։