50 հազ․ դրամ օգնության դադարեցումը՝ արցախցիներին Հայաստանից բռնի տեղահանման խթան է

Հայաստանում իշխանության և մերձիշխանական շրջանակների մակարդակով շարունակում են հնչել արցախցիների նկատմամբ վիրավորական և արհամարհական վերաբերմունք պարունակող հայտարարություններ։ Այս հայտարարությունները կարծես թե նպատակ ունեն թաքցնել Արցախի և արցախցիների խնդիրը մոռացության տալու Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Արհամարհական» հայտարարություններն այն մասին, որ արցախցիները չեն կռվել կամ հայ չեն, կոչված են հայ հասարակությանը ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը «արժանի չէ» ջերմ ընդունելության և օգնության։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ու հարցազրույցներում գործնականում չի խոսում արցախյան խնդրի մասին՝ այն համարելով փակված։ Մյուս կողմից՝ իշխանությունը որոշումներ է կայացնում, որոնք պետք է վերջնականապես փակեն արցախցիների հարցը՝ ստիպելով նրանց կա՛մ արտագաղթել, կա՛մ անիրավ վերաբնակեցնել Հայաստանի սհմանամերձ հատվածներում։

50 հազար դրամ օգնության դադարեցնելը արցախցիների մոտ խուլ հուսահատություն է առաջացրել։ Շատերը բողոքի ակցիաների կոչ են անում, իսկ մյուսներն ասում են, որ այս երկրում բողոքի ակցիաները հիմա միայն մեկ արդյունք ունեն՝ մի երկու անցանկալի մարդկանց կձերբակալեն, իսկ հարցը չի լուծվի։

Արցախցիներն այժմ միայն հրաշքի հույս ունեն, որը չի լինում։

Տանտերերը սկսել են համաձայնվել բնակարանների գների որոշակի նվազմանը, սակայն դա հարցը չի լուծում։ Հարցը պետք է լուծվի իշխանության մակարդակով։ Իսկ կառավարության երկու ձախողված ծրագրերը՝ արցախցիների բնակարանաշինությունն ու զբաղվածությունը, փակում են բոլոր ելքերը:

Եթե ​​չկա բնակարան ձեռք բերելու հույս և աշխատանք, որը թույլ կտա ընտանիք պահել, իսկ պետական ​​օգնությունը դադարեցվում է, ապա սա արցախցիների Հայաստանից վտարման ուղիղ ճանապարհ է։

Կարելի է խելոք դեմքով թվարկել, թե ինչ “գլոբալ” խնդիրներ է փորձում լուծել Հայաստանի իշխանությունը արցախցիների հաշվին՝ բնակեցնել սահմանամերձ տարածքները, հեռացնել «ռեւանշիստ» արցախցիներին քաղաքական ու հասարակական կյանքից և միևնույն ժամանակ քաղաքական դիսկուրսից հեռացնել հայկական հողերի ապաօկուպացիայի թեման։ Բայց այս փաստարկները ոչ մի կերպ չեն արդարացնում ղարաբաղցիներին օգնելու դադարեցման անմարդկային որոշումը։

Սոցիալական հարցերի նախարարը ցինիկաբար ասում է, որ դա արվում է, որ արցախցիները, ովքեր իբր 50 հազարի վրա են հույս դնում, աշխատանք գտնեն, քաղաքացիություն վերցնեն ու աստծուց լքված գյուղերում տուն գնեն տված սերտիֆիկատով։ Նախարարը չի ընդունում, որ արցախցիների համար մեր մեջ ասած հիմար զբաղվածության ծրագիր մշակելու վրա ծախսված գումարները մսխվել են. այս գումարով հնարավոր կլիներ բացել մի քանի ձեռնարկություններ, որտեղ արցախցիները կաշխատեին ու փող կվաստակեին՝ չսպասելով պետական օգնության։

Բայց ոչ, կառավարությունը նախընտրեց արցախցիների զբաղվածության ծրագրի համար միջոցները հատկացնել գործող հայաստանյան ընկերություններին, որոնք պետք է արցախցիներին աշխատանքի ընդունեին անկապ բարդ սխեմայով։

