Օկամպո․ Հայաստանը չի կարող դադարեցնել ԼՂ կամ Հայաստանի առնչությամբ վերջին 4 տարվա հետաքննությունը

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը դադարեցնել միջազգային քրեական դատարանում հայերի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը։
Լուիս Մորենո Օկամպո.
Հայերն ինձ հարցնում են՝ կարո՞ղ է Հայաստանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը։ Պատասխան. ոչ, չի կարող դադարեցնել 2021 թվականի մայիսի 10-ից մինչև պայմանագրից Հայաստանի դուրս գալու որոշում կայացնելուց մեկ տարի անց։ Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային պայմանագրից, որը ստեղծել է դատարանը, սակայն դատախազը դեռ իրավունք կունենա հետաքննություն սկսել կատարված հանցագործությունների վերաբերյալ՝ իրավազորության տրամադրման պահից՝ 2021թ. մայիսի 10-ից և մինչև մեկ տարին լրանալը դուրս գալուց հետո։
Այնպես որ, Հայաստանը կարող է դուրս գալ պայմանագրից, բայց չի կարող դադարեցնել ԼՂ կամ Հայաստանի առնչությամբ վերջին 4 տարվա հետաքննությունը։

Ուրիշ “դեղին ավտոբուս”․ “եթե հոգեկանը փլվում է, այն շատ դժվար է վերականգնել”

Փոշոտ ու շեբին փռած խաչմերուկներում մեկ հարկանի ու շքեղ առանձնատներ են կառուցված: Ավելի շուտ, մեկ հարկանիները դեռ կառուցվում են, բայց արդեն վարձով են տրված արցախցիներին, որոնց հանդիպում ես ամեն քայլափոխի այստեղ:

Մասիսի տարածաշրջանի Խաչփառ գյուղն է` Երեւան տանող մայրուղու վրա: Մայրուղու մյուս “ափին” մի դաշտ կա, գուցե կատոֆիլի, գուցե այլ բանջարեղենի համար, բայց այս պահին հերկած է, լի պլաստիկով ու ամեն տեսակ կենցաղային աղբով, որտեղ ճնճղազգի թռչունների մի մեծ ընտանիք է կտցահարում ու երկու ձի է արածում: Վերեւում հույս չներշնչող մի կործանիչ ամբողջ օրը ձանձրացնում է իր պիլոտաժով, ու ուզում ես օդաչուին ասել՝ այ տղա, ադրենալինի համար կառուսել կա: Միակ գեղեցկությունը, ու կարելի է տեսնել այստեղ, Զվարթոցից ծանրաշարժ վեր բարձրացող հսկա օդանավերն են, որոնց ուղեւորներին երանի ես տալիս. իրոք, ինչ գեղեցիկ է Հայաստանը վերեւից: Ամպեր, օդանավի թեւն ու Մասիս սարը:

Վերեւից չես տեսնի ամենուր թափած այս շինարարական աղբը, շշերով լի հոտած ջրատարը: Չես տեսնի, թե ինչպես է հազիվ մի ինքնաեռի համար հերիքող փայտը 1.5oo դրամ վաճառվում, չես տեսնի մարդկանց այս տխուր ու անորոշ դեմքերը, ի վերջո, չես տեսնի, թե ինչ է կատարվում Երեւան-Խաչփար դեղին ավտոբուսում:

Ավտոբուսում

Եվ այսպես, անատամ մի տատիկ, ով վարորդի “փաստաբանն” էր միաժամանակ, իր խրպոտ ձայնով գոռում է մի օրիորդի վրա` հարցնելով, թե որտեղից է նստել, կասկածելով, որ հիսուն դրամ պակաս է տվել: Վերջինս, ով կանգնած էր, այլ ոչ թե նստած, Ղարաբաղի ակցենտով ու շփոթված հայացքով ասաց, թե որտեղից: Վարորդը վիզն ու ղեկը թեքում եւ շարունակում է ճանապարհը, ի նշան, որ ամեն ինչ օքեյ է:

Մինչեւ կամուրջ հասնելը կկանգնեք, վերջից լսվում է մի արցախցի երեխայի բարակ ձայն, իջնող կա` դեցիբելերն ավելացնում է ավելի մոտ մի տղամարդ: Լուրը վարորդին է հասնում կամիրջից ահագին հեռու: Կարմրած թշերով հետ է վազում երեխան:

Կարեկցանքի կամ փողի համար վարորդը վերցնում է բոլորին, չհաշված այն կնոջը, ով մայթից երկարում էր թեւը, որքան հնարավոր էր: Դեղին ավտոբուսը օդ է հավաքում, փշշացնում, մուննաթ գալիս, բացում դուռը…

Լեզվակռիվ է սկսվում մի տղամարդու ու կնոջ միջեւ: Տղամարդու թաթը մնացել էր դռան տակ: Այլեւս չեմ կարող հանդուրժել, ասում է դեղին ավտոբուսը: Ձեզ չեք հարգում, գոնե ինձ հարգեք: Ինչո՞ւ իմ տիրոջն ասեն՝ վրիցդ հոտ է գալիս, ինչո՞ւ ես պետք է թույլատրվածից ավել ուղեւոր վերցնեմ: Անկեղծ ասած, ես ձեր տեղ ամաչում եմ, երեխաներին, կանաց ու աղջիկներին այսպես տեղափոխել, տղամարդիկ էլի “ջհանդամ”: Եվ ընդհանրապես, իմ տեսքին նայեք, չե՞ք տեսնում միթե՞, որ իմ մեռնելու կամ թոշակ գնալու, ջարդոն դառնալու ժամանակն է առհասարակ:

Նույն մայրուղու վրա վարորդը ուղեւորների ուշադրությունն է հրավիրում մի տան, որի տերը ջայլամներ է պահում: Իմացել եմ հնդուշկա է (հնդկահավ), ասում է վարորդը, եւ հետաքրքրվում. տեսնես համո՞վ է դրանց միսը: Ոչ կերել եմ, ոչ գիտեմ, պատասխանում է նրա մոտ նստած ղարաբաղցի մի տղամարդ: Ծիծաղում է վարորդը: Զայլամները նույնքան անխնամ էին, որքան էլէկտրասյան վրա կուչ եկած երկար վզով արագիլները, որոնք ծովային աղետից փրկված թռչուններ են հիշեցնում:

Տրասպորտի թեմայով հեղեղված են հայկական լրատվամիջոցները, եւ անգամ դպրոցական երեխաներին է հայտնի ներքաղաքական ենթատեքստը: Ես Երեւանի անտանելի տրանսպորտը հիշում եմ վաղ 2018-ից եւ արդարության ահամար պետք է նկատեմ՝ նոր ավտոբուսներ են այսօր, որտեղ կարելի է գոնե կանգնել, բայց ինչպես մի կին է եթերում ասել, “այն ժամանակ կռացած էի ուրիշի մարդուն “գրկում”, հիմա` կանգնած, ի՞նչ տարբերություն”:

Գետնի վրա

Բայց եթե 93 տոննա կշիռ ունեցող օդանավավն է կարողանում ավելի շատ ուղեւոր տանել այդքան հարմարավետ, այն էլ երկնքով, այն էլ օվկիանոսից այն կողմ, միթե՞ գետնի վրա հնարավոր չէ ինչ-որ բան անել Հայաստանում: Ես չգիտեմ, եթե Աստված մեզ այնքան նավթ տա, որքան Ալլահն արաբներին, կկարողանա՞նք Արարատյան դաշտավայրի շինարարական աղբի վրա երկնաքերեր կառուցել, ինչպես դա արեցին արաբները Դուբայի ավազներում:

Կա նորվեգիա, կա Նիգերիա, ինչպես ասում են: Երկուսն էլ նավթ ունեն, բայց համեմատել չենք կարող:

Դեղին ավտոբուսն այսօր համեմատաբար ազատ էր: Ինձանից աջ ու ձախ մի տղամարդ ու մի աղջիկ են նստած: Ես երբեք չեմ սխալվում, կռահելով ղարաբաղցիներին Հայաստանում: Մի քիչ հետո տղամարդը աղջակա հետ զրույց է սկսում, հետաքրքրվում որտեղից է եւ այլն…

Աղջիկն ասում է, որ Ստեփանակերտից է:

Ես Ստեփանակերտ վերադառնալու հույսով եմ ապրում, ասում էր նա: Աղջկա ասածի մեջ զգացվում էր ավելի շատ ոչ թե Ստեփանակերտի հանդեպ կարոտը, այլ այն, որ հույսն ավելի շատ “վիտամին” է նրա համար ապրելու համար:

Step1.am-ը վերջերս հարցազրույ է հրապարակել ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ, ով շատ լավ նկարագրել է արցախահայերի հոգեբանական խնդիրները: “Այս իրավիճակը նման է տան փլուզմանը, ու, եթե քանդված տունը կարելի է շինանյութով վերակառուցել, ապա “փլուզված” հոգեկանը ինքնուրույն վերակառուցել, այն էլ՝ հասուն տարիքում, խիստ բարդ է, ասել է Յարամիշյանը:

