Թրամփը Ուկրաինայից պահանջում է «մոռանալ» ՆԱՏՕ-ի մասին, Ռուսաստանին էլ «զիջումների» է կոչ է անում

«Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ի մասին, դրա համար սկսվեց պատերազմը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը նույնպես պետք է զիջումների գնա՝ հանուն խաղաղության համաձայնագրի, սակայն մանրամասներ չի հայտնել։

Թրամփն ասել է, որ բանակցությունների ընթացքում կփորձի ստիպել Կրեմլին տարածքների մի մասը վերադարձնել Ուկրաինային։ Սակայն, ըստ նրա, դրան հասնելը շատ դժվար է լինելու։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա, ըստ ամերիկյան նախագահի, դրանց վերացումը կսկսվի միայն պատերազմի ավարտից հետո։

Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ մտադիր չէ Կիևին «չափազանց շատ» անվտանգության երաշխիքներ տալ։ Նա պարզաբանել է, որ Եվրոպան պետք է դառնա Ուկրաինայի երաշխավորը։

Ռուսաստանի «զիջումները», ըստ երևույթին, դա պատերազմում գրավված կամ դեռ չգրավված տարածքների մի փոքր մասի վերադարձն է, ինչպես նաև Կիևում իշխանության ձևավորմանը ուղղակիորեն միջամտելուց հրաժարվելը։ Մոսկվան արդեն ընդգրկել է «խորհրդային» Ուկրաինայի 6 մարզեր իր կազմում, ամրագրելով դա Սահմանադրությամբ։ Ռուսաստանը նաև խոսում է Կիևում «ճիշտ իշխանության» անհրաժեշտության մասին։

Ռուսաստանը պատրաստվում է սպանությանը սովոր կես միլիոն մարդկանց ռազմաճակատից վերադարձին

«Դե, պատերազմը ինչ-որ պահի կավարտվի։ Այսինքն՝ 300-500 հազար մարդ տուն կվերադառնա։ Իսկ տնտեսությունը, որը այժմ փորձում են սառեցնել, ի վիճակի է արդյոք բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծելու զինվորների ներկայիս աշխատավարձից ոչ ցածր աշխատավարձով։ Կարո՞ղ է տնտեսությունը բավականաչափ բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծի, որպեսզի մարդիկ հայտնվեն քաղաքացիական կյանքում: Քաղաքացիներն իրենց այս հարցը տալի՞ս են. սա կանխատեսո՞ւմ են”, – ասել է ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը։

Սոլովյովը չհնչեցրեց ակնհայտ փաստը, որ ռազմաճակատից վերադարձող մարդիկ, ովքեր սովոր են ոչ միայն մեծ փողերի, այլեւ սպանություններին, Ռուսաստանը ներքաշելու են տոտալ հանցագործության մեջ։ Արդեն հիմա վնասվածքների պատճառով կամ արձակուրդում գտնվող իրենց քաղաքներ վերադարձող զինվորները զանգվածաբար սպանում են իրենց համաքաղաքացիներին։

Իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը և Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ալագյազ-Արթիկ, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում (բուք) տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Արցախյան ամենախոշոր ընկերությունների՝ Հայաստանում գրավադրված գույքը հետ կվերցվի չմարված վարկերի դիմաց

 Լեռնային Ղարաբաղից այն ընկերությունները, որոնք չմարված վարկեր ունեն, կզրկվեն Հայաստանում գրավադրված գույքից։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները, որոնք առաջարկել է ՀՀ Կենտրոնական բանկը, հավանության են արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և ներկայացվել են լիագումար նիստի:
Նախագիծը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ ընկերությունը գրանցված է եղել Արցախում, սակայն բանկից վարկ վերցնելով՝ գրավ է թողել Հայաստանում գտնվող գույքը: Այն ընկերություններին, որոնց գրավը նույնպես Արցախում է եղել, ոչ մի պահանջ չեն պատրաստվում ներկայացնել։
Ելույթ ունենալով հանձնաժողովում՝ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղից ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակ էին ստացել Հայաստանում վերագրանցվելու համար: Ընկերությունների մի մասը չի օգտվել այդ հնարավորությունից։ Նման ձեռնարկությունների թվում են 30-40 ընկերություններ, որոնք չմարված վարկեր և գրավադրված գույք ունեն Հայաստանում։ Ընդ որում, բանկերն ու Ֆինանսների նախարարությունը, որը գնել է այդ վարկերը պահանջելու իրավունքը, չեն կարող բռնագանձել գրավը, քանի որ իրավաբանորեն այդ ընկերությունները Հայաստանի իրավական դաշտում գոյություն չունեն։
Այս իրավական բացը ծածկելու համար ԿԲ-ն առաջարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարել, ըստ որի ընկերությունների և դրանց մասնակիցների պարտքային պարտավորությունները չեն դադարեցվում, եթե բանկի հետ համաձայնությամբ պարտքը չի մարվել:
Ընդհանուր առմամբ, խոսքը 30-40 ընկերությունների և 27 մլրդ դրամ (մոտ 68 մլն դոլար) ընդհանուր գումարի գրավի մասին է։ Միջին հաշվով մեկ ընկերությանը բաժին է ընկնում ավելի քան 1 մլն դոլար, ինչը, Նուրբեկյանի խոսքով, վկայում է, որ խոսքը հիմնականում խոշոր ձեռնարկությունների մասին է։
Հիշեցնենք, որ ԼՂ սուբյեկտների (կառավարության և պետական հիմնադրամների, ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց) ընդհանուր վարկային պարտքերը գնահատվել են 315 մլրդ դրամ (790 մլն դոլարից մի փոքր ավելի): Հաշվի առնելով, որ վարկառուներից շատերը չէին կարողանում սպասարկել իրենց պարտքերը, Հայաստանի բանկային համակարգը կարող էր մեծ ռիսկերի բախվել։
Ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար կառավարությունն իր վրա է վերցրել պարտքերի 70%-ը, իսկ բանկերը համաձայնեցին դուրս գրել մնացած 30%-ը: Սակայն այդ 70%-ը չի ներվել, այլ պահպանել է պարտքային պարտավորությունների կարգավիճակը։ Վարկերի մի մասը, որոնք կասկած չէին հարուցում, չեղարկվել են, իսկ ավելի խնդրահարույց փոխառությունները շարունակում են ուսումնասիրվել։

ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովում արցախցիների իրավունքների հարցն առանցքային հարցերից է․ Ռուստամյան

«Մենք առաջ ենք տանելու արցախցիների հավաքական վերադարձի հարցը, դրա համար բոլոր հիմքերը կան՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի վճիռներից։ Դրանք բոլորը հիմք են ստեղծում արցախահայերի վերադարձի հարցը լուծելու համար, բայց չի կարելի պատկերացնել վերադարձ պարզապես այն պայմաններում, որը հիմա այնտեղ կա։ Դրա համար պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ, եւ այդ երաշխիքների ծավալը նույնպես միջազգայնորեն հնարավոր է ամրագրել»,- այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովում արցախցիների իրավունքների հարցն առանցքային հարցերից է։

«Մենք կարծում ենք, որ հավաքական վերադարձի համար արցախահայերին պետք է տրամադրվի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի իրենց վերադարձը չլինի նույն սպառնալիքների ներքո, որից այս հայաթափումը սկսեց։ Միջազգային ճնշում պետք է բանեցվի Ադրբեջանի վրա, այլ կերպ դա լուծել հնարավոր չէ, միջազգային հանրության ամբողջ աջակցությունն է դրա համար անհրաժեշտ։ Բայց դա նշանակում է ամենօրյա աշխատանք։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ դիվանագիտություն ունի երեք մակարդակ, կա պաշտոնական մակարդակ, խորհրդարանական եւ ժողովրդական մակարդակ։ Հիմա այն, ինչ մենք կարող ենք անել, ժողովրդական մակարդակն է, որը Հայ դատի գրասենյակներով իրականացվում է։ Բայց պաշտոնական Երեւանը բոլորովին այլ ծրագիր է իրականացնում՝ ամբողջությամբ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, այստեղ է մեր հիմնական դժվարությունը»,- ասաց նա։

“Խնդիրն այն է, որ մեզ պատասխանում են՝ լավ, Սփյուռքը բարձրաձայնում է, բայց Հայաստանից ձայն չկա”

«Այն ինչ լսում ենք միակողմանի զիջումների, Ցեղասպանության իրողության վրա հարցական նշան դնելու մասին, մտահոգիչ են։ Այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում՝ վարչախմբի կողմից պարտադրված, մեզ համար մերժելի է։ Մենք տեսնում ենք, թե ինչ օրակարգ է թելադրվում Հայաստանին դրսից, եւ այդ օրակարգն իր հայախոս մունետիկներն ունի, որոնք պաշտոնական խողովակներով ժողովրդին ասում են՝ այդպիսի օրակարգի ու պատվերի թելադրմամբ՝ մենք ձեզ կբերենք «խաղաղության» ինչ-որ շրջան»,- այսօր լրագրողներին ասաց Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը։

Նա նշեց, որ Սփյուռքը աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի հարցով։ «Սփյուռքի անելիքն ընթացքի մեջ է, ամեն անգամ, երբ հանդիպում ենք պաշտոնյաների հետ, գոնե Կանադայի պարագայում այդպես է, անպայման մեր ցուցակում այդ հարցը կա։ Բայց խնդիրն այն է, որ մեզ միշտ պատասխանում են՝ լավ, դուք բարձրաձայնում եք, բայց Հայաստանից ձայն չկա։ Մենք ուղղակիորեն ասում ենք իրենց՝ ի՞նչ կարեւոր է, մենք՝ իբրեւ հայ մարդ, հստակորեն ձեզ խնդրանք ունենք։ Մենք իրենց ասում ենք, որ դատական շոուն, որը սարքել է Ադրբեջանը, հստակ դեմ է Կանադայի արժեքներին։ Ինչքան կարելի է, բարձրագույն մարմիններում այդ հարցերը բարձրաձայնում ենք։ Բայց եթե Հայաստանից այսօր այդ պահանջը պետական մակարդակով չկա, ցավոք սրտի, դանդաղ է ընթացքը։ Այսինք՝ շատ ճամփա չի կտրի այդ հարցը, եթե Հայաստանն ինքը պահանջատեր չդառնա»,- ասաց նա։

Կանադայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Սեւակ Բելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կանադայի հայ համայնք այսօր քաղաքական իմաստով շատ ակտիվ է։ «Մենք շատ լուրջ շփումների մեջ ենք Կանադայի պետական ներկայացուցիչների հետ՝ մեր բոլոր քաղաքական առաջնահերթությունները ներկայացնելու, բայց միեւնույն ժամանակ հստակ պատգամ ուղղելու իրենց, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն ներկայացնում հայկական Սփյուռքը։ Ես կարող եմ վստահությամբ հաստատել, որ հակառակ իրենց բոլոր փորձերին, ներկա վարչախումբը Կանադայի հայ համայնքը չի կարողացել պառակտել։ Եվ մեծ հաշվով հայ համայնքը շարունակում է համախմբված մնալ»,- ասաց Սեւակ Բելյանը։

Առանց պատմական Հայաստանի, առանց արմատների այսօրվա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ․ Փափազյան

«Փաշինյանը Շվեյցարիայի, Ֆրանսիայի հայ համայնքներում շրջապտույտ ունեցավ, ինքն առաքելության մեջ էր, որ հարցականի տակ դնի Ցեղասպանությունը։ Իսկ ինչո՞ւ է հարցականի տակ դնում, որովհետեւ Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանությունը հարցականի տակ դնի, եւ Ալիեւը պահանջել է, որ ինքը հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

Նա հավելեց, որ Փաշինյանի «իրական Հայաստանի» հայեցակարգը Հայաստանը ծնկի կբերի, որովհետեւ առանց պատմական Հայաստանի, առանց արմատների այսօրվա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ։

Անդրադառնալով Սփյուռքում տիրող տրամադրություններին՝ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ինքն էր ընտրել, թե ում հետ հանդիպի, մոտ 30 անձանց էին զանգել, որոնցից 25-ը հայերեն չէին հասկանում։ Դաշնակցությանը չէին հրավիրել այդ հանդիպմանը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն էլ լրագրողներին ասաց, որ Սփյուռքի համար մտահոգիչ են Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության, Սփյուռք-Հայաստան հարաբարերությունների մասին եւ այլ հայտարարությունները։ «Սփյուռքի մեծամասնությունը, մանավանդ Եվրոպայում, այս վայրկյանին դեմ են նրան»,- ասաց Գասպար Կարապետյանը։

ՀՅԴ․ Թրամփն ավելին էր խոստացել ի զարմանս մեզ, որովհետեւ բավական լրջորեն հայկական դոսյեն ուսումնասիրել էր

ՀՅԴ-ն արցախցիների վերադարձի համար միջազգային երաշխիքներ ունենալու հարցով այսօր աշխատանք է իրականացնում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Միջին Արեւելքում։

«Օրինակ՝ Ֆրանսիայի դեպքում անմիջապես նախագահի պալատի հետ ենք այդ աշխատանքը տանում, իսկ ԱՄՆ-ում՝ նոր վարչակարգի հետ»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նա նշեց, որ կան երկրներ, որոնք պատրաստ ենք անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովել արցախցիների վերադարձի համար։

«Արցախի հարցի լուծումը հետեւյալ ձեւով ենք պատկերացնում՝ առաջինը, արցախահայությունը պետք է համախումբ ապրի Հայաստանում, եւ պետք է ստեղծենք պայմաններ, որ չարտագաղթեն։ Երկրորդ, համաշխարհային առումով պետք է աշխատանք տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար։ Եվ սա ցնորք չէ, որովհետեւ որոշ պետություններ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհությունեն հայտնել։ Արցախցիներին միջանկյալ կագավիճակ շնորհելով՝ միջազգային երշախիքների տակ ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը եւ այնտեղ կառուցի իր կյանքը»,- ասաց նա։

Հարցին, թե որ երկրերն են պատրաստ տալ միջազգային երաշխիք, Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատասխանեց․ «Անվտանգության երախիքները պետք է տա միջազգային հանրությունը։ Եվ դրա համար է, որ մենք աշխատանք ենք տանում։ Չենք կարող հիմիկվանից ասել, թե որ պետությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, բայց այդ ուղղությամբ հետաքրքրվող երկրներ կան»։

Նա հիշցրեց ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությունը՝ արցախցիներին օգնելու անհրաժեշտության մասին։ Ասաց, որ ընտրություններից առաջ գերիերի հարցով իրենք հատուկ խնդրանք են ուղղել Թրամփին, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերդարձնելու Բաքվի բատերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու հայ գերիներին։

«Բայց Թրամփն ավելին էր խոստացել ի զարմանս մեզ, որովհետեւ նախկինում հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր, իսկ այս անգամ բավական լրջորեն հայկական դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի շնորհիվ: Որոշակի ազդակներ ստացել ենք, եւ ուրախ ենք ասել, որ երեք անձինք կան, որոնք ԱՄՆ-ումբարձր պաշտոնների վրա են, որոնք ոչ միչայն ծանոթ են հայությանը, այլ նաեւ այցելել են Արցախ։ Այսինքն՝ կան նախանշաններ, բայց շատ շուտ է, որ 100 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը Հայաստանի հարցը բարձրացնի իր առաջնահերթությունների մեջ։ Թեկուզ վստահ եղեք, որ աշխատանքը շարունակվելու է, ամեն գնով այդ ճնշումները մենք գործադրում ենք տարբեր երկրներում»,- հավելեց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաեւ ասաց, որ «խաղաղության պայմանագրի» հարց այսօր չկա, որովհետեւ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին հարվածներ են հասցնում միմյանց

