Զելենսկին «վերադարձավ». այսօր կստորագրվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը

  • 09:29 05.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա հայտարարել է խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը նույնպես ազդանշաններ է ուղարկել խաղաղության իր պատրաստակամության մասին։

«Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է. «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տեւական խաղաղությունը մոտեցնելու համար։ «Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին «ցանկացած հարմար պահի» համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։ ԶԼՄ-ները գրում են, որ դա տեղի կունենա այսօր։

Թրամփը նշել է, որ շնորհակալ է նամակի համար՝ հավելելով. «Միևնույն ժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և ստացել ենք ուժեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»։

Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է տարածել՝ կապված Դոնալդ Թրամփի հետ իր հրապարակային վեճի հետ. նա ափսոսանք է հայտնել Վաշինգտոնում իրենց հանդիպման կապակցությամբ, բայց ուղղակիորեն ներողություն չի խնդրել։ Ուկրաինայի առաջնորդը նաև ցանկություն է հայտնել աշխատել Թրամփի հետ՝ պատերազմի ավարտի համար և առաջարկել է Ռուսաստանի հետ փուլային հրադադարի ծրագիր։

«Առաջին փուլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը, երկնքում կրակի անհապաղ դադարեցումը. հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի արգելումը, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելումը և անհապաղ զինադադար ծովում, եթե Ռուսաստանը նույնը անի»,- գրել է Զելենսկին:

«Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել բոլոր հետագա փուլերը և Միացյալ Նահանգների հետ միասին պայմանավորվել ամուր վերջնական համաձայնության շուրջ»,- գրել է Զելենսկին։

Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահի այս առաջարկներն ընդհանուր առմամբ համահունչ են հրադադարի ծրագրին, որն առաջարկել էր Ֆրանսիան Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո։

«Ուրբաթ օրը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ»,- գրել է Զելենսկին։ — Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անելու։ Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունն ու շփումը կառուցողական լիներ»։