Աշոտը պայքարում է լիարժեք ապրելու համար․ նրա հետ մեկտեղ պայքարում է նրա կինը՝ Մելինեն

  • 23:54 10.03.2025

 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից անցել է մոտ մեկուկես տարի։ Այդ արհավիրքից հրաշքով փրկված, վերջին աստիճանի այրվածքներ ստացած Աշոտ Բեգլարյանը դեռևս պայքարում է հնարավորինս լիարժեք ապրելու համար։ Նրա հետ մեկտեղ պայքար է տանում կինը՝ Մելինեն՝ դժվարությամբ հավատալով, որ կարողացել են հաղթահարել անհնարինը։ Տեղահանումից հետո նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Օշական գյուղում։ Մելինեն մասնագիտությամբ ռազմական բուժքույր է, սակայն որոշել է այլ բնագավառում փորձել հնարավորությունները։ Նա ատլասե ժապավենից ծաղիկներ է պատրաստում ունի պատվիրատուներ և նպատակադրվել է ընդլայնել իր փոքրիկ բիզնեսը։

 -Համացանցում եմ տեսել, թե ժապավենից ինչպես են ծաղիկներ պատրաստում։ Մի քանի անգամ նայելուց հետո իմ մեջ հետաքրքրություն է առաջացել, ու ես որոշել եմ փորձել ուժերս։ Ձեռք եմ բերել համապատասխան նյութեր, աշխատում եմ բացառապես բարձրորակ ատլասե ժապավեններով։ Աշխատանքներս տեղադրել եմ “Атласные Розы” իմ սոցիալական էջում։ Աշխատանքներս անմիջապես արձագանք են գտել, և ստացել եմ առաջին պատվերները։ Տեսնելով, որ պահանջարկն ավելանում է, ընդլայնել եմ գործունեությունս։ Վարդերից ծաղկեփնջեր եմ պատրաստում տարբեր առիթների համար՝ թե՛ տխուր և թե՛ ուրախ։ Հիմնականում իմ աշխատանքները եռագույն երանգների մեջ են։ Ճիշտ է, ժամանակատար ու դժվար աշխատանք է, սակայն ես սիրով եմ կատարում, առանձնապես՝ երբ տեսնում եմ, որ հաճախորդներս գոհ են մնում։ Պատվիրատուներն իրենք են ընտրում ծաղիկների գույները, քանակը, որից հետո ես յուրօրինակ ծաղկեփնջեր եմ պատրաստում։ Ֆլորիստիկայի արվեստը նույնպես ինքնուս եմ սովորել, և իմ հմտությունների ու երևակայության արդյունքում հաջողվում է գեղեցիկ գործեր ստեղծել։ Կանանց տոնի նախօրեին բավականին պատվերներ ստացա։ Դժգոհ չեմ իմ եկամտից, միայն առաքման խնդիր ունեմ, որովհետև ինքս մեքենա չեմ վարում, իսկ ամուսինս ի վիճակի չէ։ Մնում է դիմել տաքսու ծառայություններին, որոնք էլ ծախսատար են,- պատմում է Մելինեն։

Մելինեին չի հաջողվել մասնակցել Երևան քաղաքում արցախցի կանանց համար հաճախակի կազմակերպվող տարբեր դասընթացների, որոնց արդյունքում շատերին հնարավորություն է տրվել մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի։ Ամուսնու առողջական վիճակին հետևելն ու երեխայի խնամքը ուսերին էր։

 -Ամուսինս պայթյունից մի կերպ է ողջ մնացել։ Չէինք հավատում, որ կապաքինվի։ 10 ամիս Աշոտը բուժում է ստացել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Բժիշկներն արեցին անկարելին, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Ստիպված էին անդամահատել ձախ ոտքը։ Լրիվությամբ կտրված է աջ ձեռքի դաստակը, իսկ ձախ ձեռքի մատներից միայն բութ մատն է գործում։ Լրիվությամբ թույլ է աջ ոտքը։ Աշոտը տեղաշարժվում է հաշմանդամի էլեկտրական սայլակով։

Այս ողջ ընթացքում մենք մեծ դժվարությունների միջով ենք անցել, որոնց վերջը դեռևս չի երևում։ Շուտով նա պետք է կրկին վիրահատվի, որը թվով 13-րդ վիրահատությունն է լինելու։ Փետրվարի 12-ից բուժում է ստանում “Զինվորի տուն” վերականգնողական կենտրոնում, որտեղ պետք է մնա մինչև մարտի 22-ը։

Մինչվիրահատական կուրսից հետո միայն կկատարվի հաջորդ վիրահատությունը։ Առաջին խմբի զինվորական հաշմանդամություն է ստացել։ Ամուսինս 2014 թվականից ծառայում էր ԱՀ ՊԲ-ում։ Մասնակցել է Ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա և Արցախյան վերջին պատերազմներին։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Գիտեմ՝ առջևում մեզ ծանր օրեր են սպասվում, սակայն պատրաստ ենք դրանք ևս հաղթահարել։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք ևս ունենք սոցիալ-կենցաղային խնդիրներ, ապրում ենք անորոշ ապագայով։ Ամուսնուս հայրը նույնպես տուժել է պայթյունից, սակայն ապաքինվել է ու այս պահին աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Դժոխքի միջով անցած, ամիսներ շարունակ սարսափներով ապրած մեր ընտանիքը պարտավոր է ուժ գտնել ու առաջ նայել,- ասում է Մելինեն։

Աշոտն ու Մելինեն կրկնակի տեղահանված են։ Աշոտը Արցախի բերդաքաղաք Շուշիից է, իսկ Մելինեն՝ Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից։ 2020-ի պատերազմը նրանցից խլել է հայրենի օջախները։

 -2020-ի օգոստոսի 9-ին է կայացել մեր նշանադրության արարողությունը՝ հայրենի Մոշխմհատ գյուղում։ Մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 12-ին, մեր ընտանիքը հրավիրվել է Շուշի։ Ուրախ էինք, երազանքներով ու նպատակներով լի։ Պատրաստվում էինք ընտանիք կազմել, ապրել պատմական քաղաքում, սակայն վրա հասավ չարաբաստիկ 27-ը։ Երկուսս էլ անտուն ու անօթևան մնացինք։ Ամուսնացանք 2 տարի անց՝ բնակություն հաստատելով Ստեփանակերտ քաղաքում։  Սոֆիան 8 ամսական էր, երբ կրկին բռնեցինք գաղթի ճամփան, բայց այս անգամ Արցախի լրիվ հայաթափմամբ։ Երբ կորցրի հարազատ բնօրրանս, ահավոր ծանր էր, սակայն կար Արցախը․ թեկուզ կոտրված ու վիրավոր, բայց կար, ու մենք ապրում էինք մեր հողում։ Իսկ հիմա լրիվությամբ թևաթափ ենք, կորցրել ենք ամենաթանկը։ Արցախի կորստի ցավը ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել։ Սակայն ես վերադարձի հույսս չեմ կորցնում,-խոսքը եզրափակում է Մելինեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f