Փետրվարի 26-ի գիշերը Ուկրաինան իր ամենախոշոր անօդաչուներով հարձակումն իրականացրեց Ռուսաստանի հարավի վրա։ Կրասնոդարի շրջանը ենթարկվել է հարձակման, Տուապսեում հզոր պայթյուններ են գրանցվել, իսկ տարածաշրջանում օդային երթեւեկությունը սահմանափակվել է։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Կրասնոդարի երկրամասում ուկրաինական 83 անօդաչու թռչող սարք է խոցել։ Սակայն ռուսական Telegram-ի ալիքներից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ առնվազն հինգ պայթյուն է տեղի ունեցել Անապայում, ավելի քան 40-ը՝ Տուապսեում։ Թիրախներից մեկը կարող էր լինել Տուապսեյի ծովային առևտրային նավահանգիստը, ինչպես նաև «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանը, որը նախկինում հարձակման էր ենթարկվել։

Անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով Սոչիի օդանավակայանը մտցրեց «Կարպետ» պլանը՝ սահմանափակելով թռիչքները։ Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել Հյուսիսային Կովկասի մի շարք այլ շրջաններում, այդ թվում՝ Միներալնիե Վոդիում, Նալչիկում, Գրոզնիում և Վլադիկավկազում։

Հարձակման հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքին։ Թեմրյուկի շրջանում, Տուապսեում և Անապայի մերձակայքում անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել մասնավոր հատվածում։ Ռուսական իշխանությունները հայտնում են, որ զոհեր չկան։

Կարևոր է նշել, որ բոլոր երեք բնակավայրերը գտնվում են դեպի Ղրիմ անցման մոտ: Նաև գիշերը 30 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են որսացել և խփվել օկուպացված Ղրիմի, մեկը՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների և 13-ը՝ Սև և Ազովի ծովերի վրա։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան Ռուսաստանի տարածք է արձակել 128 անօդաչու թռչող սարք։

Փետրվարի 25-ին ռուսական զորքերը հարձակում են իրականացրել Կրամատորսկի վրա։ Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ չորս երեխա։ Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, ոստիկանությունը արձանագրում է հանցագործության հետևանքները։

Փետրվարի 26-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս շրջանի մեկ այլ բնակավայրում 2005 թվականին ծնված մի աղջիկ հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց՝ գլխի հետևի հատվածի վերքով:

Խարկովում անօդաչու թռչող սարքի երեք հարված է գրանցվել։ Մեկ անօդաչու թռչող սարքը բախվել է բազմաբնակարան շենքի 2-րդ հարկի բնակարանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և երկու բնակիչ վիրավորվել։ Եվս մեկ անօդաչու թռչող սարք ընկել է կենտրոնական փողոցի ճանապարհի վրա՝ վնասելով շենքի ճակատը և կոտրելով մոտ 100 պատուհան։ Երրորդ հարվածը հասավ ռեստորանին։

Այս շաբաթ յոթ մոլորակներ կշարվեն մեկ գծով

Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը կարճ ժամանակով տեսանելի կլինեն Երկրի երեկոյան երկնքում։

Այս երեւույթը հայտնի է որպես մոլորակների շքերթ՝ երբ մի քանի մոլորակներ շարվում են իրար մոտ, իսկ Երկրից դիտելիս պատրանք է ստեղծվում, որ դրանք շարված են մեկ շարքով։

Այս աստղագիտական ​​երևույթը (գիտական ​​հանրության մեջ այն սովորաբար անվանում են մոլորակների հավասարեցում) կարելի է դիտել հունվարի 21-ից փետրվարի 28-ը։ Սա կլինի վերջին անգամը մինչև 2040 թվականը, երբ յոթ մոլորակները այդքան բարենպաստ կշարվեն երկրացիների համար:

Առավելագույն թվով մոլորակներ տեսնելու լավագույն ժամանակը կլինի մայրամուտից գրեթե անմիջապես հետո՝ այս շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին:

Չորս մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնի հետ ավելի դժվար է, քանի որ այն ցածր կլինի հորիզոնից: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ։

