Կամո Իսաբաբյանը 1988-ի փետրվարի 20-ին Երևանում էր՝ մասնակցելու հանրահավաքին

Ղարաբաղյան շարժմանը մասնակցում էին բոլոր արցախցիները։ Շատ շատերը տանում էին ընդհատակյա գործունեություն ու գործում առանց վախենալու և երկմտելու: Այդ մարդկանցից է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ Կամո Իսաբաբյանը, ով իրականացնում էր Ակնաղբյուրի ենթաշրջանի բնակչության ստորագրահավաքը։

-Արցախյան շարժումը շատ խորը պատմական հիմքեր ունի և երկար նախապատրաստական փուլով է անցել, 88-ի փետրվարի 20-ին չի ծնվել: Պարզապես այդ թվականին էր եկել գործելու իսկական ժամանակը:

1977 թվականին պատահաբար իմ ձեռքն ընկավ Հովհաննես Շիրազի <<Ղարաբաղի ողբը>>` հայ ազգի ամենաազդեցիկ բանաստեղծություններից մեկը, որը խրված էր վայ ազգերի կոկորդը և անմարսելի էր նրանց համար: Հաճախ էի Շիրազի և Սևակի հայրենասիրական բանաստեղծություններն արտասանում մարդաշատ տեղերում։ Հաճախ կշտամբում էին ինձ և զարմանում համարձակությանս վրա՝ ապրել այդպիսի երկրում և հանդգնել նման բանաստեղծություններ կարդալ, այն էլ՝ հասարակության մեջ։ Երբեմն ըմբոստանում էի, երբեմն էլ՝ լռում:  Մի անգամ խիզախեցի և Բաքվում կազմակերպված հարսանիքի ժամանակ Շիրազ արտասանեցի։

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, լեզուս և ձեռքերս ազատ արձակվեցին: Այլևս չէի կարող զսպել ըմբոստացած գաղափարներս: Ամեն տեղ սկսվեց ստորագրահավաքը։ Ես ինձ վրա վերցրի այդ գործը և մեր մոտակա գյուղերից 1500-ից ավելի ստորագրություն հավաքեցի ու փաստաթուղթը ներկայացրի Ասկերան՝ այդ աշխատանքները համակարգող Սլավիկ Միրզոյանին: Հետագայում բոլոր ստորագրությունների հետ ուղարկեց Մոսկվա: Իսկ Մոսկվայում սոսկ խոսքերով էին կերակրում մեզ՝ ասելով, որ Արցախն անպայման կմիանա մայր Հայաստանին, սակայն իրականում ոչ մի քայլ և շարժ չկար:

Ակնաղբյուրցիները ներգրավվել էին զարգացող իրադարձությունների մեջ

-Մեր գյուղն իսկապես ակտիվ բնակչություն ուներ: Համարյա ամեն օր հավաքվում էինք գյուղի ակումբում և թռուցիկներ կարդում: Սկզբից լցվել էինք լավատեսությամբ՝ կարծելով, թե շատ շուտով և խաղաղ ճանապարհով կլուծվի մեր հարցը: Բայց եղավ այն, ինչ թելադրում էր Ադրբեջանը: Մեր ձորակի բոլոր գյուղերն արդեն սուզվել էին շարժման մեջ: Յուրաքանչյուրի շուրթերին <<Շարժում>> բառն էր: Մեր համագյուղացի Արկադի Եսայանը, ով շատ ակտիվ մասնակից էր (ցավոք, վաղաժամ հեռացել է կյանքից), թռուցիկներ էր բերում գյուղ, կարդում մեզ համար, իսկ մենք ոգևորված և ինքնամոռաց լսում էինք: Անգամ իր հիվանդության ծանր օրերին գնում և մասնակցում էր ցույցերին: Ցավոք, քչերը գիտեն այդ մարդու կատարած վտանգավոր առաքելության մասին:

