Ի՞նչ կատարվեց Օվալաձև գրասենյակում: Շոուն ու աշխարհաքաղաքականությունը խառնվեցին

  • 11:51 01.03.2025

Համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են Օվալաձև աշխատասենյակում Թրամփ-Զելենսկի-Վանս հանդիպումը, որտեղ խոսակցությունն ընթացել է բարձր տոնով, ամերիկյան կողմը Զելենսկիին մեղադրել է անխոհեմության մեջ, իսկ Զելենսկին, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ, նույնիսկ սկսել է հայհոյել Վանսին։

Ուկրաինայի նախագահը չի համաձայնել Թրամփի հետ առանց ամերիկյան անվտանգության երաշխիքների գործարքին եւ ասել է, որ ուղղակի զինադադարը ոչինչ չի փոխի։ Թրամփն ասել է, որ Զելենսկին պատրաստ չէ «խաղաղության» և որ նա պետք է հեռանա, բայց հավելել է, որ կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի։

Բացի այդ, ամերիկացիները մեղադրում են Եվրոպային, որ թույլ չի տալիս Ուկրաինային դադարեցնել պատերազմը՝ աջակցելով նրան եւ կերակրելով պատրանքներով։

Ըստ FT-ի՝ հանդիպումից հետո Զելենսկին զրուցել է Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ։

«Ագրեսորը Ռուսաստանն է։ Իսկ ագրեսիայի զոհը Ուկրաինան է։ Պետք է շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր օգնել են, բայց պետք է հարգել նրանց, ովքեր պայքարել են հենց սկզբից»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նախօրեին Ռյուտեն հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստում է Ուկրաինային օգնության նոր փաթեթ, որը ներառում է «միլիարդավոր եվրոներ» և անվտանգության երաշխիքներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս հայտարարությունն արել է Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որն ինքը Ռյուտեն որակել է որպես «գերազանց»։

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանակցություններից անմիջապես հետո Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին։ Լրագրողի հետ զրույցում նա հայտարարել է, որ ցանկանում է գործընկերային հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, սակայն համոզված է, որ դա պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջին քայլը։

«Ոչ ոք ուկրաինցիներից ավելին չի ցանկանում, որ այս պատերազմն ավարտվի», – ընդգծել է Զելենսկին։ Սակայն, շարունակել է նա, Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է արդար և կայուն խաղաղություն, որն անհնար է առանց ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների։ Նրանց բացակայության դեպքում ուկրաինացիները կվախենան, որ «Պուտինը կվերադառնա վաղը», քանի որ ՌԴ նախագահն արդեն մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանավորվածությունները, նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր վեճը «վատ է երկու կողմերի համար», սակայն ինքը չի կարծում, որ նա «վատ բան է արել», և պետք է ներողություն խնդրի։ Հարցին, թե արդյոք նա այժմ պատրաստ է վերադառնալ Սպիտակ տուն՝ բանակցությունները վերսկսելու համար, Ուկրաինայի նախագահը պատասխանել է՝ թչ։

Ստուդիայում երկխոսության ժամանակ ցուցադրվել է տեսանյութ Զելենսկու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որը նա արել է Սպիտակ տանը հանդիպումից հետո. «Նա ցանկանում է շարունակել կռվել, կռվել և պատերազմել»։

Դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման մասին, մինչդեռ վերլուծաբաններն ասում են, որ հանդիպումն ավելի շատ նման էր շոուի, որը պետք է համոզեր Թրամփի ամերիկացի ընտրողներին, որ նա պայքարում է հարկատուների փողերի համար, իսկ Զելենսկու ընտրողներին, որ միայն ինքը կարող է քֆուր տալ Օվալաձև աշխատասենյակում և պաշտպանել ուկրաինացիների և եվրոպացիների իրավունքները։