Ես հարցազրույցը չվերընթերցեցի, բայց կարծեմ, միտք կամ ակնարկ կար այնտեղ, որ արցախցիների վիճակը հիմա ավելի է ծանրացել: “Սեպ չխրելու համար” ես միանգամից ասեմ, որ հայաստանցիների վիճակից էլ գոհ չեմ, մեղմ ասած:

Կանգառում սպասող մի կին, քո մայրենի լեզվի ուսուցչուհին Մալաթիայի շուկայի մոտ (ինչ ցավալի էր նրան այդտեղ տեսնել), ձեր փողոցի կապուտաչյա բուժքույրը, աչքի առաջ սպիտակած, սուպերմարկետի ‘անվտանգությունում’ աշխատող ծանոթներ… Ես առհասարակ մուրացկաններ չեմ տեսել Արցախում, առավել եւս երեխաներ, բայց Գորիսում տեսա: “Գիտե՞ս ինչ եմ մտածում… Մտածում եմ, մի տեղ աշխատեմ, հարյուր դրամ ստանամ` հաց առնեմ”, ասում էր նա: Նա իհարկե վաստակեց նույն պահին, ու միանգամից կողքի սուպերմարկետից լուծվող սուպ գնեց, ու չիպսի պես սկսեց ուտել: Չոր-չոր:

Գուցե ես շատ եմ սեւացնում ամեն ինչ, բայց ամեն օր խորացող սոցիալ-հոգեբանական այս իրականությանը դժվար է առերեսվել:

Մարութ Վանյան

 

Սա էլ "իսկական" դեղին ավտոբուսները

ՀՀ ներկայիս կառավարիչները կրկնում են նույն սխալները, որոնք անում էին հայ բոլշեւիկները 1920-1930-ական թթ․

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, Նիկոլ Փաշինյանը սկսել է Ցեղասպանությունը ժխտող թեզեր շրջանառել, ինչպե՞ս եք սա գնահատում։ Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են։

-Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը քաղաքական անչափահասներ են եւ վարում են մի քաղաքականություն, որն իրենց ուղիղ տանում է իրենց քաղաքական գերեզմանը։ Իրենք ծանոթ չեն 1920-1930-ական թվականների հայոց պատմությանը, եթե ծանոթ լինեին, կհասկանային, թե ինչ է նշանակում Ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի հարցի շրջանցում, այդ հարցը մոռացության տալ։ Կարծում եմ, որ փողոցներն ընկնելու ու հեծանիվ քշելու փոխարեն լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նստեին Ազգային գրադարանում եւ երկու-երեք գիրք ավել կարդային։ Թերուս մարդիկ են, անտեղյակ մեր անցյալից, կրկնում են նույն սխալները, որոնք անում էին հայ բոլշեւիկները 1920-1930-ական թվականներին, եւ իրենք էլ դարձան իրենց քաղաքականության զոհը։ Ժամանակ ունեն, հեծանիվ քշելու փոխարեն թող նստեն այդ պատմությունը կարդան։

Սփյուռքի համար ընդունելի՞ է այս քաղաքականությունը, մենք տեսանք, որ ԱՄՆ-ում ու Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանն այս թեզերն առաջ էր տանում։

-Ամեն դեպքում մի քանի հոգանոց դահլիճ լցնելը դժվար չէ վարչապետի համար։ Բայց դա հայկական համայնքի ձայնն ու տեսակետը չէ։ Միշտ կարելի է նույնիսկ Հայաստանից իրենց համար մարդիկ բերել ու տեղավորել այնտեղ, բայց նաեւ այստեղ կարող են գտնվել մարդիկ, որոնք պաշտպանում են իր տեսակետները, բայց դա ոչ Սփյուռքի ձայնն է, ոչ էլ Սփյուռքի մոտեցումը։

Շվեյցարահայ համայնքի ընկերներն արդեն շատ արագ պատասխան տվեցին համայնքային մակարդակով եւ ժխտեցին այն, ինչ ինքը փորձում էր իրականություն ներկայացնել։ Նույնը կլինի նաեւ ԱՄՆ-ում, արդեն տեսանելի է, թե ինչպիսի արձագանքներ կան Սփյուռքում, եւ դա շատ նորմալ է, որ Սփյուռքն արձագանքում է շատ բուռն։ Տասնյակ տարիների աշխատանքը, որից Հայաստանի իշխանություններն անտեղյակ են, փորձում են ինչ-որ խեղկատակ ձեւակերպումներով շրջանցել ու մոռացության տալ։

Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը մտնում է մի դաշտ, որտեղ ծիծաղելի ձեւակերպումներ է անում։ Մարդ արդեն հասկանում է, որ այս մարդը ոչ գիրք է կարդացել, ոչ պատմություն գիտի, ոչ էլ այդ բնագավառում որեւէ տեսական գիտելիք ունի, բայց փորձում է տեսակետներ հայտնել։ Զավեշտ է ուղղակի, ինքնության մասին ինքը տեսակետներ է հայտնում, լսում ես, չգիտես ինչ ասես այդ մարդուն։ Մեկը չկա՞ իր խորհրդատուներից, որ հուշի իրեն ու ասի՝ այս դաշտ մի մտիր, դու այստեղ այնքան անգրագետ ես, այնքան բոբիկ ես։ Իր խորհրդատումները պետք է ասեն՝ բավական է ժողովրդին ու աշխարհին ծիծաղեցնես քո վրա։ Բայց միայն ծիծղաղելը չէ, դա նաեւ շատ վտանգավոր է, որովհետեւ համաշխարհային մակարդակով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին թիկունքից այդպես հարվածելը չափազանց նենգ ու ստոր քայլ է, որն անում են Նիկոլի իշխանության ներկայացուցիչները։

Կարծես 1920-30-ական թվականների կրկնությունն ենք ապրում, երբ ռուս-թուրքական գործարքի հետեւանքով մեր արեւմտահայ ֆիդայիններին հերթով վերացնում էին, նրանց, ովքեր երկրի պահանջով էին ապրում՝ Արարատով, Սիփանով կամ Նեմրութով։ Կարծես հիմա փորձում են նույնը կրկնել, բայց նորից եմ ասում՝ երեւի ծանոթ չեն այդ մարդկանց ճակատագրին։ Նրանք բոլորն իրենց վարած քաղաքականության զոհը դարձան, իրենց գերեզմանափորը հանդիսացան։ Նույնը լինելու է նրանց հետ, պատմությունը երկրորդ ու երրորդ անգամ չի կարող կրկնվել։

-Նա փորձում է հայ ժողվորդին ներկայացնել, թե իբր պարտության միջոցով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն եւ պետք է օգտագործենք դա։

-Դրանք չորրորդ դասարանի երեխաների մտքեր են, որոնք դեռ 5-6-րդ դասարանի հայոց պատմության դասագրքերը չեն կարդացել։ Անգրագետ, քաղաքական անչափահասներ են, մանուկներ, որոնք կամ վախենում են ինչ-որ ուժերից, կամ կաշառվել են։ Ուրիշ բացատրություն չի կարող այստեղ լինել, մարդ այսքան ապուշ չի կարող լինել։ Իր խելքի բանը չէ, ոլորտներ է մտնում, տեսական գիտելիքներ է փորձում հաղորդել, բայց իր գրագիտության մակարդակը չի հերիքում այդ բնագավառում խոսք ասելու։ Գոնե իրեն հուշեն՝ մի խոսիր այդ մասին, քո խելքի բանը չէ, այդ տղա, դու չես հասունացել այդ դաշտում խոսք ասելու համար։

Օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ իրենք պետք է հեռանան։ Պիտի հեռանան եւ անիծված լինեն հավիտյանս։ Նեմրութը, Սիփանը, Արարատը, Եփրատը, Արածանին մոռացողները հավիտյանս անիծված լինեն։ Իրենք չեն, որ որշելու են մեր ինքնությունը, ճակատագիրն ու հայրենիքի սահմանները, մեր պատմությունը, խորհադանիշները։ Իրենք չունեն դա, բայց մենք ունենք եւ հաստատ կպահենք։ Իրենք կգան ու կգնան, ինչպես 1920, 30, 40-ական թվականներին բոլշեւիկները եկան ու գնացին։ Հիմա նեոբոլշեւիկներն են եկել, նորից կգնան, ոչինչ, ժամանակավոր բաներ են սրանք, կանցնեն կգնան։ Պատմությունն ու հայ հանրության մեծամասնությունն իրենց կվերցնի ու շպրտի մի աբղանոց, որտեղ իրենք ու իրենց ազգանունները հավերժ կմնան։

Սփյուռքի մեծ մասը արհամարհում է այս հայտարարությունները, փաշինյանները կգան ու կգնան, մենք շարունակում ենք մեր գործը։

Ռոզա Հովհաննիսյան

Դավիթն ու Նարեն պահպանում են «առաջնորդությունը». Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է

Դավիթ և Նարե անունները 10-րդ տարին անընդմեջ գլխավորում են Հայաստանում ծնված երեխաներին տրվող ամենատարածված անունների ցանկը:
2024 թվականին ծնվել է ընդհանուր 33 648 երեխա՝ 16 034 աղջիկ և 17 614 տղա:
Նարե անվանակոչել են 627 աղջկա, իսկ Դավիթ անունը ստացել է 1165 տղա: Վարկանիշի երկրորդ տեղում են Լուսե (563) և Նարեկ (835) անունները, երրորդում՝ Արփին(541) և Հայկը(624), չորրորդում՝ Մարիան (486) և Արեգը (558): Հնգյակը եզրափակում են Եվան (361) և Մարկը (558):
Արական անունների տասնյակում են նաև Միքայել, Ռոբերտ, Տիգրան, Մոնթե և Լեո, իսկ իգական անունների տասնյակում՝ Մանե, Մարի, Մարիամ, Անահիտ, Աննա անունները:
Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին ծնվել է 33 648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023թ–ի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն ամփոփել է 2024 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։՛
Վիճակագրության համաձայն` 2023-ի համեմատ նախորդ տարի 1263-ով ավելի շատ մարդ է մահացել` 25 576։

Զելենսկին իր պայմաններն է առաջադրել՝ ես կխոսեմ Պուտինի հետ, բայց միջուկային զենք պիտի տաք

Դոնալդ Թրամփի վարչակազմը ինտենսիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Ամենահավանական տարբերակը ներկայիս առաջնագծում հրադադարն է, Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու բացառումը և մինչև տարեվերջ Ուկրաինայում նախագահական ընտրությունները։ 

Ուկրաինան բաց է մինչև 2025 թվականի ավարտը երկրում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար, եթե Սպիտակ տունը պնդի դա։ Այս մասին Suspilne-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

Նաև ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ դեմ չէ այս տարի ընտրությունների կազմակերպմանը, բայց միայն այն դեպքում, եթե հրադադար հաստատվի Ռուսաստանի Դաշնության հետ, և լինեն Արևմուտքից երաշխիքներ, որ Պուտինը չի վերսկսի ագրեսիան։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է անձամբ Վլադիմիր Պուտինի հետ բանակցել հրադադարի շուրջ, եթե դա հանգեցնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։

Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ ներկայումս անհնար է ՌԴ վերահսկողության տակ գտնվող բոլոր օկուպացված տարածքները վերադարձնել բացառապես ռազմական ճանապարհով։

Թրամփը եւս հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե կստիպի՞ Պուտինին լքել Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքները։

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է իր 700 հազար պաշտպանի, իսկ Ռուսաստանը՝ ավելի քան 800 հազարին։

Նախօրեին բրիտանական մամուլին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմի երեք տարիների ընթացքում ուկրաինական կողմից զոհվել է 45100 զինվոր և սպա, ևս 390 հազարը վիրավորվել է։ Սակայն Ռուսաստանի Դաշնության կողմից անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների թիվը դեռևս հայտնի չէ։

Արևմտյան գործընկերները պետք է Ուկրաինային միջուկային զենք տրամադրեն, եթե հրաժարվեն այն ընդունել ՆԱՏՕ-ի կազմում, հայտարարել է Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ արևմտյան երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ ֆինանսավորելով «միլիոնանոց բանակ» և իրենց զորքերը տեղակայելով այս երկրում։ «Ձեր զորախմբերը տեղափոխեք մեր պետության այն հատվածներում, որտեղ մենք ցանկանում ենք կայունություն ունենալ, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն»,- կոչ է արել Զելենսկին իր դաշնակիցներին։

Եթե ​​Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, Պուտինը, ով իր ներխուժումն արդարացնելու համար նշել է Կիևի հնարավոր անդամակցությունը դաշինքին, «պետք է ամբողջությամբ դուրս գա մեր տարածքից», շարունակել է Զելենսկին։ «Նա ներխուժեց, քանի որ վախենում էր, որ մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Լավ, մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Մեր հողերը հետ տվեք։ Սա պետք է դիտարկել հենց այսպես»,- վստահ է Ուկրաինայի նախագահը։

Բա որ զոհ չենք, ինչպե՞ս զոհաբերեցինք Արցախը

Փաշինյանը փորձում է համոզել հայ ժողովրդին հրաժարվել  «զոհի» հոգեբանությունից, մոռանալ անցյալը և առաջ նայել, միաժամանակ խոստովանում է, որ շարունակում է զոհաբերել հայկական հողերը, իրավունքները եւ շահերը։

«Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել զոհ գնալը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», – պնդում է Փաշինյանը։

Միեւնույն ժամանակ նա խոստովանում է, որ բազմաթիվ «զոհաբերությունների» է գնացել, հատկապես, հանձնելով Արցախը։ Հիմա էլ փորձում է “զոհաբերել” Ցեղասպանությունից տոժածների ժառանգների իրավունքները։

Նա ասել է, որ «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ենք ձեռք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Նա խոստովանում է, որ Արցախը գիտակցաբար զոհաբերվել է «հանուն մնացած Հայաստանի»։

Ըստ Փաշինյանի՝ հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա. «Ես չէի ուզի նաև, որ այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի մասին է եղել: Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել, և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա»:

“Զոհ չլինելու” Փաշինյանի կոչից կարելի է ենթադրել, որ հայերը ինքնակամ են զոհ դարձել, իրենք են իրենց կոտորել, տեղահանել Արցախից, եւ հենց որ հայերը իրենց զոհ չզգան, ամեն ինչ լավ կլինի։ Նման հոգեբանական աբսուրդը թույլ է տալիս չմեղադրել դահճին եւ նախապատրաստվել հաձորդ զոհաբերության։

Փաշինյանի 7 տարվա կառավարումը՝ անվերջ եւ գիտակցված զոհաբերում է հանուն մեկ չզոհաբերվող նպատակի՝ պահպանել իշխանությունը։ 

Սուր շնչառական վարակների հիմնական թիրախում երեխաներն են

Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի 5-րդ շաբաթվա (հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում պահպանվում է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա  համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի  համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։

Ըստ աղբյուրի ՝ ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է՝ 1022 պացիենտ, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա: Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։  Թոքաբորբով հոսպիտալացվել են 578 պացիենտ, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթ հոսպիտալացվել էր 584 բուժառու։

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել է 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիտալացումները նվազել են 1,1 անգամ։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս չի հայտնաբերվել:

Թրանփին առաջարկում են օգտագործել Բաքու-Երուսաղեմ կապերը Իրանի դեմ

Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունը կարող է շահավետ լինել ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ Եվրասիայում Ամերիկայի ավելի լայն ռազմավարական առաջնահերթությունների համար, գրել է The National Interest-ը։

Թրամփի Սպիտակ տունը պետք է դուրս գա ստանդարտ մտածողությունից: Եվ պետք չէ շատ հեռուն նայել՝ ճանաչելու համար այն դերը, որը կարող է խաղալ Ադրբեջանը: Դա մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկիր է, որը զգալի սահման ունի Իրանի հետ: Այն բաժանում է Իրանը Ռուսաստանից, որն ակտիվորեն զարգացնում է հյուսիս-հարավ առեւտրային միջանցքը։ Բաքվի նավահանգիստը նաեւ հիմնական առեւտրային դարպաս է Կենտրոնական Ասիայից Արեւելք-Արեւմուտք առեւտրի համար, գրում է The National Interest-ը:

Հեղինակը բացահայտում է, որ “Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները կենտրոնացած են եղել երեք հիմնական մակարդակում. Բաքուն Երուսաղեմի էներգետիկ անվտանգության կենսական աղբյուրն է։ Մյուս կողմից՝ Իսրայելը նրա ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարն է։ Ընդհանուր վտանգ ունենալով էքսպանսիոնիստական Իրանից՝ երկու երկրները սերտ գործընկերություն են պահպանել, հատկապես հետախուզական տեղեկատվության փոխանակման ոլորտում, հակազդելու համար տարածաշրջանում իշխանություն նախագծելու իսլամական հանրապետության ջանքերին”: 

Հիմնական պահը, որը պետք է նշել, այն է, որ խողովակաշարով նավթի մատակարարումներն Իսրայել մնացել են անխափան Գազայի տասնհինգ ամիս տեւած պատերազմի ընթացքում, գրում է The National Interest-ը:

Ամերիկայի շահերից է բխում սերտ հարաբերություններ զարգացնել ադրբեջանցիների հետ՝ ավելի լայն տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն պահպանելու համար, հատկապես երբ Թուրքիայի եւ Արաբական ծոցի երկրների հավասարակշռությունը դառնում է ավելի կարեւոր:

Էրիկ Պողոսյանին Արցախում ճանաչում էին շատերը․ նա նկարելով է հաղորդակցվում աշխարհին

Էրիկ Պողոսյանին Արցախում ճանաչում էին շատերը։

Նա Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի առաջին շահառուներից է: Մանուկ հասակից նրա մոտ ախտորոշվել է ՙՄկանային դիստրոֆիա,,:

Էրիկը մանկուց սիրում Է նկարել: Ստեղծագործել սկսել է 14 տարեկանից։ Արցախում նկարելը նրա համար ոչ միայն սիրելի զբաղմունք էր, այլև արտաքին աշխարհի հետ շփվելու միջոց ու վաստակելու ձև:

Արցախից տեղահանվելուց հետո Էրիկն իր ընտանիքի հետ սկզբում հաստատվեց Վանաձորում, սակայն քաղաքի խոնավ կլիման էլ ավելի սրեց նրա առողջական խնդիրները։ Այդ պատճառով նրանք որոշեցին տեղափոխվել Արտաշատ՝ հույս ունենալով, որ չոր կլիման կբարելավի Էրիկի վիճակը։

Սակայն ցավոք, նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, առաջացան շնչառական ծանր խնդիրներ: Նա հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում՝. որոշ ժամանակ անց, բուժում անցնելուց հետո, տեղափողվեց տուն։ Այժմ արդեն տանն է, սակայն առողջությունը դեռ չի վերականգնվել։

Ներկայումս Էրիկն ինքնուրույն շնչել չի կարողանում և դա անում է շնչառական սարքի օգնությամբ։

Ք Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի մասնագետները մինև օրս շարունակում են աջակցել Էրիկին, տնային այցելություների շրջանակում տրամադրելով անհրաժեշտ բժշկական պարագաներ և խոհրդատվություն։

Այսպիսով, օրերս Կենտրոնի նախաձեռնությամբ, կազմակերպության աջակից բարեկամների շնորհիվ հաջողվեց Էրիկին ապահովել շնչառական սարքով և էլեկտրական մահճակալով։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շնորհակալություն է հայտնում իր բոլոր աջակիցներին՝ կենտրոնի և շահառուների կողքին լինելու ու պարբերաբար աջակցելու համար։

Արսեն Աղաջանյան

«Չաուշենսկու նման պատի տակը չքարկոծվեն հանկարծ, հերիք է ժողովրդին գազազեցնեն»

Հարկերի բարձրացման դեմ դժգոհող տնտեսվարողներն այսօր առավոտվանից դարձյալ բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ։

«Նիկոլը մեզ հետ արեց էն ամենը, ինչից ինքը միշտ բողոքում էր, միշտ ցույցեր էր կազմակերպում։ Եթե նրանք ինչ-որ բան չկարողացան միչեւ վերջ իրագործել, ինքն արեց մինչեւ վերջ՝ Ղարաբաղն էլ տվեց, ժողովրդին էլ սնանկացրեց, հիմա էլ անվտանգության հարցն է։ Տրանսպրոտը թանկացում եք, ամեն ինչ թանկացնում եք, որ ռայոններից «համբալ» գյուղացիներш երեխեքը չգան կրթություն ստանան, տրանսպորտի փող չունենան, չէ՞։ Մենք իրեն բերեցինք՝ իմանալով, որ ինքը հասուն չէ, որպեսզի երկիր ղեկավարի, բայց ուրիշը չկար, իրեն բերեցինք։ Եթե հրաժարական չտա, մենք բերել ենք, մենք էլ կհանենք իրեն։ Բայց թող իրենք վախենան, Չաուշենսկու նման պատի տակը չքարկոծվեն հանկարծ, հերիք է ժողովրդին գազազեցնեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Տնտեսվարողներն ասում են, որ իրենց ստիպում են գույքագրում, հայտարարագրում անել, իրավիճակը խճճել են։ «Մենք պատրաստ ենք հարկը վճարել, չենք հրաժարվում հարկերից, թող հարկը ճիշտ դնի, պարզեցնի, որ ցանկացած քաղաքացի կարողանա աշխատել։ Մենք հիմա չենք հասկանում, պետք է հրավիրենք մասնագետներ, որ մեզ բացատրեն։ Հարկային տեռոր է սկսվում ազգի դեմ, որը շատ վատ բանի է տանում՝ թալանի ու ամեն ինչի»,- ասաց առեւտրականներից մեկը։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իշխանությունների որոշումների հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանալու այս հարկային բեռի տակ մտնել։ «Սա հանգեցնելու է նրան, որ փոքր ու միջին բիզնեսը չկարողանա գոյատեւել։ Հակառակը, խոշոր բիզնեսն ամբողջովին կլանելու է փոքր ու միջին բիզնեսին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Կաթողիկոսը մեկնեց Շվեյցարիա․ ի՞նչ կլինի Ցեղասպանության եւ Արցախի հարցի հետ

Փետրվարի 5-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շվեյցարիա։

Մեկշաբաթյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ։

Հիշեցնենք, որ նորերս Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայատարարություններ է արել, որոնք կասկածի տակ են դնում Ցեղասպանության իրողությունները։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ նա եւս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ ժամանակն է պատմական Հայաստանից անցնել “իրականին”։