Կամո Իսաբաբյանը 1988-ի փետրվարի 20-ին Երևանում էր

 -1988 թվականի փետրվարի 20-ին շատերի հետ ես ևս մեկնել էի Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի դիմաց) հանդիպեցի Ավետարանոցի հիվանդանոցի բժիշկ Գեորգի Մնացականյանին, մեր համագյուղացիներ Արշավիր Ղարամյանին, Հովիկ Ավանեսյանին, Նորագյուղից Վալերի Պետրոսյանին: Մինչ նրանց հանդիպելը՝ թռուցիկներ էի բաժանում: Այդ ժամանակ երեք տղամարդ մոտեցան ինձ և սկսեցին ռուսերեն լեզվով հարցեր տալ: <<Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում այստեղ, ինչպե՞ս է Ղարաբաղում իրավիճակը>>,- հարցնում էին ինձ և առաջարկում առանձնանալ, հետո զրուցել: Մեկի մոտ թերթի մեջ փաթաթած ինչ-որ բան կար: Ես զգաստացա ու հասկացա նրանց մտադրությունը․ սկսեցի կանչել մեր տղաներին, այդ երեքն անմիջապես անհետացան: Հավանաբար այդ պատմական օրն առաջին զոհը պետք է լինեի։ Օպերայի մոտից պատվիրակություններ էին ուղարկվում այն ժամանակ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ: Հերթական մեքենայով ես էլ ուղևորվեցի, բայց այլևս չէին թողնում, որ շենքը մարդ մտներ: Սակայն Գերոգի Մնացականյանը ներսում էր: Իգոր Մուրադյանը եկավ և մեզ հավաստիացրեց, որ իրենց լավ ընդունել են ու ամեն ինչ լավ է լինելու։

Պատմական այդ օրը Կամոն շատ հետաքրքիր  ծանոթություններ ունեցավ

-Օպերայի շենքում էինք ու հանկարծ ինձ մոտեցավ Սիլվա Կապուտիկյանն ու ասաց․ որդի՛ս, մի տես ինչ նորություն կա Արցախից:  Մեծ բանաստեղծուհու ներկայությունից ոգևորված՝ դուրս թռչեցի շենքից ու պարզեցի, որ Ստեփանակերտում դեռ չեն ավարտել նիստը․ նորից հետ դարձա ու այդքանն ասացի Կապուտիկյանին: Այդ օրը Սլավիկ Միրզոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վաչե Սարուխանյանն էլ էին Օպերայի հրապարակում: Նրանց ելույթները լի էին վստահությամբ և մեծ հույսով: Այդ օրը մի հետաքրքիր անակնկալ ևս եղավ: Ծանոթացա 50-ին մոտ մի տղամարդու հետ, հրավիրեց իրենց տուն: Պարզվեց, որ այդ մարդն արձակագիր Պարույր Թևոսյանն է: Արմատներն Արցախի Շոշ գյուղից էին, իսկ ինքը ծնվել է Թբիլիսիում: Հետաքրքիր զրույց ունեցանք։

Իսկ Արցախում ժողովուրդն ըմբոստացել էր և բռունցք դարձել

 -Ժողովուրդն արդեն չէր կարողանում զսպել բողոքի իր ձայնը, չէր ցանկանում հպատակվել անարդարություններին։ Գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ էին ընթանում: Մեր կոլտնտեսության ժողովներից մեկի ժամանակ ասացին, որ պետք է հացահատիկ տարվի Ակնա: Կարգադրեցին բեռնել մեքենաները և տանել: Գիշերվա կեսին մեր գյուղի ուսուցիչներից մեկի՝ Արտուր Ավանեսյանի հետ գնացինք հարևան Ջրաղացներ գյուղը և բեռնատար մեքենաներից մեկի անվադողերը ծակեցինք: Եվ այդպես շարունակ։ Չէինք պատրաստվում այլևս ենթարկվել նման հրամաններին: Մենք ուզում էինք ազատ ապրել, իսկ դրա համար պետք էր դիմել զենքի օգնությանը: Հասկացել էինք, որ միայն զենքի միջոցով կլուծվի մեր հարցը։