Ինչ վերաբերում է բնակարանային ապահովման ծրագրին, ապա այն ի սկզբանե մեռելածին էր՝ թե՛ վկայագրերի տրամադրման կարգի և պահանջների առումով, թե՛ հատկացված գումարի, թե՛ հիփոթեքային վարկ ստանալու անհնարիութան առումով։ Այն, որ հարցը քաղաքացիություն ընդունելու մեջ չէ, վկայում է այն, որ արդեն քաղաքացիություն և վկայական ստացած մի քանի հարյուր ընտանիքներ դեռևս չեն կարողացել բնակարան գնել, քանի որ դա ի սկզբանե անհնար էր։

Արցախի ժողովրդին օգնության դադարեցման հարցը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես արցախցիներին՝  Հայաստանից բռնի տեղահանման պատմություն։

Նաիրա Հայրումյան

 

«Տեղ ազատենք հույսի համար»․ Ծովինար Բարխուդարյան

Արցախի Հանրային հեռուստատեսության մեկնաբան Ծովինար Բարխուդարյանը, ումից լավ լուրի սպասում ունեինք Արցախում, ունեցավ իր գիրքը՝ մեր բոլորիս ճակատագրերի ու ցավի վավերագրումը՝ «Վերջին կարմիր շրթներկը»։

Օրերս NewMag հրատարակչության գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնի շրջանակներում լույս տեսավ նաեւ Ծովինարի գիրքը։ Չորս պատերազմների միջով անցած Ծովինարն, ով հեռուստատեսային իր ուղին սկսել է «Կարկաչ» ծրագրում, իր կարկաչուն ծիծաղով ուժ ու հույս էր հաղորդում ամենադժվար օրերին։

«Պատերազմներն ինձ սովորեցրել են չվախենալ, բայց վերջին իրադարձությունները վախի եւ բոլոր զգացողություններն են մեզանից խլել»,- ասում է Ծովինարը։

Տեղահանությունից հետո Ծովինարն իր արդեն հարազատ հեռուստատեսությունում՝ «5-րդ» ալիքում մեկնարկեց «Ականատեսը» հեռուստանախագիծը, որը Ծովինարի պատերազմական օրագիրն էր՝ մինչեւ տեղահանությունը։ «Ականատեսն» ու 12 կանանց իրական, ցավոտ պատմություններն այժմ գիրք են դարձել Ծովինարին շատ բնորոշող՝ «Վերջին կարմիր շրթներկը» վերնագրով։

«Ծովինարի «Ականատեսը» պատմեց բոլոր արցախցիների անունից եւ ռեաբիլիտացվող Ծովինարի հետ ռեաբիլիտացվում էր Արցախի ժողովուրդը՝ Ծովինարի պատմածով»,- գրքի շնորհանդեսին նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ամենավատ բանն աշխարհում փակվող աչքերում վերջինը լինելն է։ Մարդիկ, գուցե կուզենային այդ պահին կողքին տեսնել ծնողին, հարազատին, կնոջը, երեխային, բայց վերջին հայացքում մնում ես դու»,- իր համար ամենադժվար պահերի մասին է պատմել Ծովինարի 12 հերոսներից բժիշկ Հերմինե Զարգարյանը, ում համար պայթյունից հետո Արցախը մի այլ կերպ է դաջվել հուշերում։

«Հաճախ, երբ գնում եմ հարցազրույցի, ամեն ինչ կորցրած մարդիկ դժվարանում են պատմել, ասելով՝ մեզ մնացել է մեր ցավը, դա է՞լ ես ուզում վերցնել։ Բայց սիրելի իմ հայրենակիցներ, ցավը պատմել է պետք, որ հույսի համար տեղ ազատենք»,-ասում է Ծովինարն ու հավատում, որ աղոթելով, դարձի գալով մի օր կվերականգնենք այն դրախտը, որ խլվել է մեզնից։

Մարիամ Սարգսյան

Դիլիջանի գիշերօթիկը կվերակառուցվի արցախցիների համար սոցիալական կացարանների

Լուսանկարը՝ Forrights-ից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը տեղեկացրել է, որ Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։

Հիշեցնենք, որ խոսքն այն նույն շենքի մասին է, որտեղ 15 արցախցի էին բնակվում, նրանց այլ կացարան են առաջարկել, բայց մինչ բոլորի տեղափոխումը անջատել են լույսն ու գազը։ Մարդիկ ձմեռվա կեսին մնացել են ցրտի եև անելանության մեջ։

Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու, ասում է նախարարությունը։

Չշահագործվող, լքված շենքում վերջին տարիներին ինքնակամ բնակություն էր հաստատել ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 40 հայրենակից․ նրանցից շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձինք ուղեգրվել են խնամքի կենտրոններ, նախարարության առաջարկով ընտանիքների մի մասը տեղափոխվել է Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Մարալիկում գտնվող սոցիալական կացարաններ, ոմանք էլ նախընտրել են ապրել վարձակալությամբ տներում։

Այս պահին շենքում մնացել է 12 անձ, որոնց ևս առաջարկվել են առավել ապահով ու արժանապատիվ պայմաններ։ Նրանցից մեկն առաջիկա օրերին կտեղափոխվի Աբովյանում գտնվող սոցիալական բնակֆոնդ։

Ընտանիքներից մեկը՝ 8 անձից բաղկացած, պատրաստվում է տեղափոխվել վարձակալությամբ ապրելու (կարող են դիմել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին), մյուս 3 անձանց հետ քննարկվում են տեղափոխման հնարավոր տարբերակները։

Շենքից տեղափոխվելուց հետո հայրենակիցները կկարողանան օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված սոցիալական աջակցությունից, ասում են նախարարությունում։

Հուշերը՝ ֆիլմերի տեսքով. կիրակնօրյա ամփոփում

«Արցախ Ալյանս» երիտասարդական կազմակերպությունը Արցախի բռնատեղահանությունից հետո մեկնարկեց մի նախագիծ, որը վավերագրությունների շարք է՝ Արցախի տարբեր շրջաններից ու գյուղերից։

Օրերս Երեւանում կայացավ կազմակերպության նկարահանած ֆիլմերից առաջինի ցուցադրությունը, որին ներկա էին ֆիլմերի հերոսներն ու իրար հանդիպելու ոչ մի առիթ բաց չթողնող, համայնքային կյանքի կարոտ արցախցիներ։ Մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ, պատմում են իրենց տան, պատերազմների, երազանքների ու կարոտի մասին։

«Մենք փորձեցինք որքան հնարավոր է արագ սկսել նկարահանումները, որպեսզի մարդկանց հուշերը չխամրեն»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Զոյա Սարգսյանը։

Կազմակերպությունը ստեղծվել է Արցախում, Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ, եւ չնայած շրջափակմանը, հնարավոր է եղել որոշ ծրագրեր իրականացնել Ստեփանակերտում եւ Մարտունում։

«Երբ եկանք այստեղ, կարծում էինք ոչինչ չենք կարողանա անել եւ իմաստ էլ չկա, բայց նորից ուժ գտանք մեր մեջ շարունակելու մեր գործունեությունը ՝ վավերագրելու մեզ հետ կատարվածը եւ աշխատելու հանուն Ռուբեն Վարդանյանի տեսլականի, նրա երազած հայրենիքի»,-նշում է Զոյան։

 

Ֆիլմաշարը, որ նկարահանել են անցած տարվա ընթացքում, ընդգրկում է 50 պատմություն, 50 ճակատագիր ու կարոտ։ Այս ֆիլմերը կարծես կամուրջներ են հիշողության ու հույսերի միջեւ։

Ֆիլմաշարերից զատ, նախագծել են արտեֆակտների հավաքագրում եւ նկարահանում։ Նորաստեղծ կայքում ե՛ւ ֆիլմերն են, ե՛ւ բերված հիշողությունները։

«Հավաքվել ենք, ոչ այնքան կիսելու, որքան ամբողջացնլու մեր հուշերը։ Այն ինչ մեր սրտում եւ մտքում է՝ պետք է մասունք առ մասունք պահել եւ ամբողջացնել, տանել Արցախ, իսկ որ դա լինելու է ոչ ոք կասկած չունի»,- իր խոսքում նշել է Նարինե Աղաբալյանն ու հավելել, որ Ռուբեն Վարդանյանը ուրախ կլինի, լսելով, որ իր սիրելի երիտասարդները շարունակում են միասին սկսած գործն ու Արցախի սրտի զարկերը դեռ բաբախում են։

