ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ

ВВС

Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով պատժամիջոցներ է սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով նրան ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ անօրինական թիրախավորման մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։

Թրամփի քայլը հետևեց այն բանին, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատում դեմոկրատները արգելափակեցին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հանրապետականների փորձը՝ ի նշան բողոքի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների դեմ:

Նեթանյահուն այժմ այցելում է Վաշինգտոն։

«ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության անհիմն օրդեր տալով», – ասվում է հրամանում:

Դրանում նշվում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «բարեկեցիկ ժողովրդավարություններ են, որտեղ կան բանակներ, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»:

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը քայլեր է ձեռնարկել իր աշխատակիցներին ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար՝ աշխատակիցներին նախապես վճարելով երեք ամսվա աշխատավարձ՝ հնարավոր սահմանափակումների ֆոնին, ավելի վաղ Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, սակայն օրինագիծը չընդունվեց Սենատում:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման ընթացքում, վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում

Ինչո՞ւ հենց Լիաննա Պետրոսյանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին, hայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Վերջին օրերին կայացել են Լիաննա Պետրոսյանի հանդիպումները նաեւ Չեխիայի եւ մի շարք այլ եվրոպական պետությունների դեսպանների, ՀՀ առողջապահության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ։

Լիաննա Պետրոսյանը մի քանի անգամ բացատրել է, որ “հասարակական գործիչ է”, ոչ ոք իրեն չի ընտրել եւ ինքը չի ներկայացնում ինչ-որ խմբերի, միայն հետապնդում է հանրային շահ։

Դեռ 2020-ի պատերազմից եւ Հադրութի օկուպացիայից հետո Երեւանում ապաստանած Լիաննա Պետրոսյանը լրագրող եւ պրպտող մարդ է։ Նա կարողացել է ոչ միայն կապեր հաստատել պետական եւ միջազգային մարմինների հետ, այլեւ տեղյակ է արցախցիների սոցիալ-տնտեսական կյանքի հետ կապված բոլոր իրավական նրբություններից։ Նրան դիմում են հազարավոր մարդիկ անձնական բազմաթիվ հարցերով եւ հիմնականում ստանում պատասխաններ։

Տեղահանությունից հետո ստեղծված իրավական խառնաշփոթում Լիաննա Պետրոսյանի սոցիալական կայքերում էջերը դարձել են ինֆորմացիայի երբեմն միակ միջոցը խճճված կարգավորումներից գլուխ չհանող արցախցիների համար։ Նա նույնիսկ սոցհարցում է անցկացրել իրեն վստահելու հարցով եւ ստացել բազմաթիվ ձայներ։

Սակայն կա երկու հարց, որոնք շատերի համար անհասկանալի են մնում։

1․ Ինչո՞ւ նախարարները, ՄԻՊ-ը, դեսպանները գերադասում են հանդիպել հենց Լիաննա Պետրոսյանի հետ։

2․ Արդյո՞ք Լիաննա Պետրոսյանը ունի բոլոր արցախցիներին տեղեկացնելու, համակարգելու կամ հարցերը լուծելու լծակներ կամ “ենթակառուցվածք”։

Առաջին հարցն առավել պարզ է․ ՀՀ պաշտոնյաները նախանձելի համառությամբ չեն շփվում Արցախի պետական, համայնքային, հասարակական կամ մասնագիտական միավորումների հետ։ Հանուն արդարության ասենք, որ 1,5 տարվա ընթացքում միայն վերջերս են արցախցիների հավաքական իրավունքները պաշտպանող հասարակական միավորումներ ստեղծելու փորձեր արվել։

Օտար երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները փորձում են պարզել, թե ո՞վ է ներկայացնում արցախցիների հավաքական շահերը, եւ առաջին պլանում տեսնում են Լիաննա Պետրոսյանին։

Երկրորդ հարցի պատասխանն ավելի կարեւոր է։ Ցանկացած հավաքական իրավունքների պաշտպանություն ենթադրում է ինստիտուցիոնալ համակարգ, որը ունի երկկողմանի կապ՝ շահառուների եւ շահը ներկայացնողների միջեւ։

Այն, որ Լիաննա Պետրոսյանը մենակ է մասնակցում հանդիպումներին, նշանակում է, որ ինստիտուցիոնալ համակարգ չկա, եւ սա զուտ անձնավորված նախաձեռնություն է, որի իրավունքը ցանկացած ոք ունի։

Մնում է միայն պարզել, թե հավաքական առումով որքանո՞վ է օգտակար տվյալ նախաձեռնությունը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ են կազմակերպվում հանդիպումները։ Արդյո՞ք այդ հանդիպումները չեն ներկայացվելու ՀՀ եւ օտարերկյա պաշտոնյաների կողմից որպես “ղարաբաղցիների հետ” լիիրավ շփում, ինչը մեղմ ասած այդպես չէ։

Արցախցիներին՝ ընտանիքների եւ անձերի բաժանելու ՀՀ կառավարության մոտեցումը ի սկզբանե ուղղված էր “արցախցիների կոլեկտիվ իրավունքներ” հասկացողության բացառմանը եւ խնդիրները սոցիալական հարթություն տեղափոխմանը։ Բայց չէ՞ որ արցախցիները առանձին-առանձին չեն լքել Արցախը, դա արվել է կոլեկտիվ վտանգի՝ ագրեսիայի, ցեղասպանության եւ բռնի տեղահանության արդյունքում։ Եւ մոտեցումը եւս պետք է լինի կոլեկտիվ։

 

 

Զատուլինը խոստովանել է, որ Ալիևին Մոսկվան պետք էր Արցախը գրավելու համար

Բաքուն պահանջել է փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, քանի որ Ղարաբաղի հարցի «փակումից» հետո Ադրբեջանի իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը (Միացյալ Ռուսաստան)։

Նրա կարծիքով, «Լեռնային Ղարաբաղից հետո» Բաքուն այլեւս Ռուսաստանի կարիքը չունի։

Զատուլինը, փաստորեն, ընդունում է, որ Ռուսաստանն է օգնել Բաքվին գրավել Ղարաբաղը։ Սակայն Մոսկվան չի կատարել իր հիմնական «խնդիրը»՝ հայ-իրանական սահմանը դեռ բաց է, և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցք» չկա։

Որոշ ժամանակ առաջ ВГТРК-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Կիսելևը հայտարարել էր, որ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և Զանգեզուրի միջանցքը վերջնականապես բացելու Ալիևի կատեգորիկ պահանջը»։ Փոխարենը Փաշինյանն առաջարկեց իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Կիսելևի, «անընդունելի է Ադրբեջանի համար՝ դժվար լեռնային տեղանքով և կլիմայական ծանր պայմաններով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտության պատճառով»։

Այս հայտարարության պատճառով Հայաստանի արտգործնախարարությունը կանչել է ՌԴ դեսպանին։ Սակայն ակնհայտ է, որ ռուսներին չհաջողվեց հասնել իրենց ուզածին։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Իրանի և որոշ արևմտյան ուժերի դիրքորոշմամբ, որոնք շահագրգռված չեն «միջանցքի» բացմամբ։

2014 թվականից Ռուսաստանը զինում է Բաքվին՝ միաժամանակ թուլացնելով իր «դաշնակից» Հայաստանին, իսկ 2020 թվականին զորքեր մտցրեց Արցախ՝ կանխելու հայկական դիմադրությունը։ Ռուսաստանը կատարել է բոլոր կեղտոտ աշխատանքը միջազգային հարթակներում՝ բազմիցս խափանելով Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ոչնչացրել է Մինսկի խումբը և «համոզել» ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որ Արցախը հանձնելը այլընտրանք չունի։ Ռուսաստանը Հայաստանում ձևավորել է իշխանության և ընդդիմության միանգամայն լոյալ համակարգ, որը դեռևս չի վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 1921 թվականի Կարսի պայմանագիրը։

Մոսկվան արել է այն ամենը, ինչ կարող էր, և այժմ դրա կարիքն այլևս չկա։ Այնպես որ Զատուլինն իզուր է բողոքում Բաքվից, որը Գրոզնիի երկնքում իր ինքնաթիռի կործանումից հետո արդեն բացահայտորեն «լքում» է Ռուսաստանը։

Ինչո՞ւ են սկսել Տավուշից: Տավուշը միակ հատվածն է, որ տասնամյակներ ի վեր ամրացվել էր

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա եւ չի եղել որեւէ սահմանազատման գործընթաց։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Դա Նիկոլի հորինածն է։ Սահմանազատում նշանակում է միջպետական պայմանագիր դրա վերաբերյալ։ Իսկ պայմանագիր նշանակում է ըստ մեր օրենքի՝ խորհրդարանի հավանություն, ՍԴ կարծիք, այնուհետեւ դրա վրա խարսխված համապատասխան գործընթաց։ Այսինքն՝ փաստաթղթի մեջ սահմանի մանրակրկիտ նկարագրություն, հետո սահմանանշում, հետո սյուների տեղադրում։ Մեզ մոտ զուտ տեղի է ունենում սյուների տեղադրում՝ առանց որեւէ իրավական հիմնավորման»,- ասաց Պապյանը։

Անդրադառնալով հարցին, որ առաջիկայում Տավուշի մարզում դարձյալ այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ներքո տարածքներ կհանձնվեն թշնամուն, Արա Պապյանն ասաց․ «Ինչո՞ւ են սկսել Տավուշից, շատ պարզ է՝ Տավուշի հատվածը միակ հատվածն է, որ տասնամյակներ ի վեր ամրացվել էր։ Այսինքն՝ դա այն հատվածն էր, որն Ադրբեջանի հետ դիմակայության մեջ էր։ Մնացած բոլոր հատվածներն ու դիրքերն ադրբեջանցիները գրավել են՝ սկսած Արաքսի ափից մինչեւ Տավուշ։ Միակ հատվածը Կիրանց-Տավուշ հատվածն էր, որտեղ մեր դիրքերն ուժեղ էին, մենք բարձունքների վրա էինք, քիչ թե շատ ամրացված դիրքեր կային, այդ տարածքն է պետք առաջին հերթին քանդել, եւ դա քանդում են»։

Արա Պապյանն ասաց, որ գործընթացը կապված է Հայաստան-Վրաստան ճանապարհի, Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազամուղի հետ։ «Ըստ էության մեզ մի պարկի մեջ են ամփոփում, որի հուսիսային հատվածը պետք եղած ժամանակ Տավուշով են փակելու, հարավային հատվածն էլ՝ Զանգեզուրով ինչ-որ մի տեղ, կլինի այսպես կոչված «Մեղրիի միջանցքով» կամ ավելի հյուսիսով։ Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է՝ Հայաստանը կործանման տանելու, որպեսզի պարգեւավճար ստանա՝ եւս մի քանի տարի իր իշխանությունը, գուցե եւ իր գոյությունը երկարաձգելու համար»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

ՀՀ-ում Իրանի դեսպանի կարեւոր հայտարարությունները․ ոչ մի միջանցք

Մենք դեմ ենք Հայաստանի տարածքում ցանկացած ճանապարհի, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա բացատրեց, որ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման հիման վրա։ «Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց դա պետք է արվի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման հիման վրա»,- հավելել է Սոբհանին։

«Հայաստանն ու Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին», – ասել է դեսպանը:

Դեսպանը հիշեցրեց, որ Ադրբեջանը միշտ կապեր է ունեցել Նախիջեւանի հետ, իսկ 2020 թվականից հետո Ադրբեջանն էլ ավելի է մոտեցել թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի սահմաններին։ «Նախկին երթուղին, որով օգտվում էր Ադրբեջանը, համեմատաբար երկար էր։ Մենք նոր երթուղի ենք առաջարկել, և ճանապարհաշինական աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկազմի 50 կմ։ Ընդ որում, Իրանի տարածքով տեղաշարժն իրականացվում է Իրանի օրենքներին համապատասխան և ինքնիշխանության շրջանակներում»,- նշել է նա։

Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը եւ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են հասունության անհրաժեշտ մակարդակին, ասել է Սոբհանին: «Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի:

Իրանն իր հանձնառություն է համարում տարածաշրջանում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումը: Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար: Իրանը վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ  նարատիվների, սպառնալիքների եւ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջեւ առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ նետել մեր միջեւ»,-ասաց դեսպանը:

Հայաստանի իշխանությունները մեզ հստակ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված փաստաթուղթն ուղղված չէ իրանա-հայկական հարաբերությունների դեմ և ընդգծեցին, որ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի վնասելու իրանա-հայկական հարաբերություններին կամ Իրանի շահերին։ Այս մասին հայտարարել է Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, այս հարցում Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև կա փոխըմբռնում, և երկու կողմերն էլ խորապես գիտակցում են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Նա հավելեց, որ այս փոխըմբռնումը թույլ է տալիս կառավարել զարգացման գործընթացները և ամրապնդել հարաբերությունները։

Սոբհանին ընդգծեց, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշումը հենց հակադարձ արդյունք է տվել, և որ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման դեպքում Իրանն առավելագույն դիմադրության քաղաքականություն է կիրառելու։

Նրա խոսքով, Իրանին ու Հայաստանին միշտ հաջողվել է հարաբերությունները բարելավել՝ Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ֆոնին։

Կեղծ պատմությունները, սպառնալիքները և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները կամ պառակտումներ ու կասկածներ առաջացնել մեր միջև։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Հակառակ Փաշինյանի “հորդորների”, Սփյուռքը պնդում է հայկական իրավունքները

Նիկոլ Փաշինյանի՝ Սփյուռքին ուղղված կոչը՝ մոռանալ Ցեղասպանությունը, պատմական իրավունքները եւ շահերը, չընդունվեցին Սփյուռքի կողմից։

Ինչպես Step1.am-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը, Սփյուռքի մեծ մասը արհամարհում է այս հայտարարությունները, «փաշինյանները կգան ու կգնան, մենք շարունակում ենք մեր գործը»։ « Իրենք չեն, որ որշելու են մեր ինքնությունը, ճակատագիրն ու հայրենիքի սահմանները, մեր պատմությունը, խորհադանիշները։ Իրենք չունեն դա, բայց մենք ունենք եւ հաստատ կպահենք։ Իրենք կգան ու կգնան, ինչպես 1920, 30, 40-ական թվականներին բոլշեւիկները եկան ու գնացին։ Հիմա նեոբոլշեւիկներն են եկել, նորից կգնան, ոչինչ, ժամանակավոր բաներ են սրանք, կանցնեն կգնան», ասել է նա։

Մինչեւ Փաշինյանի ԱՄՆ այցը Ամերիկայի հայկական կազմակերպությունները հույս են հայտնել, որ նա կօգտագործի «Կրոնի ազատության» գագաթնաժողովը և կբարձրացնի քրիստոնյա հայերի հետապնդման և Արցախում հայկական քրիստոնեական հոշարջանների ոչնչացմն հարցը։ Սակայն, դատելով Փաշինյանի ելույթից, նա այդպես էլ չխոսեց հայերի նկապմամբ այլոց անհանդուրժողականության մասին։ Նա միայն պատրաստակամություն հայտնեց հանդուրժող լինել հարևանների մահմեդական բնակչության հանդեպ։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար», ասել է Փաշինյանը։

«Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում», շարունակել է նա։ Դա զարմանք է առաջացրել ոչ միայն հայերի շրջանակներում, քանի որ հենց հիմա Արցախում հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ խիստ անհանդուրժող վերաբերմունք է դրսևորվում։

Փաշինյանի փոխարեն Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանությանը:

«Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է, բայց այնտեղ բնակվում են հայ քրիստոնյաներ, կամ բնակվում էին, մինչև նրանց արտաքսելը՝ ամենասարսափելի իրավիճակներից է, որը տեղի է ունեցել, երբ ունեիք 120 հազար քրիստոնյաներ, որոնք այնտեղ են ապրել սերունդների, հազարամյակների ընթացքում: Եվ նրանց արտաքսում են, շրջափակում, սովամահ անում Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ հարցը պետք է լուծվի: Համաշխարհային հանրությունը առանձնապես ուշադրություն չդարձրեց, քանի որ երկարաժամկետ տարածքային վեճ էր, բայց, այնուամենայնիվ, այդ մարդիկ վտարվեցին և հանգրվանեցին Հայաստանում։ Կարծում եմ, այդ հարցը պետք է քննարկվի։ Նաև, կարծում եմ, որ Հայաստանին պետք է պաշտպանել՝ որպես ազատության ամրոց աշխարհի մի տարածաշրջանում, ուր այդքան էլ ազատություն չկա»,-ասել է նա:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հույս ունի, որ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը ասել է․

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ”:

Ամերիկյան երկու հայկական խոշոր կազմակերպությունների հայտարարությունները հակասում են Փաշինյանի ջանքերին՝ մոռացության տալ հայկական իրավունքները։

Նաիրա Հայրումյան

Ստեփանակերտում ավերվել է Սարոյան փողոցը՝ ընդհուպ մինչև Ալեք Մանուկյան

MOUNTAINS OF KARABAKH Տելեգրամ-ակիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ Ստեփանակերտի Սարոյան փողոցն ամբողջությամբ թալանվել է ադրբեջանցիների կողմից։

«Հատկանշական է, որ քանդվել է ոչ միայն Սարոյան փողոցը, այլև մինչև Ալեք Մանուկյան փողոց ընկած հատվածը, որը մի ամբողջ թաղամաս է։

Սա արդեն երրորդ դեպքն է, երբ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում քանդում և ավերում են շենքերն ու շինությունները, որից հետո դրանք հողին են հավասարեցնում»,- գրում է հեռուստաալիքը։

Մինչ այս ոչնչացվել են.

1️⃣ Ոումանյանի պողոտան
2️⃣ Տիգրան Մեծի պողոտան
3️⃣ Հիմա — Սարոյանի փողոցը

Կիևը հաստատել է «հատուկ գործողությունը». Հայաստանում Արմեն Սարկիսյանին ՀՀ-ում մեղադրում էին ​​հեղաշրջման փորձի մեջ

ՈւԱԾ-ը վերացրել է երկրի արևելքում և Արժանապատվության հեղափոխության ժամանակ ուկրաինացիների սպանությունների մեջ ներգրավված հանցագործին։ Զելենսկին հաստատել է հաջող աշխատանքը։

Հատուկ գործողության մանրամասներն ու սպանվածի անունը դեռ չեն հաղորդվում։ Խոսքը, հավանաբար, Մոսկվայում պայթեցված ԱրԲատ գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի մասին է, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Սարկիսյանը Յանուկովիչի ժամանակաշրջանի հանցագործ ավտորիտետ է համարվում, ով հետախուզվում էր 2014 թվականին Մայդանում մարդկանց գնդակոծությանը մասնակցելու համար։

Բուն Ռուսաստանում կատարվածի երկու վարկած է դիտարկվում՝ մեկը բիզնեսի, երկրորդը՝ «ուկրաինական տարբերակի» հետ կապցած։ Ռուսական հատուկ ծառայությունները գրել են, որ «մահապարտ-ահաբեկիչը» իբր Հայաստանի քաղաքացի էր։

2024 թվականի ձմռանը Telegram-ի ալիքները հաղորդում էին, որ Սարգսյանի դուստրը ճանապարհային կոնֆլիկտ է ունեցել չեչեն MMA մարտիկ Ռասուլ Օչաևի հետ, որն ավարտվել է Մոսկվայի կենտրոնում փոխհրաձգությամբ և Սարգսյանի «հաղթանակով»։

2024 թվականի աշնանը Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ կանխել են երկրում հեղաշրջման փորձը, որի համար բնակիչներին իբր հավաքագրել են ԱրԲաթի ներկայացուցիչները։

Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Արմեն Սարկիսյանի սպանությունը.