Եվ անհավասար պատերազմում մի բուռ ազգով կարողացանք հաղթել թշնամուն, և դա արեցինք մեր ուժի, խելքի, կամքի, հավատի շնորհիվ: Հաղթանակի հասնելու համար մենք կորցրինք հազարավոր տղաների։ Ցավոք, ամեն ինչ ջուրն ընկավ։ Կորցրել ենք Արցախը, բայց չի կորել հետվերադարձի մեր հավատը։

 Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը շարունակել է իր պայքարը և ակտիվորեն մասնակցել Արցախյան պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում ստացել: Հաշմանդամ մարդը չի դադարել շարունակել իր պայքարը։ Նա ապրիլյան քառօրյա պատերազմի կամավորականների շարքերում էր։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նախարարը ասել է, թե ինչ է փոխվելու Սահմանադրության մեջ

ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կառավարման մոդելի փոփոխություն չի սպասվում։ Այս պահին չեմ կարող ասել, թե Սահմանադրության որ գլխի վրա են աշխատում, որ հոդվածներն են այս պահին մշակվել, որոնք են քննարկվել։ Ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացվել։ Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում, օրինակ` սոցիալիական իրավունքների շեշտադրումներն են պակաս։ Նոր տեքստում շեշտադրվելու են մարդու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքների տեսանկյունից»,– նշեց Գալյանը։
Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:

«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասաց նախարարը:

«Հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին». Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով ընթացող կեղծ դատավարության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա ընտանիքը։
Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը, որում նշել է` այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն, դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իր իրավունքը, կոպտորեն խախտվում են միջազգային, նաև Ադրբեջանի օրենսդրությունները: Վարդանյանն ընդգծել է` այս գործն ուղղված էիր դեմ միայն նրա համար, որ իրացրել է միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության ևքաղաքական մասնակցության իր իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները։
Արցախի նախկին պետնախարարը նշել է`թեպետ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամ է, սակայն գործընթացն իրականացվում էբոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Նա թվարկել է դրանք․
1.

Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2.

Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված, այսպես կոչված, «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3.

Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4.

Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5.

Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6.

Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է։

Վարդանյանն ընդգծել է` այս «դատաքննությունը» միայն իր նկատմամբ չէ, այլ փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակցել են Արցախին ու նրա բնակչությանը։
«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանն ու դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին։ Նա զգուշացրել է՝ նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Վստահ է՝ միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել։

ՀՀ-ում պահպանվում է ՍՇՎ–ների բարձր ակտիվությունը. շրջանառվում են գրպի Ա և Բ տեսակները

2025թ. 7-րդ շաբաթվա (10.02-16.02.2025թ.) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն: Շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

2025թ․ 7-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 10739 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա, 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ բարձր է՝ 1․2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 75․2%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 983 պացիենտ, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1․1 անգամ, իսկ 2024թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բարձր է 2․9 անգամ։ Ընդհանուր դեպքերի 66․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92․4%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 597 պացիենտ, որոնց 59․9%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.1 անգամ։

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։

Սույն թվականի փետրվարի 16-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներ ծանր սուր շնչառական վարակներով, թոքաբորբերով դիմել են 70 պացիենտ, որից 58-ը՝ 0-18 տարեկանների շրջանում։

2025թ. փետրվարի 17-ի դրությամբ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 54 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ աճել է 3 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.6 անգամ:

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ նվազել է 8 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.5 անգամ:

2025թ․ փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․9%, իսկ բացակաների թվից կազմել է 23․7%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․2%, իսկ բացակաների թվից կազմել է 20․1%:

Լիաննա Պետրոսյան․ մարտից գործարկվելու է խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոն

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրել է․ 
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մարտ ամսից գործարկվելու է խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոն՝ բռնի տեղահանված անձանց համար։
Երկար մտորումների արդյունքում, մեր ունեցած հնարավորությունների սահմանում մի խումբ համախոհ ընկերներով, հասարակական հիմունքներով փորձելու ենք նաև’ կենտրոնի միջոցով ավելի թիրախային աշխատանքներ իրականացնել՝ աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին։
Կենտրոնի աշխատանքային հիմնական ուղղությունները լինելու են՝
Որոշումների և օրենքների մեկնաբանում և պարզաբանում;
Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ տարբեր գերատեսչություններին ուղղվող դիմում-բողոքների, նամակների ձևակերպում;
Անհատական դեպքերի ուսումնասիրություն, խորհրդատվություն և այլն։
Գործելու է նաև թեժ գիծ։
Կենտրոնի գործունեության մասին կտրվի լրացուցիչ մանրամասն տեղեկատվություն։
Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կհաջողի և կօգնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու սոցիալականացման դժվարությունները։

