«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հարկերի բարձրացման հետ միաժամանակ Հայաստանում բարձրանում են սննդամթերքի գները։
Առանց տուն և աշխատանք մնացած արցախցիների վրա դա երկակի ազդեցություն է թողնում, իսկ եթե դրան գումարենք, որ կառավարությունն ապրիլից կկրճատի արցախցիներին տրվող բնակնպաստը, կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու մարդկանց վիճակը։ Արդեն հիմա շատերը փոխում են վարձակալած համեմատաբար հարմարավետ տները ավելի էժան և փոքր տների հետ՝ միանալով ընտանիքներով մի կտուրի տակ։ Ով աշխատում է, ստացած գումարի մեկ երրորդը հարկ է տալիս, մնացածը՝ գրավադրված ոսկու տոկոս։ Ուտելու փող չի էլ մնում․
«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:
Մարգարինի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով:
Թեյի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով:
Միաժամանակ, 2025 թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% եւ 0.6%-ով:
Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:
Եթե փորձենք խոսել հակիրճ, ապա Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է եւ գնաճ»: