Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
–Պարոն Ղուկասյան, ԱՄՆ եւ ՌԴ հարաբերությունների զարգացման պայմաններում հնարավո՞ր է, որ Մինսկի խումբը վերականգնվի, ի՞նչ միտումներ եք տեսնում այս նոր դասավորությունների համատեքստում։
-Ես կարծում եմ, որ շատ արագ եք արձագանքում փոփոխություններին, դեռ նման արմատական փոփոխությունների մասին խոսելը վաղաժամ է։ Այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկություն ԱՄՆ-Ռուսաստան գործարքի մանրամասնությունների մասին։ Բոլորը հասկանում են, որ ինչ-որ գործարք սեղանին կա, եւ ԱՄՆ քայլերը վկայում են այդ մասին, որ իրենց միջազգային հարաբերություններում իրենք շարժվում են ըստ այդ գործարքի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ վեհաժողովում բանաձեւը դրա մասին են վկայում, Ուկրաինայի ղեկավարության հետ տեղի ունեցը նույնպես այդ ծրագրի տրամաբանության մեջ է։ Բայց գործարքի առարկան հայտնի չէ։ Եվ բոլոր հրապարակային քննարկումները, նույնիսկ Թրամփի ելույթը կոնգրեսականների առջեւ, որը երեկ տեղի ունեցավ, փակագծերը չեն բացում։ Այս պահին դեռ չենք կարող պատկերացնել, թե որքանով է այդ գործարքը ռուս-ամերիկյան օրակարգի բոլոր խնդիրները լայն ու համապարփակ ներառում։ Բայց առհասարակ ակնհայտ է, որ Արցախի խնդիրն այդ օրակարգի մեջ կա։
–Իսկ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ԱՄՆ-Ռուսաստան համաձայնության շրջանակներում կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագիր» կնքվել։
-Ոչ, իմ կարծիքով՝ նման հնարավորություն չկա։ Այս պահի դրությամբ փաստաթղթի ստորագրման համար նախապայմաններ չեմ տեսնում։
–Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի համաձայնում իր առաջարկած տարբերակներին։ Նա նաեւ էսկալյացիայի վտանգի մասին էր խոսել, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։
-Կարծում եմ, որ Փաշինյանն իրեն վտանգի մեջ է զգում, որովհետեւ իր բոլոր գործարքները Մոսկվայի հետ տապալվել են։ Առ այսօր Արցախին վերաբերող ինչ գործարք ինքը կնքել է, ոչ մի արդյունք չի տվել «խաղաղության պայմանագրի» իմաստով։ Եվ հիմա ինքը, այո, քաղաքական հող է նախապատրաստում վաղը իր հասցեին հնչեցվող մեղադրանքների համար։ Խոսքն այս մեղադրանքների մասին է՝ որոշում էիր կայացնում 2019 թվականին Արցախը ռուսական հսկողությանը հանձնելու մասին, գնացիր պատերազմի՝ այդ որոշումն իրականացնելու համար, դրանից հետո 2022 թվականի մայիսին Մոսկվայի հետ համատեղ որոշում կայացրեցիր լուծարել Արցախի Հանրապետությունը, դրանից հետո եղավ շրջափակում եւ Արցախի վրա հարձակում ու էթնիկ զտում։ Արդյունքում՝ Հայաստանը չունեցավ «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ։
Հիմա հավանաբար եւ վստահության պաշարն է սպառված, եւ առարկայական լծակներ չկան՝ ազդելու իրադրության վրա։ Այսինքն՝ Փաշինյանի համար հարցն ամբողջությամբ կախված է արտաքին գերտերությունների դիրքորոշումներից, թե ինչ կորոշեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը։ Իր ձեռքում ոչինչ չկա, բնականաբար, նման պայմաններում ինքը պետք է մտահոգված լինի։ Իր որոշումը եւ պատկերացումը, որ Թուրքիայի միջոցով կարելի է «խաղաղության պայմանագրի» հասնել՝ անտեսելով ԱՄՆ-ն, Ֆրանսիայն եւ Եվրամիությունը, ի հակառակ իրենց շահերի այստեղ թուրքերի եւ Իրանի հետ կնքել «3+3» ձեւաչափով ինչ-որ «խաղաղության պայմանագիր», նույնպես ոնց որ թե այդ ճանապարհը չի աշխատում։
Եվ ստացվեց, որ ընտրություններին ընդառաջ Փաշինյանն ամբողջությամբ կորցրեց իր ընտրազանգվածը, այսօր միայն իր վարչական ռեսուրսի եւ սոցիալապես ամենատգետ խավի վրա է հենվում իր հեղինակությունը։ Ինքն արդեն տեւական ժամանակն է՝ քարոզում է, որ պետք է ժխտել ցեղասպանությունը, մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, հրաժարվել բոլոր ազգային կարեւոր հարցերից, Հայաստանի Անկախության հռչակագրում ձեւակերպված դիրքորոշումներից։ Դա էլ վնաս պատճառեց իրեն որպես քաղաքական գործչի, բայց օգուտ չբերեց՝ Թուրքիայի միջոցով պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ։
Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ արդեն ինքն է խոսում, որ կա էսկալյացիայի մեծ հավանականություն։ Եվ արդեն անձամբ իր պատասխանատվության դաշտում է մեր պաշտպանական հնարվորությունների հարցը։
Ռոզա Հովհաննիսյան