Հասմիկ Բարսեղյան․ լինել զինվորականի կին

  • 18:52 12.03.2025

«Ժամերն անցնում էին, բայց ոչ մի լուր ամուսնուցս չկար, բոլորն արդեն պատրաստվում էին, որ դուրս գան Արցախից, իսկ ես չգիտեի, ինչ պատասխան տալ երեխաներիս, ովքեր իրենց հորն էին սպասում»,- հիշում է 28-ամյա Հասմիկ Բարսեղյանը, ով սեպտեմբերի 19-ից հետո ոչ մի լուր չուներ ամուսնու՝ Միքայելի մասին։

Հասմիկը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից է, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Իր կարդացած ու ուսուցանած վեպերում անգամ չկան այն ապրումներն ու զգացողությունները, որ ապրեց ինքը 4 օրվա մեջ, երբ որեւէ տեղեկություն չուներ ամուսնուց։

«Ես լավ գիտեմ՝ ինչ է նշանակում լինել զինվորականի կին, ունենալ զինվորականի ընտանիք։ Հայրս արդեն թոշակի անցած զինվորական է։ Պապային մենք տանը չէինք տեսնում եւ միշտ քաշվում էինք իրենից, որովհետեւ նա տանը այն մարդն էր, որ միշտ գալիս էր ուշ եւ գնում շատ շուտ»,- ասում է Հասմիկն ու նշում, որ միայն հոր՝ թոշակի անցնելուց հետո մտերմացան եւ սկսեցին էլ չամաչել հայրիկից։

«Մաման միշտ ասում էր՝ չէի ուզենա, որ ձեր ամուսիները զինվորական լինեն։ Բայց ինձ համար զինվորականը հայ տղամարդու իրական կերպարն է՝ արժանապատիվ, զուսպ ու կշռադատված»,- ասում է Հասմիկն ու ավելացնում, որ ամուսնու հետ առաջին հանդիպման ժամանակ հենց զինվորական լինելն է իրեն առաջինը գրավել․ Միքայելը Իվանյանի վարժարանի կուրսանտ էր։

Հետո զինվորականի շորեր արդուկելը դարձավ սիրով արվող առաքելություն, ամուսնուն հպարտությամբ էր ճանապարհում աշխատանքի։ «2019թ․-ին ամուսինս թողեց բանակն ու անցավ այլ աշխատանքի, լավ եմ հիշում՝ մեր որդու ծնվելու օրն էր հենց գնացել դիմում գրելու»,- ասում է Հասմիկը։

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախ վերադառնալու մասին չեն էլ մտածել, դա որոշում էր, որ քննարկման ենթակա չէր։ Երկու երեխաների մայր է Հասմիկը, շրջափակման ամիսներին դժվար էր, բայց քանի որ սեփական հողատարածք ունեին, ցանել էին ամեն ինչ՝ մեղմելու փակ ճանապարհների ստեղծած քաոսը։

«Երբ սկսվեց բլոկադան, փոքր որդիս արդեն 6 ամսական էր, եւ հավելյալ սննդի անցնելու ժամանակաշրջանն էր, բայց ոչինչ չկար։ Ամենաբարդը, սակայն, տակդիրի բացակայությունն էր, անցել էինք 90-ականների փորձին՝ կտորներ էինք օգտագործում տակդիրի փոխարեն»,- հիշում է Հասմիկը։

«Ես 20-րդ դարի ճիշտ ներկայացուցիչ եմ, մտածում էի ես ու փորձում հաղթահարել դժվարություններն ու վայելել Արցախում անցնող ամեն մի օրս»,-ասում է նա։ Ու, թեեւ շատերն էին պատրաստ հաղթահարել այդ դժվարությունները, միայն թե ապրեին իրենց հողում, սեպտեմբերի 19-ը նոր ցավ ու կորուստների շարք բերեց։

Ամուսինը նորից վերադարձել էր զինվորական կյանքին, դիրքերում էր։ «Չգիտեի ինչ անել, երեխաներին գրկած վազվզում էի, մենք ապաստարան չունեինք, վազելով հասա մամայենց տան ապաստարան: Մի քանի օր անց, սեպտեմբերի 24-ին, խուճապ տարածվեց, որ թուրքերը մտնում են գյուղեր եւ պետք է դուրս գանք արդեն, որոշ ընտանիքներ հասել էին օդանավակայան՝ ռուսների ռազմաբազա»,- պատմում է Հասմիկը։

Գյուղը դատարկվում էր, իսկ իր ամուսնուց որեւէ տեղեկություն չկար։ Միքայելի տեղակայման վայրում կապ չկար եւ ՝ ողջ են, թե՞ ոչ, եւս պարզ չէր։

«Եկան ու ասացին, որ բոլորս պետք է դուրս գանք։ Խառնվեցի իրար, ո՞նց , թե դուրս գանք, իսկ ամուսինս․․․ամենածանր պահն այն էր, որ որդիս՝ Վահագնը մոտեցավ ու ասաց, որ ուզում է պապան գա, որ ինքը չի ուզում առանց պապա մեծանա․․․», – պատմում է Հասմիկն ու ավելացնում, որ այդ օրերին չգիտեր, ում համար էր ավելի շատ անհանգիստ՝ ամուսնու, որդու, թե սկեսուրի, ով արդեն քառասունչորսօրյայի ժամանակ կորցրել էր մյուս որդուն։

Միքայելը մի քանի անգամ փրկվել էր մահից, մեծ դժվարությամբ, քառօրյայի ժամանակ, հետո քառասունչորսօրյայի։ “Չգիտեի ինչ անել՝ հավաքե՞լ իրերը, թե սպասել։ Չէի կարողանում գտնել ինձ, մտածում էի, իսկ եթե մենք դուրս գանք ու Միքայելը գա, տեսնի, որ չենք սպասել իրեն, իսկ եթե դուրս գանք ու Միքայելին բերեն․․․»,- զինվորականի կնոջ քաոսային մտքերն է հիշում Հասմիկը։

Մի կերպ կապ հաստատեցին ու Միքայելը տուն հասավ։ Գյուղը գրեթե դատարկ էր։ Երեք օր ճանապարհ էին անցնում՝ չիմանալով, որտե՞ղ են գնում, ինչո՞ւ եւ արդյո՞ք մի օր հետ վերադառնալու հնարավորություն կենուենան։

«Սնունդ չկար, չգիտեի ինչ տալ երեխաներին։ Մի քանի կարտոֆիլ ունեինք, մի քանի կտոր հաց ու ինչպես հետո պարզվեց՝ ժամկետանց տուշոնկա»,- հիշում է Հասմիկն ու ավելացնում, որ ճանապարհի եւ Միքայելի շրջափակման մեջ հայտնվելու մղձավանջը ամենածանրն էր։

Հիմա այլեւս զինվորականի կին չէ, մի քանի տեղ է աշխատում ամուսինը, որ կարողանա հոգալ ընտանիքի ապրուստը, Երեւանում են ապրում։ Հասմիկն այստեղ իր մասնագիտությամբ չի աշխատում, բայց նոր մասնագիտություն է սովորել։ Փոքր որդու մանկապարտեզի հարցն է խնդիրը, վճարովի մանկապարտեզի հնարավորություն չկա, իսկ պետականներում հերթերն այնքան շատ են, որ չգիտի, արդյոք մինչեւ դպրոց գնալն իրենց հերթը կգա, թե ոչ։

Անդադար մտքերով տանն է, անընդհատ նկարներն է նայում, որտեղ երջանիկ էին, տանը, հայրենի հողում եւ խնամքով ու հպարտությամբ էր արդուկում զինվորական ամուսնու կամուֆլյաժ հագուստը։

Մարիամ Սարգսյան

f