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և քայլերը

Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։
Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար․ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Հիշեցնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված և արագացված ընթացակարգով։
Այդ նպատակով Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (անձնագրային բաժիններ): Դիմելու համար նախօրոք հերթագրվելու կարիք չկա․ սպասարկումն իրականացվում է կենդանի հերթի ձևաչափով։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
1) դիմում-հարցաթերթ (լրացվում է տեղում),
2)անձը հաստատող վավեր փաստաթուղթ («070» ծածկագրով անձնագիր), դրա պատճենը և ԺՊ վկայական,
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
4) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
5) եթե անձը կրում է ամուսնու ազգանունը՝ ամուսնության վկայականը և դրա պատճենը, ինչպես նաև ամուսնու անձնագրի պատճենը,
6) 28.11.1981 թ․ հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:
Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարի կողմից։

«Նոյեմբերի 9-ի մնացած որեւէ հոդված գոյություն չունի, եւ սա է դե ֆակտո իրականությունը»

«Բայց հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել Ադրբեջանի հարձակումը, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մաս Հայաստանը եղել է, եւ տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում»,- այսօր լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի։

Արմեն Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեկ հոդված չունի, եւս 8 հոդված ունի, եւ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այդ հոդվածների հետ։ «Ինչպես կարող է որեւէ մեկն այդ 8 հոդվածի հետ տեղի ունեցած իրականությունը չընդունել եւ ասել՝ եւս մեկ հոդվածի համար մենք պետք է վերադառնանք այդ հայտարարությանը։ Կարող է վերադառնանք, եւ նույն ճանապարհը կրկնվի»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչում այդ հայտարարությունից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դա արդեն ուրիշ քննարկման հարց է։ Նոյեմբերի 9-ի մնացած որեւէ հոդված գոյություն չունի, եւ սա է դե ֆակտո իրականությունը»։

Ի՞նչ են ուզում փոխել Սահմանադրությունում, հարցին Արմեն Գրիգորյանը հստակ չպատասխանեց

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այսօր լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը փորձում Բաքվի թելադրանով փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած։ Եվ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Բաքվից պահանջ է ներկայացվում, որպեսզի Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նոր Սահմանադրություն  ընդունելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն կա։

Ի՞նչ են ուզում փոխել Սահմանադրությունում, հարցին Արմեն Գրիգորյանը հստակ չպատասխանեց։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, որ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքներ են իրականացվելու, համակարգող հանձնաժողով է ստեղծվելու։ Հարցին, թե ի՞նչ վերանայումներ են լինելու, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջը։ Նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը պատրաստվել ու հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջը։ Նաեւ այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք։ Եվ սպասելուց հետո որոշակի հստակեցուներ ունենալով՝ որոշել ենք նոր ռազմավարություն ունենալ»։

Բալայան. 37 տարի առաջ ամենակարեւոր զարգացումն այն էր, որ մարդկանց մեջ սպանվեց ստրուկը

