Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրին միանալու հարցը քննարկվել է Ալիևի օգնականի՝ վերջերս Թել Ավիվ կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև եռակողմ ռազմավարական դաշինք ստեղծելու մասին բանակցությունների մասին։ Քնեսեթի լսումների ժամանակ Իսրայելի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ այս բանակցությունները նախատեսում են նաև Ազատության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանի դեմ այլ պատժամիջոցների վերացում։
1992 թվականին ընդունված «Ազատության ակտի» 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիայի պատճառով, մինչ օրս գործում է։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը դեռևս անօրինական է համարում Բաքվի վերջին ագրեսիան Արցախի դեմ, ինչպես դա արեց 1992թ.։
Թեեւ 2020-2023 թթ. ագրեսիայից և Արցախից բնիկ բնակչության արտաքսումից հետո ԱՄՆ-ը կատարվածին քաղաքական գնահատական չի տվել, սակայն 907-րդ ուղղման և ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի համարում Արցախի հարցը լուծված, իսկ Ադրբեջանի գործողությունները՝ օրինական։
Ի տարբերություն Երևանի, որն ասում է, որ համաշխարհային հանրությունը 1992 թվականից իբր ճանաչել է Արցախը որպես «Ադրբեջանի» մաս, Բաքուն հասկանում է, որ 907-րդ ուղղման գոյությունը դատավճիռ է իրեն համար։ Այժմ Բաքուն ներգրավել է Իսրայելին՝ այն չեղարկելու համար։
Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է Իսրայելի միջոցով «թույլտվություն» ստանալ ԱՄՆ-ից՝ Հայաստանի հարավը գրավելու համար։ «Հայտնի է դարձել, որ Իսրայելը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար»։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։
2023 թվականին՝ դեռ իր ընտրվելուց առաջ, Թրամփը դատապարտել է հայ քրիստոնյաների բռնի տեղահանումը Ղարաբաղից և ասել, որ եթե ինքը լիներ նախագահ, դա տեղի չէր ունենա։
Հիմա ինքն է։ Թրամփը կչեղարկի՞ 907-րդ ուղղումը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: