Հայկականից հետո Էրդողանը ձեռնամուխ եղավ քրդական խնդրին, այժմ՝ Սիրիայի հետ

Էրդողանը բանակցություններ է վարել երեքշաբթի Անկարա ժամանած Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Էրդողանն ասել է, որ Ալ-Շարաայի հետ քննարկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիայում արգելված) և «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեղ քայլերը։

«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սիրիային ցանկացած մարտում, լինի դա ISIS*, թե PKK\PYD դեմ: Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում իմ եղբոր՝ Ահմեդ ալ-Շարաայի ամուր կամքի առնչությամբ։ Հույս ունեմ, որ մենք միասին կգործենք»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով 1999 թվականից պատիժ է կրում բանտում, դիմելու է իր կողմնակիցներին՝ զենքերը վայր դնելու և Թուրքիայի հետ կռիվը դադարեցնելու կոչով։

Լոզանի պայմանագրի հավանական չեղարկումից հետո իր սահմանները հաստատելու համար Թուրքիան պետք է լուծի երկու հիմնական խնդիր՝ հայկական և քրդական։ Հայկական հարցը գործնականում լուծված է. Արցախի օկուպացիայից հետո Հայաստանի վարչապետն անձամբ է շրջում աշխարհով մեկ՝ համոզելու սփյուռքին հրաժարվել Ցեղասպանությունից և Թուրքիայի դեմ պահանջներից՝ ճանաչելով հայ-թուրքական ներկայիս անօրինական սահմանը։

Հիմա հերթը քրդերինն է։

ԱՄՆ Կոնգրեսում խոսել են “պատմական” Հայաստանի խնդիրների մասին՝ Արցախ, Ցեղասպանություն

ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել էր Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կրոնական ազատության խնդիրներին։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

կոնգրեսական Քրիս Սմիթը կարևորեց գագաթնաժողովն՝ ընդգծելով, որ այս միջոցով հնարավորություն է ընձեռվում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանություններին տեղեկանալ իրավիճակին գետնի վրա:

Խոսելով հայկական հիմնախնդիրների մասին՝ նա քննադատության ենթարկեց նախորդ վարչակազմի վարած քաղաքականնությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտեց Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար: Ադրբեջանը կալանքի տակ է պահում անմեղ մարդկանց և օգտագործում սնունդը որպես ճնշման միջոց Լեռնային Ղարաբաղում, շեշտում է կոնգրեսական Սմիթը:

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ և դա միանգամայն պարզ դարձնենք»,- ասել է կոնգրեսական Սմիթը:

Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի հայության իրավուքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված ամերիկահայ կառույցներն այն դիտարկում են որպես լավ հնարավորություն բարձրաձայնելու հայությանը հուզող խնդիրների մասին:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիրն տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծոմ է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ։

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասոմ է Խալոյանը

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքուն նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը»,–գրում է լրատվամիջոցը:

«Ղարիբ Բաբայանի արարքում հանցագործություն առկա չէ, քրեական հետապնդում չպետք է հարուցվեր»

«Ղարիբ Բաբայանի արարքում հանցագործություն առկա չէ, քրեական հետպնդում չպետք է հարուցվեր, եւ քրեական վարույթ չպետք է իրականացվի։ Իրականում պետք է պատժվեն Հանրապետության հրապարակում սադրողները, այսինքն՝ Իրանի քաղաքացիները՝ ազգությամբ ադրբեջանցիները, այլ ոչ թե այդ լկտիությանը բացասական, խրատական կամ քննադատող միտք արտահայտող անձը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Դավիթ Հովհաննիսյանը արցախցի դասախոս Ղարիբ Բաբայանի պաշտպաններից է։ Նա նշեց, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չի կարող շատ մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ, այս փուլում համապատասխան գործողություններ են իրականացվում։