«1988-ի եւ դրան նախորդած որոշումները իրավական տեսանկյունից բավական անաղարտ էին, որովհետեւ դրանք համապատասխանում էինք տվյալ ժամանակաշրջանի խորհրդային Սահմանադրության պահանջներին ու միջազգային իրավունքի նորմերին։ Հետեւաբար, արցախահայության պայքարը՝ իր ինքնորոշման, իր ազատ ապրելու իրավունքի առումով, արդարացված էր եւ միաժամանակ նաեւ սահմանադրական էր»,- այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ հետագա զարգացումները բերեցին նրան, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով արցախահայությունը բռնի տեղահանվեց։ «Իմ կարծիքով՝ ամեն ինչ վերջացած չէ, որովհետեւ աշխարհն անընդհատ փոխվում է, վերջին տարիներին երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում, եւ աշխարհի վերաձեւում է տեղի ունենում, ուժային կենտրոնների կողմից նոր աշխարհակարգ է ձեւավորվում։ Եվ մենք հնարավորինս պետք է փորձենք այդ իրավիճակի մեջ մեր ազգային շահը տեսնել ու հետամուտ լինել այդ շահի իրագործմանը։ Այսօր արցախահայությունը շատ ծանր վիճակի մեջ է, բայց հայ ժողովուրդրը շատ դժվարություններ է հաղթահարել, այս փորձության միջով էլ կանցնեք»,- նշեց նա։

Ըստ Բալայանի՝ 37 տարի առաջ ամենակարեւոր զարգացումն այն էր, որ մարդկանց մեջ սպանվեց ստրուկը, այսինքն՝ այն մտածելակերպը, որ մենք ի վիճակի չենք որեւէ բան անել։ Ժողովուրդն ապացուցեց, որ կարող է համախմբված ու միասնական լինելով՝ հարցեր լուծել։ Փաստորեն ապացուցվեց, որ անկախ նրանից՝ ժողովուրդն է փոքրաքանակ, թե երկրի տարածքն է փոքր, դա կապ չունի, եթե կա նպատակ ու ուժերի մեկտեղում, ապա կարելի է հասնել այդ նպատակին։

«Այսօր էլ է այդ գաղափարն արդիական, այնպես չէ, որ մեր ժողովուրդն այսօր խեղճ ու կրակ է, այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ունի, պարզապես պետք է կազմակերպել ու ժողովրդին միավորել եւ դրական էներգիան նպատակաուղղել ազգային, պետական խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

«Բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում մենք գնացինք այդ խայտառակ զինադադարին՝ փաստորեն Արցախը մտցնելով շրջափակման մեջ»

«Խախտվել է պատերազմի այբուբենը, թշնամին առաջին իսկ րոպեներից հարվածում էր մեր ռազմավարական օբյեկտներին, իսկ Հայաստանի կողմից պատասխան չկար։ Իսկ ժամանակակից պատերազմում անգամ մեկ ժամն էլ նշանակություն ունի։ Այդ բացթողումների եւ պատերազմի սխալ կառավարման հետեւանքով, հետո նոյեմբերի 9-ի այդ խայտառակ զինադադրի հետեւանքով, երբ առանց որեւէ կրակոցի երեք շրջան հանձնվեց թշնամուն, հասել ենք այս օրվան»,- այսօր լրագրողներին ասաց Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական բանակն ավելի լավ վիճակում էր, քան 1992 թվականին, երբ պատերազմի մեջ էինք։ «Բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում մենք գնացինք այդ խպայտառակ զինադադարին՝ փաստորեն Արցախը մտցնելով շրջափակման մեջ»,- հավելեց նա։

Ըստ Առուշանյանի՝ հետագայում եղան այլ սխալներ, եւ մենք հայտնվեցինք այս խայտառակ վիճակում։ Նա ասաց, որ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, հնարավոր են տարածաշրջանային այնպիսի զարգացումներ, որ միջազգային երաշխիքների եւ հայ ժողովրդի ինքնակազմակերպման միջոցով հնարավոր լինի արցախցիների հավաքական վերադարձը։ Դրա համար պետք է ունենալ հավաքական վերդարձի հստակ ծրագիր եւ համապատասխան աշխատանք տանել այդ ուղղությամբ։

Այո, կան հնարավորություններ Արցախի հարցը ակտիվացնելու, Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը վերագործարկելու․ Դավիթ Գալստյան

«Արցախը կա, Արցախը լինելու է, անկախ նրանից, թե որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին։ Նրանք պատասխան են տալու»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ Դավիթ Գալստյանն ասաց․ «Հենց նրա օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ մենք ունեցանք կորսված Արցախի տարածք, որն այսօև բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ մենք բոլորս հասկանում ենք, որ դա թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները։ Եվ այսօր նրանք փորձում են հաճոյանալ այդ տանդեմին ու իրենց համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ»։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ այսօրվա պայքարն ուղղված է նրան, որ Արցախի նկատմամբ մեր իրավունքները վերականգնվեն, այդ թվում՝ վերադարձի իրավունքը պետք է բերել միջազգային օրակարգ։ «Քանի չկան բանակցություններ, եւ չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որպեսզի այդ հարցը մտնի միջազգային օրակարգ, որեւէ այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը։ Երբ Ադրբեջանը խոսում է նոյեմբերի 9-ի 9-րդ կոտից, ՀՀ օրվա իշխանությունները կարծես թե չեն կարողանում ասել, որ մինչեւ 9-րդ կետը կա 8 կետ, որոնք Ադրբեջանը կոպիտ խախտել է, այն է՝ Լաչինի միջանցքի հարցը, Արցախցիների՝ Արցախում բնակվելու իրավունքը եւ այլն։

Եվ նրանք, լինելով պարտված իշխանության սիմվոլներ, պարտության սիմվոլներ, երբեւէ չեն կարողանալու այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նրանք չեն բանակցում, գլխիկոր վիճակում են գտնվում եւ կատարում են հրահանգներ։ Եվ ինչքան ժամանակ մենք ունենանք պատության սիմվոլ հանդիսացող հայ ազգի ներկայացուցիչներ, հայ ազգի համար բանակցություններում որեւէ դրական կետ չի լինելու։

Այո, կան հնարավորություններ Արցախի հարցը ակտիվացնելու, Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը վերագործարկելու, բայց, ցավոք, սրտի օրվա իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր անկյունները փակել, որպեսզի իրենցից հետո էլ չկարողանան այդ հարցերը բացել։ Բայց համայն աշխարհին հայտարարում եմ՝ Արցախի հարցը որեւէ իշխանության սեփականությունը չէ եւ որեւէ իշխանություն չի կարող փակել հայ ժողովրդի պայքարը»,- հավելեց նա։

Դավիթ Գալստյանը նաեւ ասաց, որ Արդբեջանի ենթակայության տակ ու ադրբեջանական երաշխիքներով որեւէ հայ չի վերադառնա Արցախ, պետք է լինեն այլ երաշխիքներ։

 

Արթուր Խաչատրյան․ Արցախն իր հոր բոստանը չէ, որ ինքն ինչ ուզենա, անի

«Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության փաստացի միավորման, համատեղ կենսագործունեության արդյունքում»,- այսօր Եռաբլուրում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդհանրապես փակել Արցախի էջը՝ չունենալով դրա իրավունքը, որովհետեւ Արցախի ժողովուրդն իրեն դա չի լիազորել՝ Արցախն իր հոր բոստանը չէ, որ ինքն ինչ ուզենա, անի։

«Դրանից բացի, ինքը թուրքական պահաջներն ու նախապայմաններն է կատարում՝ ուրանալ Ցեղասպանությունը, դադարեցնել Ցեղասպանության հետապնդման աշխատանքները, վաղը ինքը կփոխի սիմվոլիկան, Սահմանադրության մեջ դա կանի։ Այսինքն՝ ինքը սարքում է թուրք-ադրբեջանի խամաճիկային պետություն, որտեղ որոշումները կայացվում են Անկարայում կամ Բաքվում, եւ ինքը Երեւանում դա փորձում է սեփական ժողովրդի վրա վաճառել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ երկիրը պետք է ղեկավարի մարդ, ով առաջնորդվում է ազգային շահերով, այլ ոչ թե սեփական շահերով։ Խաչատրյանի խոսքով՝ սահմանադրական հանարքվեն չպետք է անցկացվի, հայ ժողովուրդը պետք է ասի, որ թուրք-ադրբեջանական պահանջներին չի ենթարկվելու։

Նա նշեց, որ 1990-ականներին էլ Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քանի որ Թուրքիայի աջակցությունն ուներ, բայց մենք հաղթեցինք Ադրբեջանին, Հայաստանը ձեռք էր բերել ռազմավարական խորություն։