Հիշեցնենք, որ Շվեյցարիան այն քիչ երկրներից է, որի դատարանը որոշում է ընդունել, հիմնվելով Լոզանի պայմանագրի վրա, թույլ չտալով Թուրքիային սեփականաշնորհել հայկական համայնքային գույքը։

Բացի այդ, Փաշինյանը ձեւացրել է, թե չի լսել Շվեյցարիայի խորհրդարանի՝ Արցախի հարցով միջազգային համաժողով անցկացնելու առաջարկի մասին։

 

Թրամփը ցանկանում է Գազան ու Ուկրաինան վերածել «ռիվիերայի». նրան կհետաքրքրի՞ Հայաստանի, այդ թվում Արցախի ոսկին

Դոնալդ Թրամփը ստանձնել է ուկրաինական և պաղեստինյան ճգնաժամերը լուծելու գործը իրեն բնորոշ բիզնես ձևով։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է առնելու Գազայի հատվածը։ Այս խոսքերը նա ասել է փետրվարի 4-ին Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

«ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, մենք կաշխատենք նրանց հետ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ «Մենք կտնօրինենք այն, և մենք պատասխանատու կլինենք այնտեղից բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զենքերը հեռացնելու համար»:

Նրա խոսքերը հնչեցին Գազայի հատվածի ամբողջ պաղեստինցի բնակչությանը` ավելի քան երկու միլիոն մարդու, Հորդանան, Եգիպտոս և այլուր տեղափոխելու առաջարկից հետո:

«Եթե պետք լինի, կանենք, այս տարածքը կվերցնենք վերահսկողության տակ, կզարգացնենք, հազարավոր աշխատատեղեր կստեղծենք։ Սա մի բան կլինի, որով կարող է հպարտանալ ողջ Մերձավոր Արևելքը»,- հավելել է Թրամփը։ Հարցին, թե ով է ապրելու այնտեղ, հանրապետականը պատասխանել է, որ Գազայի հատվածը կարող է տուն դառնալ «խաղաղության մարդկանց համար», «Մերձավոր Արևելքի Ռիվիերա»:

«Նրանք այնտեղ են [Գազայում], քանի որ այլընտրանք չունեն: Ի՞նչ ունեն նրանք։ Այժմ դա փլատակների մեծ կույտ է», – ասել է Թրամփը։

«Գազայի հատվածի մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականացվեն։ Մենք պետք է վերջ տանք մեր ժողովրդի դեմ օկուպացիային և ագրեսիային, այլ ոչ թե վտարենք նրան իրենց հողից»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին։

Բայց Նեթանյահուն դրական է ընդունել Թրամփի խոսքերը։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թրամփը «մտածում է ստանդարտից դուրս՝ թարմ գաղափարներով» և «ցուցադրում է ավանդական մտածողությունը ոչնչացնելու պատրաստակամություն»։

Ամռան վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Գազայի հատվածը անվանեց «առաջնային անշարժ գույք» և հարցրեց, թե ինչպիսի հյուրանոցներ կարող են կառուցվել այնտեղ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրին:

Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում եւս քննարկել է անշարժ գույքի հարցը, մասնավորապես՝ Օդեսան անվանել է լավ վայր այս հատվածը զարգացնելու համար, WSJ-ին հայտնել է աղբյուրը։

Բացի այդ, Թրամփը վերջերս հայտարարեց Ուկրաինայի բնական ռեսուրսների փոխանակման պատրաստակամության մասին Կիևին շարունակվող ռազմական օգնության դիմաց: Ավելի վաղ Զելենսկին 2024 թվականին իր «Հաղթանակի ծրագրում» դաշնակիցներին առաջարկել էր մասնակցել Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների և այլ կարևոր օգտակար հանածոների զարգացմանը։ Թրամփի առաջարկից հետո Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան «բաց» է Ուկրաինայում հանքային ռեսուրսների զարգացմանը օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների մասնակցության վերաբերյալ քննարկումների համար։

Այսպիսով, Թրամփը մտադիր է «բիզնես լուծումներ» գտնել Գազայի և Ուկրաինայի համար։ Թե որքանով դա հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը։

Թրամփը բիզնես շահեր ունի՞ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։ Ի՞նչ «գործարար առաջարկ» է Փաշինյանը բերել ԱՄՆ։ Ոսկին և այլ մետաղները Հայաստանում, այդ թվում՝ Արցախում, միշտ էլ հետաքրքրել են ԱՄՆ-ին։ Հիշենք Ամուլարի պատմությունն՝ իր տոննաներով ոսկու պաշարներով։ Գուցե պատահական չէ՞, որ վերջին օրերին ռուսական ընկերությանը պատկանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլներ են սկսվել։