«Ինձ ոգեշնչել է Քերոլայն Քոքսը, ես նույնպես ցանկանում եմ օգնել սահմանափակ հնարավորություններով մարդկանց»

  • 15:07 09.03.2025

Բոլոր անախորժությունները Տիրոջից մարդկության հեռավորության արդյունքն են:

Լինդա Թիմբերլեյք

Գուզալ Խայտիմբետովան ծնվել է Ուզբեկստանում։

«2016 թվականին երկու երեխաներիս հետ եկա Հայաստան՝ սովորելու Բիբլիական դպրոցում, որտեղ ծանոթացա Օլա Սայմոն Օսթվեյթի հետ, ով հետագայում դարձավ ինձ համար լավ ընկեր և հոգևոր առաջնորդ։ Նա ինձ հրավիրեց մասնակցելու Ստեփանակերտի ճամբարին, և այդպես ես առաջին անգամ 2017 թվականին եկա Արցախ՝ Ազգային առաջնորդության ինստիտուտի թիմի հետ, որը նաև զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով։ Այս թիմի հետ ես մասնակցեցի ճամբարին, որն անցկացվեց Ստեփանակերտի Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնում։

Ճամբարում գտնվելու ընթացքում ծանոթացա և ընկերացա Վերականգնողական կենտրոնի բազմաթիվ շահառուների հետ: Ինձ ոգեշնչել է Քերոլայն Քոքսի աշխատանքը: Ես նույնպես ցանկանում էի դառնալ նրա նման և օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Հետագայում ընկերացա Վարդան Թադևոսյանի հետ, ով երկար տարիներ զբաղվում է բնակչության առավել խոցելի խավերի վերականգնման գործով և արժանի օրինակ է։

2016 թվականից մինչև 2018 թվականը եղել եմ Երևանի Մայր Թերեզայի տանը կամավոր, որտեղ ծանոթացա սպիտակցի մի կնոջ հետ և նրա միջոցով 2017 թվականին եկա Սպիտակ։ Իմ առաջին այցելությունից հետո ես տեսիլք ունեցա․ իբրև գտնվում եմ մութ քաղաքում՝ գերեզմանատան մեջտեղում, և այդ ժամանակ լսեցի Ամենակարողի ձայնը, ով խնդրեց ինձ աղոթել, և աղոթքի ընթացքում պատկերը սկսեց կտրուկ փոխվել։ Շուրջս լույս է դառնում, ծառերը սկսում են աճել ու գերեզմանների տեղում ծաղիկներ են ծաղկում։ Արևը հայտնվում և ջերմացնում է բոլորին:

Տեսիլքից հետո ես հասկացա, որ Աստված կանչում էր ինձ օգնության կարիք ունեցողներին: Այսպիսով, որոշ ժամանակ անց իմ լավ ընկեր և գործընկեր Սթիվ Թրևեթի հետ միասին ստեղծեցինք Դեպի վեր բարեգործական կազմակերպությունը։ Հիմնադրամն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին, ովքեր դժվարություններ ունեն երեխաների խնամքի և ֆինանսական ապահովության առումով: Մասնավորապես, մենք օգնում ենք հասարակության լայն շերտերին հասնցել այս երեխաների խնդիրներն ու կարիքները։ Այսպիսով, մենք կարողացանք օգնել միջոցներ հայթայթել՝ որոշ երեխաների անհրաժեշտ վիրահատությունների համար:

Հատուկ կարիքներով երեխաների մասնակցությամբ անցկացվում են նաև տարբեր տոներ և միջոցառումներ՝ հետաքրքիր ժամանցի և արտ-թերապիայի դասեր կազմակերպվում և այլն:

Հիմնադրամի շահառուները նաև միայնակ մայրեր են, ովքեր դժվարությամբ են համատեղում աշխատանքը իրենց երեխաների դաստիարակության հետ, և մենք կարողացանք ստեղծել ծնողների աջակցության խումբ։ Մասնավորապես, կազմակերպել ենք փոքր ֆերմերային բիզնես, որը նրանց սեզոնային եկամուտ է ապահովել ամբողջ տարվա ընթացքում:

Հիմնադրամը կարեւոր դեր է խաղացել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռազմական գործողությունների ընթացքում մենք արցախցի մեր բազմաթիվ հայրենակիցների տրամադրել ենք ժամանակավոր կացարան և անհրաժեշտ ամեն ինչ։

Արցախյան շրջափակման ժամանակ գործընկերների միջազգային թիմի հետ այցելեցինք Հակարի կամուրջ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Շրջափակման 9 ամիսների ընթացքում անընդհատ կապի մեջ էի արցախցի ընկերների հետ և առաջին ձեռքից էի տեղեկանում հանրապետության ներսում տիրող իրավիճակի մասին։

Հարկադիր տեղահանության առաջին օրերից մեր հիմնադրամը հսկայական աջակցություն է ցուցաբերել արցախցիներին, մասնավորապես՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի բազմաթիվ շահառուներին և նրանց ընտանիքներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ամեն ինչով։ Մասնավորապես, Ստեփանակերտից Ելենա Թումասյանին բնակարան է հատկացվել Սպիտակում։ Առանձնատունը վերանորոգված է և ապահովված է առաջին անհրաժեշտության գույքով։ Նրանցից մի քանիսին օգնեցինք աշխատանքի տեղավորման հարցում։

«Դեպի Վեր» հիմնադրամի աջակցությամբ Սպիտակում գործում է երեխաների կրթական կենտրոն, որտեղ անվճար սովորում են արցախցի երեխաները։ Երեխաներին տրամադրվում է աջակցություն դպրոցական տնային առաջադրանքների կատարման հարցում:

Այս փուլում մեր հիմնադրամի գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է միայն Սպիտակով և շրջակա գյուղերով, քանի որ այստեղ դեռևս կան ավերիչ երկրաշարժի շոշափելի հետևանքներ։ Կան բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ, որոնք դեռ ապրում են վագոններում: Բացի այդ, 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Սպիտակում մեծ թվով արցախցիներ են ապրում, ովքեր օգնության կարիք ունեն։

Համոզված եմ, որ Արցախը վաղ թե ուշ կրկին հայկական է լինելու. Դրան հասնելու համար պարզապես պետք է չկորցնել հավատը Տիրոջ հանդեպ, և Նա անպայման հրաշք կգործի»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Դեպի վեր բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Լինդա Թիմբերլեյքը (կեղծանուն):

Արսեն Աղաջանյան

f