Մաքուր երկնքով ավելի լավ հնարավորություն կլինի տեսնելու բոլոր յոթ մոլորակները: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը շատ կարճ է լինելու։

Արզումանյան եղբայրները զոհվեցին նույն օրը՝ 1992-ի փետրվարի 26-ին

Արցախյան գոյամարտի տարիներին բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի։ Նվիրյալներ, որոնց կատարած սխրագործությունների մասին պատմում են ականատեսները և նրանց օրինակով շարունակում են սերունդներ դաստիարակվել։

Յաշա և Միքայել Արզումանյաններ: Հերոս եղբայրներ, որոնց կյանքն Արցախյան շարժման առաջին իսկ օրերից դարձել էր պայքար։ Պայքար գաղափարի, ազատության ու անկախ երկրի:

Յաշան աշխատում էր շրջանային ֆինբաժնում, իսկ Միքայելը Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտի վերջին կուրսի ուսանող էր։ Հանձնելով ավարտական քննությունները՝ նա չսպասեց բարձրագույն կրթության դիպլոմը ստանալուն և վերադարձավ Արցախ՝ անմիջապես անդամագրվելով շարժմանը։ Իսկ այդ ժամանակ Յաշայի մեկ սենյականոց բնակարանն ընդհատակյա հավաքատեղի էր դարձել:

1992-ի փետրվարի 26-ը արյունալի իրադարձությունների մասին է պատմում Յաշայի կինը՝ տիկին Լաուրան եղբայրները <<Լաչին ղույ>> կոչվող տարածքում տեղակայված 2-րդ պահակակետում էին

-1992-ի փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկում են Խոջալուի ազատագրման գործողությունը։ Խոջալուի խաղաղ բնակչության համար հայկական կողմը մարդասիրական միջանցք էր ապահովել։ Ասկերանի վաշտի տղաների առաջ խնդիր էր դրված Աղդամի և Խոջալուի ուղղությամբ ամուր պահել մեր դիրքերը և ապահովել բնակչության խաղաղ ճանապարհը։ Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը սկսվում է Խոջալուի ռազմագործողությունը։ Այդ ընթացքում Աղդամից ամբոխ է դուրս գալիս՝ իբր դիմավորելու խաղաղ բնակչությանը, սակայն նրանք զինված էին և հասնելով <<Լաչին ղույ>> կոչվող տարածքը, որտեղ մեր տղաների պահակակետն էր, կրակ են բացում մեր դիրքերի վրա։

Սկսվում են ուժեղ ընդհարումներ։ Ուժերն անհավասար էին։ Միքայելը վիրավորվում է ոտքից։ Յաշան, մտածելով, որ վիրավոր եղբորն ընկերները դուրս կհանեն, առաջ է գնում և շարունակում դիմադրել։ Հետագայում ողջ մնացած տղաները պատմում են, որ թշնամու ուժերը մեծաքանակ էին։ Յաշան կռվում էր մինչև վերջին փամփուշտը և մնում թշնամու հետ դեմառդեմ։ Պահանջում են՝ զենքը ցած դնել։ Յաշան զենքը դնում է գետնին, սակայն թշնամին չգիտեր, որ նրա մյուս ձեռքում նռնակ կար։ Զենքը վայր դնելու պահին Յաշան շպրտում է նռնակը։ Կատաղած թշնամին սպանում է քաջասիրտ հային և չբավարարվելով դրանով՝ հոշոտում ու անճանաչելի դարձնում մարմինը:

Զոհված տղաների մարմինները հաջողվում է ստանալ մի քանի օր հետո: Մեր աղջիկը՝ Մարինեն, շատ փոքր էր, իսկ Միքայելի դուստրը՝ Նորան, ծնվեց հոր զոհվելուց հետո:

Արցախյան պատերազմի մասնակից, բուժակ Արմեն Գասպարյանը չի կարողանում մոռանալ  

-Այդ սարսափելի օրերից տարիներ են անցել, սակայն երբ հիշում եմ տղաների խոշտանգված մարմինները, սահմռկում եմ։ Փետրվարի 29-ին կատարվեց Արզումանյան եղբայրների ու նրանց հետ զոհված Սամվել Ապրեսյանի դիակների փոխանակումը։ Խոշտանգված ու բոլորովին անճանաչելի էին Յաշայի և Սամվելի մարմինները։ 23 տարեկան էի ընդամենը և այդ տեսարանը երբեք չեմ կարող մոռանալ։ Թաթուլ Շեկյանի գլխավարությամբ փորձում էինք տղաների մարմինները նախապատրաստել հողին հանձնելու համար։ Փետրվարի 26-ին նույն տարածքում, բայց մի քիչ հեռու զոհվեց նաև Սամվել Ավագիմյանը։ Այդ օրն Ասկերանը 4 զոհ ունեցավ, իսկ Գրիգորի Հայրիյանը ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվեց Երևան ու մահացավ այնտեղ։ Դաժան օր էր․ տարբեր բնակավայրերից զոհեր ու վիրավորներ ևս ունեցանք։

Տիկին Լաուրան ցավ է ապրում, որ տղաների արյամբ պատված հողը չեն կարողացել պահել, նրանց անձնազոհությամբ կերտված Արցախը մնացել է թշնամու տիրապետության տակ

 – Աշխատել եմ տարբեր պետական հիմնարկներում։ Վերջին ժամանակահատվածում ձեռներեցությամբ էի զբաղվում և աշխատում էի միշտ օրինապահ լինել ու կատարել պետության հանդեպ իմ հարկային պարտավորությունները։ Մտածում էի՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինել երկրիս հզորացմանը, որի համար արյուն է թափվել։ Ի՞նչ իմանայի։

Արցախյան առաջին պատերազմից հետո մենք տեսանք ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներ։ Կարողացանք անցնել այդ արհավիրքների միջով՝ փորձելով վերստին պայքարել մեր հողում ապրելու համար։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ արցախահայության համար։ Արդեն իսկ որոշված էր մեր ճակատագիրը։ Արցախը պետք էր հայաթափվեր։ Կրկին կորուստներ, կրկին ողբ ու ցավ․․․ Խոնարհվում եմ բոլորի հիշատակի առաջ։

Պատրաստվեցինք տեղահանման ու դատարկված հոգով դուրս եկանք մեր հայրենիքից։ Սեպտեմբերի 25-ի պայթյունը, որի ժամանակ զոհվեցին նաև քրոջս երկու տղաները, լրիվությամբ կեղեքեց մեր սրտերը։ Ճիշտ են ասում՝ ախր դարդ կա, որ դարման չունի։

Արցախյան առաջին պատերազմում նահահատակված հերոսի այրին շարունակում է պայքարել հանուն կյանքի, հանուն մինուճար դստեր ընտանիքի։ Դաժան ցավը սրտում, հարազատների շիրիմների կարոտը հոգում՝ նա չի վհատվում սրտի թրթիռով սպասում է, որ մի օր կհայտարարվի Արցախ վերադառնալու բարի լուրը։ Այնժամ նա կկարողանա տղաների շիրիմներին այցի գնալ ու բոլորի փոխարեն ներողություն խնդրել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Meta-ն ներկայացնում է հեղափոխական AI մտքերի տպագրության տեխնոլոգիա՝ առանց ձեռքերի կամ ձայնի

Meta-ն մշակել է AI տեխնոլոգիա, որը կոչվում է Brain2Qwerty, որը կարող է կարդալ մտքերը ուղեղի ակտիվությունից և դրանք վերածել տեքստի՝ առանց ֆիզիկական մուտքի: Դա արվում է 500 կգ, 2 միլիոն դոլար արժողությամբ սարքի միջոցով, որը միացված է օգտատիրոջ գլխին:

Թեև տեխնոլոգիան արդեն իսկ ցուցադրում է տպավորիչ հնարավորություններ, այնուամենայնիվ մտքերի վերծանման գործընթացում կան սխալներ։ Այս մասին գրում է Forbes-ը։