Միջոցառման ներկաները ֆիլմի հերոսների խոսքով մտովի այցելեցին Մարտունի, Հադրութ, Ստեփանակերտ, ֆիլմի կադրերով շրջելով հայրենի հողում՝ ամեն մեկն իր երազով ու հույսով լեցուն։ Վավերագրությունների նկարահանումները դեռ շարունակվում են եւ ֆիլմերը պարբերաբար կցուցադրվեն առաջիկայում։

Մարիամ Սարգսյան

Զելենսկին պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին միանալու

Նախագահ Զելենսկին այս պահին տեղի ունեցող մամուլի ասուլիսում հայտարարել է իր պատրաստակամության մասին հրաժարական տալ պաշտոնից՝ Ուկրաինայի համար խաղաղության դիմաց։

Ինչպես գրում է РБК-Украина-ն, մամուլի ասուլիսում Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք հեռանալ նախագահի պաշտոնից։ Նա պատասխանել է, որ խաղաղության դիմաց պատրաստ է լքել պաշտոնը։

«Եթե Ուկրաինայի համար խաղաղություն կա, և եթե իսկապես անհրաժեշտ է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ։ Երկրորդ հարցն է՝ ես կարող եմ այն ​​փոխել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն, անմիջապես, որպեսզի երկար չխոսեմ այդ մասին», – պատասխանել է Զելենսկին լրագրողին։

Նա ասաց, որ կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա այսօր, ոչ թե 20 տարի հետո, և մտադիր չէ տասնամյակներ շարունակ մնալ իշխանության ղեկին:

Նա ասել է, որ ԱՄՆ-ն իրեն առաջարկել է համաձայնագիր, որի համաձայն Ուկրաինան պետք է վերադարձնի երկու դոլար իր ստացած օգնության յուրաքանչյուր դոլարի դիմաց:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի համաձայնագիրը, որի համար, ըստ նրա, վճարելու են «ուկրաինացիների 10 սերունդներ»:

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Վաշինգտոնը 350 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել։

Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը Կիևին հատկացրել է 100 միլիարդ դոլար, այն էլ դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով։ Ուստի նա պատրաստ չէ ճանաչել իր պարտքը Վաշինգտոնին։

Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով

Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: Այս մասին  հայտարարություն է տարածել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին դպրոցներում դասապրոցեսը կասեցվել էր ուժեղ ձյան ստեղծած հետեւանքների պատճառով:

Հիմա էլ Ասկերանի ամրոցն են սեփականաշնորհում ու “վերակառուցում”

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում պատմաճարտարապետական հուշարձաների ամբողջական բնկավայրերի և բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանկան պետական քաղաքականությանը զուգահեռ իրկանացվում է նաև համամարդկային արժեք ներկայացնող պատմական կառույցների «վերականգնման» աշխատանքներ, որի արդյունքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները կա’մ կորցնում են իրեցն հայկական դիմագիծը , կա’մ էլ հիմնովին ոչնչացնվում են:
Կեղծ վերկանգնման աշխատանքների արդույնքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրեց իր հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին ոչնչացվեց:
Այս ցանկը պարբերաբար թարմացվում է. նշվածի վառ օրինակը Ասկերանի ամրոցն է ( այն հայտնի է նաև Մայրաբերդ անվամբ, https://www.facebook.com/share/p/1BSaeJAF4W/), որը 2023 թվականի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած հերթական լայնածավալ պատերազմի, Արցախի ամբողջական բռնազավութումից և արցախահայությանը պատմական կենսատարածքից բռնի տեղահանությունից հետո հայտնվել է Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության հսկողության տակ:
Համաձայն պատմական աղբյուրների` Ասկերանի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` շինարարությունն իրականացվել է 1750-ական թվականներին (ձախակողմյան հատված) և 1788-89 թվականներին (աջակողմյան հատված) ( https://monumentwatch.org/hy/monument/ասկերանի-ամրոցը/ ) :
2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի(https://president.az/ru/articles/view/68184/images) և փետրվարի 19-ի` Baku TV-ի (https://www.youtube.com/watch?v=RVqluVU4yE8) հրապարակումններից հայտնի է դառնում, որ Ասկերանի ամրոցի տարածքում կատարվում են «նախագծային աշխատանքներ»: Այդ «նախագիծը» բաղկացած է 4 ուղղությունից. «մշակութային և բնական ժառանգություն», «ենթակառուցվածքներ և ծառայություններ», «մարկետինգ և քարոզչություն»:
«Նախագիծի» շրջանակններում նախատեսվում իրականցնել «կոնսերվացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ և բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»:
Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցվածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացվեն:
Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետևանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ նաև հարակից բնակելի թաղամասերը ամենայն հավանականությամբ ամբոջությամբ կամ մասնակի կքանդեն: Այս ամենը համակարգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիևայի կողմից ու հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի կողմից:
Հարկ ենք համարում նշել, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2016 թվականին և շարունակվել մինչև 2023 թվականը ( https://monumentwatch.org/hy/monument/ասկերանի-ամրոցը/ ) ։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող համամարդկային արժեք ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման վտանգի տակ:
Հիշեցնենք, որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապես զբաղված է եղել պատմությունը նենգափոխելով, հայ ժողովրդի` իր բնօրրանում տեղաբնիկ լինելու և հնագույն քաղաքակրթություն ունենալու փաստը ժխտելով։ Պատերազմից առաջ էլ` 2020 թվականի հենց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության առաջնորդը Մյունխենում տեղի ունեցած ժողովի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց , թե հայերը Արցախում չունեն ժառանգություն։
Ահավասիկ, այսօր պետական մակարդակով լծված է հայկական քաղաքակրթությունը ջնջելու գործին։ Եվ միջազգային հանրությունը լուռ է։

Վաշինգտոնում բողոքի ակցիա է կազմակերպվել Բաքվի դեսպանատան առջև

Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։

Թրամփը չի գնա Պուտինի մայիսի 9-ի շքերթին. նա փոխհատուցում կպահանջի՞ Երկրորդ համաշխարհայինուն Lend-Lease-ի համար

Մոսկվան և Վաշինգտոնն արագ հերքեցին մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք զորահանդեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր մասնակցության մասին լուրերը։

Երբ լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա ծրագրում է Մոսկվա այցելել Հաղթանակի օրը, նա առանց վարանելու պատասխանել է. «Ոչ, ոչ, ես չեմ պատրաստվում»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այցի վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունների մասին հարցին, լակոնիկորեն հայտարարել է՝ ոչ։

Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ Թրամփը և Պուտինը «հանդիպեն» Նորմանդիայում, որտեղ 1944 թվականին տեղի ունեցավ դաշնակիցների հանդիպումը Էլբայի վրա: Գաղտնիք չէ, որ նացիստական ​​Գերմանիայի դեմ հաղթանակը ձեռք է բերվել ոչ փոքր չափով ԱՄՆ-ի օգնությամբ։

Ուկրաինական ճգնաժամում Թրամփը պահանջում է վերահսկողություն Ուկրաինայի հանքային հարստության հանդեպ, ներառյալ Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնբասում՝ Կիևին տրամադրվող ռազմական օգնության և Պուտինի համար «միջնորդության» դիմաց։ Ելնելով այս տրամաբանությունից՝ Թրամփը կարող է փոխհատուցում պահանջել Եվրոպայից և Ռուսաստանից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան Lend-Lease-ի դիմաց։

Արցախի օրհներգի հեղինակի որդին մեր օգնության կարիքն ունի. ինչու են Դիլիջանում գազն ու լույսը անջատել

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ​​դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուզում եմ խնդրանքով դիմել մեր արցախցիներին. հուսով եմ, որ ինձ կաջակցեն երաժիշտները, ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները, ինչպես նաև հասարակ արցախցիները։ Արցախից ներկայացուցչության և այնսեղ նստած կառավարիչների, ինչպես նաև ամեն տեսակ փրկիչների վրա հույս չկա։

Երեկ երեկոյան համացանցում ռեպորտաժ և տեսանյութ հեռարձակվեց, որը պատմում էր մեր հայրենակից Կարեն Նասիբյանի ճակատագրի մասին։

Նրան Արցախում շատերն են ճանաչել ու միասին աշխատել, բայց քչերին է հայտնի նրա տխուր ճակատագիրը։ Ես այս տեսանյութը ուղարկեցի բոլորին, ում ճանաչում էի մեսենջերի միջոցով՝ հուսալով, որ գոնե ինչ-որ մեկը կարձագանքի։

Նրանց համար, ովքեր տեղյակ չեն:

Կարենը մեր մանկավարժ-տեսաբան Արմեն Նասիբյանի որդին է, ով մինչև իր օրերի ավարտն աշխատեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական ​​դպրոցում, որտեղ տնօրենն էր 1975 – 1983 թվականներին, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է (1989 թ.), Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ։

Կարենն այժմ ծանր վիճակում է։ Ես չկարողացա նույնիսկ մինչև վերջ դիտել այս ռեպորտաժը։ Ամբողջ գիշեր լաց եմ եղել: Մեզանից շատերը մարտ ամսից կհայտնվեն նույն աղետալի վիճակում։

Իմ խնդրանքը՝ օգնեք, ով կարող է։ Նա ոչինչ չի պահանջում։ Բայց մենք գիտենք, թե այս իրավիճակը ինչպես կազդի նրա առողջության վրա։ Միգուցե ինչ-որ մեկը կարող է օգնել նրան աշխատանք գտնել: Ի վերջո, նա լավ երաժիշտ է և ուսուցիչ, երկար տարիներ աշխատել է որպես լարող։

Ես ուղղակի ամաչում եմ նրանցից, ովքեր Արցախի օրհներգի ներքո հանդիսավոր երդում էին տվել ծառայել Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր օգնության ձեռք չմեկնեցին այս նույն օրհներգի հեղինակի որդուն։

Հիշեցնենք, որ Կարեն Նասիբյանի մասին ռեպորտաժներ հրապարակվել են Forrights -ում և «Ազատություն» ռադիոկայանի կայքում։ Կարենը հայտնի երաժիշտ է, ավարտելով Երևանի կոնսերվատորիան, 28 տարի դաշնամուր է դասավանդել Արցախում։ Բռնի տեղահանությունից հետո նա վերաբնակեցվել է Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում, որտեղ գոյության բոլոր պայմանները անջատվել են։ Նա չի կարողանում աշխատանք գտնել, ինչի պատճառով էլ ստիպված է գոյատևել անմարդկային պայմաններում և փնտրել օրվա հացը։

 Forrights-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ ՀԷՑ-ն ու Գազպրոմը դադարեցրել են էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ծառայությունները։ Նախարարությունը այնտեղ բնակվող շուրջ 15 արցախցիների առաջարկում է տեղափոխվել սոցիալական այլ կացարաններ։

Կարեն Նասիբյանը Forrights.am-ին փոխանցեց, որ իրեն առաջարկել են Երևանում գտնվող հանրակացարանում բնակվել իր հետ որևէ ազգակցական կապ չունեցող տղամարդու հետ։ «Ինձ առաջարկել են, որ Երևանում՝ մի փոքր սենյակում, ուրիշ մարդու հետ ապրեմ, ոչ բարեկամ է, ոչ բան։ Ես ո՞նց ուրիշի հետ ապրեմ։ Ես խնդրել եմ, որ Երևանում՝ հանրակացարանում մի սենյակ տան, գնամ, ապրեմ, բայց ասում են՝ չկա»,-ասաց Կարեն Նալբանդյանը՝ նշեշլով, որ դեմ չէ տեղափոխվել նախարարության առաջարկած նոր կացարանը, սակայն, չնայած, որ լույսն անջատել են իր վրա, չեն էլ ցանկանում հրատապ կարգով տեղափոխումն իրականացնել։

«Հիշեցի 1915թ. արյունալի պատմությունները ու մտածեցի, որ մեզ հետ նույնն է լինելու». տեղահանված արցախցի բժիշկ

Forrights

Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և մանկաբույժ Հասմիկ Ղահրամանյանը 2023թ. սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տեղահանվել ու այժմ որպես մանկաբույժ աշխատում է Էջմիածնի բժշկական և ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոններում։

«Պատերազմը միանգամից սկսվեց, բոլորովին չէինք սպասում։ Հիվանդանոցում էինք ու կարծես մեզ վրա էին գնդակոծում։ Մենք 44-օրյայից գիտենք, թե նման դեպքերում ինչ պետք է անեինք։ Քանի որ մեր հիվանդանոցը նկուղային հարկ չուներ, պատերազմի ժամանակ բուժօգնությունը կազմակերպում էինք դպրոցի ապաստարանում։ Այս անգամ մինչև բուժանձնակազմով կողմնորոշվեինք՝ արդեն առաջին վիրավորները բերեցին։ Հրետակոծությունից և անօդաչուների հարվածներից զոհվեցին ու վիրավորվեցին Մաճկալաշեն գյուղի խաղաղ բնակիչներ, որոնց հասցրեցին մեր հիվանդանոց։ Մենք հազիվ ցուցաբերում էինք առաջին բուժօգնությունը և շտապօգնության մեքենաներով ուղարկում Մարտունի, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Վիրավորներին հնարավոր էր տեղափոխել, քանի թուրքերը ճանապարհը չէին փակել։ Մեր վերջին մաճկալաշենցի վիրավորին՝ 25-ամյա Փայլակին, որ գլխից էր վիրավորվել, չկարողացան հասցնել Ստեփանակերտ և նա մահացավ»,- հուզված ներկայացրեց 63-ամյա բժիշկը։

Ճարտարի հիվանդանոցում գլխավոր բժշկի հետ միասին բուժօգնություն էր ցուցաբերում ատամնաբույժ Նվեր Բաղդասարյանը։ Նրանց սակավաթիվ բուժանձնակազմը ջանում էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։ Ծանր վնասվածքներ ստացածների արյունահոսությունը կանգնեցնում էին, ցավազրկում, շոկից հանում և ուղարկում Մարտունու բուժհաստատություն։ Թեթև վնասվածքներ ունեցողներին վիրակապում էին ու եղած սուղ միջոցներով տեղում համապատախան բուժօգնություն իրականացնում։

«Մինչև պատերազմը ժողովուրդն արդեն իսկ հյուծված էր։ Շրջափակման ժամանակ ամեն նեղությունների համբերում էին, հուսալով, որ ճանապարհը շուտով կբացվի, սակայն եղավ հակառակը։ Հուսախաբ ու սոված այդ վիճակում էլ պատերազմը սկսվեց։ Պատերազմի նախօրյակին երբ մայրիկներն երեխաների հետ գալիս էին ինձ մոտ, արդեն հյուծված էին՝ գլխապտույտի, գլխացավերի, ուշագնացության բողոքներ ունեին։ Ծնողներն իրենց բաժին սնունդը երեխաներին էին տալիս, ինչն էլ անդրադառնում էր մայրերի առողջությանը։ Հատկապես քաղցրի պակասը դժվար էր լրացնել։ Ցրտի, սովի և վառելիքի, գազի, էլեկտրականության բացակայության պայմաններում հիվանդները հյուծվում, հիվանդություններն էլ երկար էին տևում։ Վառելիք էլ չկար, որ հետազոտությունների ուղարկենք և նրանց վիճակն ավելի էր բարդանում»,-տեղեկացրեց Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Վերհիշելով մեկօրյա պատերազմի ահասարսուռ վիճակը, բժիշկը պատմեց, որ սեպտեմբերի 20-ի կեսօրին տագնապած էին։ Հայտնվել էին շրջափակման մեջ և տեսանելի էին մոտեցող թշնամիները։ Հրադադար հայտարարվելուց հետո Ճարտարի մոտ սոսկալի մարտ սկսվեց, որում քաջաբար զոհվեցին 11 հայորդի։

«Այդ ժամանակ հիշեցի 1915թ. արյունալի պատմությունները ու մտածեցի, որ շուտով մեզ հետ նույնն է լինելու։ Ասում էի՝ Տե՛ր, թող քո կամքը լինի ու եթե մեր խաչելության ժամն է՝ խաչվում ենք։ Վայրկյան առաջ սպասում էինք զինադադարի, որ փրկվենք…բայց նույնիսկ այդ պահերն ավելի երանելի էին, քան, երբ հայտնեցին, որ տեղահանվելու ենք։ Երազում էլ չեմ պատկերացրել, որ նման իրավիճակ կլինի, չէի հավատում։ Զանգեցի եղբորս, որը հավաստեց, որ ըստ շրջանների տարհանում են։ Երբ զանգեցի աղջկաս ու իմացա, որ ընտանիքով արդեն աէրոպորտում են, ծնկներս թուլացան, հույսերս փլվեցին։ Ամենածանրն ինձ համար բռնագաղթի լուրն էր, երբ քրոջս տղան սեպտեբերի 25-ին եկավ հիվանդանոց, թե՝ տեղահանվում ենք ու պետք էր շարասյունից հետ չընկնել»,- ծանր ապրումները վերհիշեց բժիշկ Ղահրամանյանը։

