Հայաստանում մարտ ամսին տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանը հայտնեց, որ վերջին 2-3 օրը մթնոլորտի շրջանառության մեջ էական փոփոխություններ եղան։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։
«Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 … +20 աստիճան, Տավուշում` +20 … +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 – … +24 աստիճան տաքության։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 … +22 աստիճան»,– նշեց Սուրենյանը։
Երևանում սպասվում է +21- … +23 աստիճան տաքություն։
Նրա խոսքով` այսօրվանից սկսած Իրաքից շատ տաք օդային հոսանքներ են ներթափանցում։
Առաջիկա 10 օրը մեր տարածաշրջանը գտնվելու է տաք հոսանքների ազդեցության գոտում ու օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացում կլինի։
«Մարտի 6-10–ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում և՛ ցերեկը, և՛ գիշերը կբարձրանա ևս 10-13 աստիճանով։ Մարտի 10-ին Երևանում ջերմաստիճանը կլինի +17 … +18 աստիճան։ Հանրապետության ողջ տարածքում հաստատվելու է անամպ, առանց տեղումների, չոր եղանակ։ Հավանաբար, տեղումներ կդիտվեն մարտի 16-ից հետո»,– նշեց Սուրենյանը։