Ֆրանսիայի պատվիրակությունը Արմավիրում քննարկել է արցախցիներին օգնության ծրագիրը

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն երեկ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։

12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցությունը։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուընկալության համար՝ ընդգծելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հատկապես Արմավիրի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում երկուստեք գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելություն կատարել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ (CEPFA)՝ տեղում ծանոթանալու հիմնադրամի աշխատանքներին, ծավալած գործունեությանը։

Թրամփը ցանկանում է վերակառուցել Գազան Իսրայելի փոխարե՞ն

BBC-ի միջազգային խմբագիր և Մերձավոր Արևելքի մասնագետ Ջերեմի Բոուենը հոդված է հրապարակել BBC News-ի կայքում, որտեղ նա պնդում է, որ «Գազան «գրավելու և տիրելու» Դոնալդ Թրամփի և նրա բնակչությանը տեղահանելու ծրագիրն անիրագործելի է։ Սա պահանջում է համագործակցություն արաբական պետությունների հետ, իսկ նրանք մերժեցին այդ ծրագիրը»։

Այդ պետությունների թվում են Հորդանանն ու Եգիպտոսը, այն երկրները, որոնց Թրամփը առաջարկում է ընդունել Գազայի հատվածից պաղեստինցիներին, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, որն ակնկալվում է, կփակի հաշիվները:

Այս գաղափարին դեմ են նաև ԱՄՆ-ի և Իսրայելի արևմտյան դաշնակիցները։

ԱՄՆ-ը՝ «Մերձավորարևելյան Ռիվիերայի» նոր տերը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ուժ գործադրել՝ պաղեստինցիներին արտաքսելու համար, գրում է հեղինակը՝ նշելով, որ ամերիկյան զորքերի մուտքն ԱՄՆ-ում չի ողջունվի։

Դա նաև վերջ կդնի ցանկացած հույսի, որ երկու ժողովուրդների համար երկու պետությունների լուծումը հնարավոր է, և որ ավելի քան մեկ դար տեւած հակամարտությունը կարող է ավարտվել Իսրայելի կողքին անկախ Պաղեստինի ստեղծմամբ:

Բենիամին Նեթանյահուի կառավարությունը կտրականապես դեմ է այս գաղափարին։ Բայց սա այն է, ինչ պահանջում են արաբական պետությունները։

Եվ հնարավոր է, որ ինչ-որ պահի արաբական երկրները մեղադրեն Իսրայելին Գազայի հատվածը ոչնչացնելու մեջ և դրա վերականգնման պատասխանատվությունը բարդեն Իսրայելի վրա։ Ամերիկացի հարկատուները նույնպես հավանաբար մտածում են, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն ստանձնում Իսրայելի կործանածը վերակառուցելու պատասխանատվությունը: Արդյո՞ք նույնը կլինի՞ ռուս-ուկրաինական հրադադարի դեպքում։ Ո՞վ է վերականգնելու Ուկրաինան, արդյո՞ք Ռուսաստանին կստիպեն դա անել։

Բացի այդ, նշվում է, որ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի անկախ Պաղեստին ստեղծելու գաղափարից, Ռուսաստանի տարածքային նկրտումները Ուկրաինայում և Չինաստանինը՝ Թայվանում նոր թափ կստանան։

Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները պետք է ընդունվեն որպես Պաղեստինի անկլավի վերականգնման և նրա տարածքում չպայթած զինամթերքի մաքրման պատասխանատվություն ստանձնելու Վաշինգտոնի պատրաստակամության արտահայտությունը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա նախատեսված չէր որպես թշնամական քայլ։ Դա նախատեսված էր որպես շատ մեծահոգի քայլ»,- վստահեցրեց նա։

Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները փակ են:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը կցորդիչով բեռնատարների համար է փակ:

Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը բեռնատարների համար է դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։