Նա ասաց, որ այս գործում քաղաքական ենթատեքստ կա Հանրապետության հրապարակում այդ անձանց հայտնվելու, «Ղարաբաղ» երգը երգելու մեջ։ Բայց Ղարիբ Բաբայանի արձագանքի տեսնակյունից քաղաքական ենթատեքստ ընդհանրապես առկա չէ։ «Եթե այդ տեսանյութը չհրապարակվեր Ղարիբ Բաբայանի կողմից եւ հրապարակվեր մեկ այլ անձի կողմից ու լայն տարածում ստանար, ինձ թվում է, դարձյալ նույն պատմությունը լինելու էր։ Այստեղ հարցն այն է, որ այդ գրառումը տեսանյութի հետ միասին շատ մեծ տարածում է ստացել, քանի որ տեսանյութը վիրավորում էր հայ մարդու արժանապատվությունը։ Այսինքն՝ ազգի մոտ էմցիոնալ ընկալում է եղել, մարդիկ հուզական են ընկալել այդ տեղեկատվությունը, քանի որ այդպիսի ֆոն առկա է․ Ադրբեջանն ասում է՝ Երեւանը «Իրեւան է», Հայաստանը՝ «արեւմտյան ադրբեջան»։ Այդ ֆոնի մեջ էլ տեղավորվում է նաեւ այս դեպքը»։

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Երեւանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգը երգած եւ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ չնշելով ազգությունը։ Հարցին, թե ի՞նչ է պարզվել գործով՝ Հանրապետության հրապարակում երգողները Իրանի քաղաքացի ադրբեջանցի՞ներ են, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախաքննական գաղտնիքի պատճառով չի կարող մանրամասներ հայտնել։ «Բայց իմ կարծիքով՝ եթե ադրբեջաներեն են երգել, ցանկացած հայի համար նրանք թուրք են, ադրբեջանցի են։ Տարբերություն չկա, թե ինչ ազգության են, անբարոյականություն է նման արարք թույլ տալը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արցախցի դասախոս Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանից հետո, երբ նա իր սոցիալական ցանցում տարածել էր Երեւանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգող անձանց վերաբերյալ տեսանյութը։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղարիբ Բաբայանը տարածել է «քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։

Ռոզա Հովհաննիսյան

Հույս ունեմ, որ այսքանից հետո կհաստատվի աշխատանքային ստաժս

Արցախցիները շարունակում են բախվել տարբեր խնդիրների։ Կենսաթոշակառու տարիքի հասած արցախցիների զգալի մասը փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում ձևակերպել օրենքով իրենց հասանելիք թոշակը։

Այդ խնդրի առաջ է կանգնել նաև արցախցի Իրինա Սամվելի Ասրյանը։ Նա Ստեփանակերտ քաղաքից է։ Տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Քանի որ լրացել է զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը, Իրինան ցանկացել է ՀՀ-ում անցնել զինվորական թաշակի, սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով աշխատանքային գրքույկի կորստի պատճառով առաջացել են աշխատանքային ստաժի հաշվարկման խնդիրներ։

-2000-ի մայիսի 1-ից մինչև 2002-ի փետրվարը աշխատել եմ ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքային դատարանում։ 2002-ից մինչև 2010 հունիսի 1-ը՝ ԼՂՀ առաջին ատյանի դատարանում։ Հետո պայմանագրային զիծառայության եմ անցել ԼՂՀ ՊԲ-ում՝ ծառայելով մինչև 2023-ի Արցախի տեղահանումը։ 2024-ի հունվարին լրացել է իմ զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը, և ես դիմել եմ ՀՀ ՊՆ, որ նշանակվի իմ երկարամյա ծառայության թոշակը, սակայն գրությամբ մերժում եմ ստացել, քանի որ բացակայում են առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու մասին հավաստի փաստաթղթերը։

Գրությունը ստանալուց հետո դիմել եմ ՀՀ ԱՆ և <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ, սակայն գրությամբ կրկին մերժում եմ ստացել՝ տվյալներն առկա չլինելու պատճառով։ Քանի որ այլ ճանապարհով հնարավոր չէր հաստատել աշխատանքային ստաժս, դիմել եմ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Դատարանը մերժել է իմ դիմումը։

Նշված վճռի դեմ ներկայացրել եմ վերաքննիչ բողոք և ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել այլ կազմով նոր դատական քննության։

Գործընթացը շարունավում է, և ես հույս ունեմ, որ արդարությունը կհաղթանակի ու կհաստատվի աշխատանքային ստաժս, որից հետո հնարավորություն կունենամ անցնել զինվորական թոշակի,-ասում է Իրինա Ասրյանը։

Իրինան, ինչպես նաև արցախցիների մեծամասնությունը, ապրում է վարձակալած բնակարանում։ Այն, որ ապրիլ ամսից 40+10 աջակցության ծրագիրը կգործարկվի նոր տարբերակով, և ինքը չի ընդգրկվի շահառուների ցանկում, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

-Ունեմ նաև վարսահարդարի մասնագիտություն և բավականին փորձ, սակայն չեմ կարող աշխատանքի անցնել, քանի որ իմ խնամակալության տակ է գտնվում անկողնուն գամված տարեց մայրս։ Նա ունի դեղորայքի և մշտական բուժօգնության կարիք։ Չգիտեմ՝ ինչպես ենք ապրելու, երբ 40+10 դրամ աջակցությունն ավարտվի։ Զինվորական թոշակի անցնելս կթեթևացնի մեր վիճակը։

Այսպիսի անելանելի վիճակի առաջ կանգնած են շատ արցախցիներ, ովքեր փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում թոշակի անցնել։ Կարծում եմ՝ բնակվարձերի աջակցության ծրագիրը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային հարցը,- խոսքը եզրափակում է Իրինան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ո՞վ է հայ մահապարտին ուղարկել Արմեն Սարգսյանին սպանելու՝ բոլորը բոլորի դեմ

Մոսկվայի “Կարմիր արագաստներ” բնակելի համալիրում պայթյունը կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացրել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։

Հիշեցնենք, որ 46-ամյա գործարար, ДНР-ի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «ԱրԲատ» կամավորական գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը մահացել է հիվանդանոցում՝ Մոսկվայի իր շենքում տեղի ունեցած պայթյունից։

Նախնական տեղեկություններով՝ մահապարտ-ահաբեկիչը նախկինում դատված Հայաստանի քաղաքացի է։

Նրա մի քանի հանցակիցներ բերման են ենթարկվել, հայտնում են ռուսական հեռուստաալիքները։ Դժվար է ասել, թե որքանով է դա ճիշտ. նրան մեղադրելը կարող է լինել իրական մարդասպաններից պատասխանատվությունը  հանելու փորձ։

Սկզբում ամենատարածված վարկածն այն էր, որ Արմեն Սարգսյանին ոչնչացրել են ուկրաինական ուժերը. Կիևը նրան հետախուզման մեջ է հայտարարել դեռ 2014 թվականին։

Հետո հայտնի դարձավ Արմեն Սարգսյանի և չեչենների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, որն ավարտվեց Սարգսյանի «հաղթանակով»։

Ընդհանրապես, պարզ չէ, թե ով է հայ մահապարտին ուղարկել Արմեն Սարգսյանին սպանելու, բայց արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանում բոլորը բոլորին դեմ են, եւ այս իրավիճակը կարող է ամեն պահ պայթել։ Պատահական չէ, որ նրանք ցանկանում են կատարվածը ներկայացնել որպես «հայկական ռազբորկա»։

Փոխքաղաքապետը խոստովանում է տրանսպորտային բարեփոխումների ձախողումը

«Չեմ թաքցնի՝ կան քաղաքացիներ, որոնք այսօր, ամեն դեպքում, բոյկոտային տրամադրությանը միանում են, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ այդ պրոցեսը կարելի է շատ միանշանակ ձախողված համարել», – «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Սակայն զրուցի ընթացքում նա ձախողման մի քանի ապացույց բերեց։

«Հաշվարկի մեթոդաբանության մեջ պարզաբանելու որոշակի խնդիր ունենք, բայց առանց թվերի էլ այսօր կարելի է տեսնել, որ համատարած բոյկոտ չկա»: Այսինքն, դեռ չգիտեն, թե ինչքան գումար է հավաքագրվում, կամ գիտեն, բայց վախենում են ասել։

Նա ընդունեց, որ ուղևորափոխադրման «որոշակի օբյեկտիվ նվազում» կա, «բավականին դեռ ուղևորահոսքը իջած է, այսինքն՝ օբյեկտիվորեն դեռ այն ուղևորահոսքը չի, որ ունեինք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին»:

«Այո, ասել, որ համատարած փաթեթների վաճառք կա, և մարդիկ ամբողջությամբ մինչև փետրվարի 1  պատրաստ էին նոր համակարգի գործարկմանը, չեմ կարող այդպես ասել»:

«Ի սկզբանե ուղևորահոսքի մեկ այլ հաշվարկ էր հիմք ընդունվել։ Երբ նոյեմբերի 1-ին արգելեցինք առհասարակ վարորդներին գումար տալ, և արդեն կարող էինք ասել, որ ստվերը, եթե կա էլ, էական ազդեցություն չի ունենում թվերի վրա, արդեն այդ ուղևորահոսքի թիվը հիմք ընդունեցինք»:

«Երբ ասում ենք՝ իջնելու տեղ ունենք, եկեք այսպես ասենք՝ այո, իջնելու տեղ ունենք մինչև զրո՝ տրանսպորտը կարող ենք սարքել ամբողջությամբ անվճար, հարցը այն է, թե այդ որոշման գինը որն է: Այո, միշտ հիմնավոր եմ համարել, ուղղակի միշտ մենք փորձել ենք ժողովրդի հետ կոմունիկացնենք»:

Եթե քաղաքապետարանը ի սկզբանե հիմնավոր հաշվարկ ներկայացներ եւ ուղեվարձը 150 դրամ սահմաներ, հնարավոր է՝ բոյկոտ չլիներ եւ մարդիկ ընբռնումով վերաբերվեյին։ Հիմա, երբ փոխքաղաքապետը խոստովանում է, որ ոչ մի հաշվարկ էլ չի եղել, ուղղակի 300 դրամ թիվ են “կրակել”, նույնիսկ 150 դրամն է կասկածելի թվում։ 

Անհասկանալի է նաեւ, թե ինչ պլան Բ ունի քաղաքապետարանը, եթե մարդիկ մեծամասամբ չվճարեն՝ բարեփոխումը ձախողված համարելով։

Օջալանը կարող է քրդերին կոչ անել զենքերը վայր դնել և դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը

Առաջիկա օրերին Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր,1999 թվականից Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանը հանդես կգա իր աջակիցներին ուղղված «պատմական կոչով»։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության համանախագահ Թունջուր Բատիրխանը։

Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին զենքերը վայր դնելու և թուրքական պետության դեմ զինված պայքարը դադարեցնելու կոչով։

Թուրքիայի կողմից Սիրիային տիրանալուց եւ Թրամփի՝ իշխանության գալուց հետո զինված պայքարը անիմաստ է․ նոր սահմանները որոշվելու են սեղանի շուրջ

Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում  են տեղումներ

Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում  են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։

Արցախի ՊԲ-ի 15% է անցել ծառայության ՀՀ-ում

Արցախի հայաթափումից հետո Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչների ընդամենը 15% է անցել ՀՀ-ում զինվորական ծառայության, այս մասին այսօր «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով համաժողովի պանելային քննարկման ժամանակ նշեց Արցախի պահեստազորի սպա, գնդապետ Գրիգորի Սահակյանը։

«Հակարիի կամուրջն անցնելուց հետո «պարզվեց» , որ զինված ուժերի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիներ չեն, այնինչ Արցախի ՊԲ ներկայացուցիչները ՀՀ զինված ուժերի մի մասն էին»,- նշել է նա։ Պահեստազորի սպայի կարծիքով, այս ցուցանիշը մեծապես կապված է նրա հետ, որ ՊԲ զորամասերը եւ ստորաբաժանումները զորացրվել են եւ այստեղ մոտեցումները ոչ թե կոլեկտիվ, այլ անհատական են եղել։

«Ոչինչ հաշվի չի առվել տեղահանությունից հետո, ասես այդ մարդիկ երբեք չեն ծառայել զինված ուժերում՝ ոչ ստաժ, ոչ փորձառություն ունեն», նշել է Գրիգորի Սահակյանը։

Շվեդիայի դեսպան․ Չկար միջազգային դատական համակարգ, որ կարող էր բացել Լաչինի միջանցքը

Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կողմից այսօր Երեւանում կազմակերպվել է «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին Հայաստանում Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի դեսպաններն ու ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը, քաղհասարակության ներկայացուցիչներ եւ տեղահանված արցախցիներ։

2023թ. Արցախի հայաթափումից հետո մի շարք միջազգային ծրագրեր մեկնարկեցին արցախցիներին օգնելու համար։

