Ստեփանակերտի թատրոնն էլ են փչացնում․ տեսնես ի՞նչ են սարքում

  • 09:02 04.03.2025

Ինչ էլ անեն այդ շենքի հետ, մեկ է` փչացնելու են․ այսպես էր ասել ստեփանակերտցի մի դիզայներ, ով հրաշալի լոգոներ էր նկարում ու արվեստի լավ գիտակ էր:

Ստեփանակերտը չի փայլել իր ճարտարապետությամբ: Ով եղել է այնտեղ, տեսել է, որ սովորական սովետական ոճի, բայց մաքուր քաղաք է, թերևս միայն թատրոնի շենքն էր տարբերվում իր արտաքինով:

Բայց ինչպես ասում են, քաղաքը մարդիկ են, հենց մարդիկ էլ գեղեցկացնում ու լավն էին դարձնում այն: Ցանկացած ստեփանակերտցի գյուղ ունի, բոլորը գյուղերից են եկել, ու այդպես 1923թ. քաղաքը կարգավիճակ է ստացել: Օբուվնի, Կարշոլկ, Կարվին ու գնաց…

Մենք էլ թատրոն գնանք: Կներեք, եկեղեցի, կներեք, Մշակույթի տուն, ընտրատեղամաս, կներեք, դիսկոտեկ, կներեք, արվեստի խմբակ, կներեք, այստե՞ղ են շորեր հանձնում կարիքավորների համար: Այս ամենի համար ծառայել է Ստեփանակերտի թատրոնի շենքը, որի դիմաց բարձր պատվանդանի վրա Վահրամ Փափազյանի կիսանդրին էր, որ շատ նման էր Վարդան Օսկանյանին: Փափազյանն ի դեպ իր ժամանակին փայլել է Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնում։

Ես շատ փոքր էի, երբ այնտեղ ներկայացումներ էին լինում: Հավանաբար դեռ սովետ էր: Միայն դահլիճի ծիծաղն ու ներկայացումից հետո մարդկանց առանց իրար հերթ տալու դուրս գալն է տպավորվել իմ հիշողության մեջ:

Շենքը նախկինում եկեղեցի է եղել, բոլորին հայտնի է, թե ինչ էին անում եկեղեցիների հետ խորհրդային տարիներին: Մեր գյուղի (Վաղուհաս, Մարտակերտի շրջան) եկեղեցին , օրինակ, պայթեցրել են: Այնքան ամուր շինություն էր, գյուղում թաղման արարողության ժամանակ պատմում էր տարիքն առած մի պապիկ․ Նարիմանովը հրամայել է ամունալ դնել եւ պայթեցնել:

Ստեփանակերտի եկեղեցու “բախտը բերել է”, այն թատրոնի շենքի է վերածվել: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ այնտեղ սկսվեց պատարագ մատուցվել, միջանքից խնկի ու մոմի հոտ սկսեց բուրել, առաջին անգամ սքեմով քահանա տեսա ու այդտեղ էլ հանդիպեցի Քերոլայն Քոքսին:

Հետո, երբ 2005 օծվեց Սուրբ Հակոբ եկեղեցին (Հեքիմյանի եկեղեցի), թատրոնի շենքի երկրորդ հարկում ինչ-որ պարի, նկարչության խմբակներ սկսեցին գործել, իսկ կարմիր նստարաններով դահլիճը կիսաքանդ, դատարկ ու փոշոտ էր:

Կարծեմ, մի անգամ ընկերներով պահակին խնդրել էինք բացել` լուսանկարելու համար, կարծեմ՝ բեմն էլ կլոր էր ու պտտվում էր: Гримерка-ն չգիտեմ հայերեն ինչպես է թարգմանվում, բայց դռան վրա կարմիր տառերով գրված էր Ժաննա Գալստյանի անունը: Լքված ասելով, ես չեմ ցանկանում այն վատ ներկայացնել: Հակառակը, գուցե առանց ներկայացման այն ավելի լավ վայր էր: Մի տեսակ աուրա կար այդ շենքում:

Երեւի գրաֆիկ դիզայներն էլ էր հենց դա զգում եւ գուցե համարում, որ պետք է այդպես էլ թողնել, ձեռ չտալ: Ֆոտոսեսիա, ցուցահանդեսներ անելու իդեալական վայր:

Բայց նաեւ հիշում եմ (ինքս ինձ հակասելով), որ  ֆեյսբուքում “ջղայն” ստատուսներ էի գրում, թե ինչու քաղաքային իշխանությունները չեն վերանորոգում, ինչու մշակույթի նախարարությունը որեւէ բան չի անում եւ այլն… Ափսո՞ս չէ, եղանակային պայմաններից քայքայվում է: Պատերին արդեն ծառ էր աճում:

Ահա, վերջապես վերանորոգում են …ադրբեջանցիները, ինչպես կասեր մեր արվեստագետը` փչացնում: Եւ ով գիտի, թե տեղը ինչ են սարքում։

Հ.Գ. Ադրբեջանցիների հրապարակած լուսանկարում երեւում է, որ Վահրամ Փափազյանի արձանի հետ նույնն են արել, ինչ Ստեփան Շահումյանի: 

Մարութ Վանյան