Նա տուն անգամ չմտնելով գիշերը շարասյան հետ ճանապարհվեց։ Բժիշկը չի մոռանում այդ սարսափելի օրերը՝ սոված, հուսահատված մարդկանց դժբախտացած ու շվար դեմքերը ու անձրևի տակ բեռնատար ավտոմեքենաների թափքի մեջ իրենց երեխաներին գրկած ծնողներին։

«Ամեն ստուգման անցակետում դողում էինք ու ամենաշատը մեր տղամարդկանց համար էի անհանգստանում, որ հանկարծ չբռնեն։ Կեսգիշերին հասանք Գորիս ու երբ տեսանք այն երիտասարդներին, որ կանգնած բոլորին դիմավորում էին ջրով, քաղցրավենիքով, հաց ու պանրով, ասեցի՝ փառք Աստծո, էս աշխարհքում մի տեղ կա, որ չեն հալածում, ուրախանում են մեզանով…

Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շատ կազմակերպություններ կան ու ես հիմա չգիտեմ, թե ո՞ր իրավունքներն են պաշտպանվում։ Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքակրթվի, որ կարողանա ապրելու, սեփականության, հայրենիք ունենալու իրավունքները պահպանել։ Թող լինի մարդու իրավունքների հարկադիր պաշտպանության կազմակերպություն, որն ուժով կպաշտպանի մարդկանց իրավունքները, քանի որ միակ իրավունքը՝ ուժի իրավունքն է։ Համարյա մեկ տարի մահվան վտանգի տակ զրկվելով կենսական պայմաններից, միջազգային հանրության առջև ունեզրկվեց, հայենազրկվեց ու ցեղասպանվեց մի ողջ ժողովուրդ, որտե՞ղ է քաղաքակրթությունը»,-հարցադրում է անում մեր զրուցակիցը։

Նա վրդովվում է, երբ ոմանք ասում են՝ արցախցիները չեն կռվել, թողել, եկել են։ Հյուծված ու արյունաքամ մի ժողովուրդ առանց մայր Հայաստանի ու ՌԴ խաղաղապաների օգնության որքան հնարավոր էր՝ դիմագրավեց։ Բժիշկը պատմեց, որ թուրքական զրահամեքենաներով ու ոչ թե տասնյակ, այլ հազարավոր   զինվորներով շրջափակել էին Ճարտարը։

«Եթե 5 րոպե էլ շարունակվեր պատերազմը, մենք այլևս չէինք լինի։ Տիեզերական կռիվների նման էր, որ վերևից ու ներքևից կրակ էր թափվում և ի՞նչ պիտի անեին անզեն մարդիկ։ Ով ասում է, թե ինչի՞ եք եկել, երևի ուզում է ասել՝ ինչի մինչև վերջին մարդը չեք մահացել։ Գիտեմ, որ կան լավ մարդիկ, մտավորականներ, իսկական հայեր, որ այդպես չեն մտածում։ Ես հույսս երբեք չեմ կորցնի ու պատրաստ եմ նպաստելու, որ Աստծո օգնությամբ միավորվեն իրական հայկական ուժերը և ունենանք հայրենանվեր, բարեպաշտ առաջնորդ ու կկարողանանք մեր ընկած վիճակից բարձրանալ։ Ես հավատում եմ»,- հավելեց տեղահանված բժիշկը։

Զառա Մայիլյան     

Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Թեև մեղադրող կողմը առաջարկում էր ևս երեք ամսով երկարաձգել կալանքը, դատավորն, այդուհանդերձ, Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինեց գրավով և չբացակայելու արգելքով։ Խաչատրյանն ազատ արձակվեց հենց դատարանի դալիճից՝ սահմանված գումարը վճարելու պայմանով։ Գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:

Խաչատրյանը ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով և հունվարի 5-ին երկու ամսով կալանավորվել: Նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։