«2023թ-ին տեսնում էինք, որ սեւ ամպեր են կուտակվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Մարտահրավերային իրավիճակ էր Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Չկար միջազգային դատական համակարգ, որ կարող էր բացել Լաչինի միջանցքը։ Մենք մեր գնահատականն էինք տալիս, բայց պատրաստ էինք վատագույնին։ Ցավոք վատագույը տեղի ունեցավ՝ ռազմական հարձակումով»,- նշել է Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը, հույս հայտնելով, որ միջազգային օգնությունները կշարունակվեն՝ արցախցիներին օգնելով լիարժեք ինտեգրվել Հայաստանում։

Լրագրող Սիրանուշ Սարգսյանի կարծիքով ուղիղ երկոսությունն այնքան էլ չի կայանում, որովհետեւ շատ հաճախ տեղահանված ընտանիքների մի մեծ մասը տեղյակ չէ առկա աջակցեւթյան ծրագրերից։

«Շրջափակման 10 ամիսների ընթացքում մենք կատարյան մենության մեջ էինք, նույնիսկ Հայաստանից չկար օգնություն, կարծես մենք գոյություն չունեինք այս աշխարհի համար։ Ծրագիրը հնարավորություն է տվել, որ արցախցիները մասնակցեն եւ ինչ որ բան սովորել։ Մենք իհարկե, շնորհակալ ենք աջակցության համար, սակայն մեծագույն աջակցությունն այս պահին 40+10 ծրագիրն է, որը առաջիկայում դադարեցնելու են,- իր մտահոգությունն է հայտնում Սիրանուշը։

Մարիամ Սարգսյան

Ռեշտ-Աստարա բազմաչարչար երկաթգիծ. Իրանը չի ուզում, էլի

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Դուք գիտեք, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակներում ամենակարևոր հարցը Ռաշթ-Աստարա հատվածի երկաթուղու կառուցումն է։ Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները վերջին երեք ամսվա ընթացքում բազմիցս խորհրդակցություններ են անցկացրել այս նախագծի վերաբերյալ: Նրանք շատ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նախարարները պայմանավորվել են այդ նախագծի իրականացման մասին գործադիր պայմանագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը»,-ասել է իրանցի դիվանագետը։
Նա հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:
Ռեշտ-Աստարան փոքր հատված է, որը «ընդհատում» է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային կապը։ Այս հատվածը կառուցվում է ավելի քան 20 տարի, սակայն չի ավարտվում։ Իրանը չի թաքցնում, որ իրեն պետք չէ այս երկաթուղին։ Իրանը կցանկանար տեսնել «հին» ճանապարհի բացումը` Նախիջևանով, Հայաստանով և դրանից դուրս: 

200-ից ավել հայերի կյանք խլած Հայկազովում պայթյունի մասին լռում են, մեղավոր չեն գտնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով»։

Թերթը դատախազություն հարցում է արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։

Սեպտեմբերի 25-ի պայթյունից 1,5 տարի անց իրավական եւ քաղաքական որեւէ գնահատական չի տրվել։ Ի՞նչ էր դա՝ ողբերգական պատահականությո՞ւն, անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա։ Պայթյունից տուժածներից մի քանիսն, օրինակ, ասում են, որ այդ պահին երկնքում անօդաչու են տեսել։  

Եթե դա դիվերսիա էր, ապա ո՞վ էր պատասխանատու։ Այդ օրերին Ակնայում դեռ գործում էր ռուս-թուրքական “մոնիտորինգային” կենտրոնը, եւ եթե օդում անօդաչու կար, դրա մասին հաստատ կինանան ռուսները։ 

2020-2023 թթ․ իրադարձությունների գնահատականներ Հայաստանում չեն տալիս, որ հանկարծ չխաթարվի “խաղաղ գործընթացը”։ Չէ՞ որ դատախազությունը չի կարող արցախցիներին եւ բանակին մեղադրել ռմբակոծությունների, հարձակումների, սպանությունների եւ բռնի տեղահանության մեջ։ Ստիպված կլինեն մեղադրել կամ Բաքվին, կամ Մոսկվային, իսկ դրա համար դուխը չի հերիքում։ 

200-ից ավել հայերի կյանք խլած պայթյունի մասին լռում են։