Նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ, որից հետո հայտարարվել է 30-օրյա հրադադարին Կիեւի համաձայնության մասին։ Դա տեղի կունենա, եթե Մոսկվան տա իր համաձայնությունը։ Կասկածից վեր է, որ պայմանավորվածություն կլինի՝ ի նշան նոր «աշխարհակարգի» մեկնարկի, որտեղ ամեն ինչ որոշվում է բիրտ, քոչվոր ուժով։
Սաուդյան Արաբիայի հանդիպումից առաջ ամերիկյան կողմը հայտարարեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Կիևը կդիմադրի՞ և կրկին կխոսի՞ 1991, 2014 և 2022 թվականների սահմանների մասին։ Այդ սահմաններին վերադարձ չի կարող լինել, ասում է Թրամփի վարչակազմը՝ փաստացի ասելով քաղաքին և աշխարհին, որ 2014-22 թվականներին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմամբ հաստատված սահմանները կճանաչվեն օրինական։ Եվ Զելենսկին համաձայնեց։
Մոսկվան նախկինում նույն պահանջն էր ներկայացրել, իսկ Պեկինը լուռ աջակցում էր «խաղաղ կարգավորմանը»՝ առանձնապես չպնդելով 1991 թվականի սահմաններին վերադառնալու մասին:
Միայն Եվրոպան պնդեց, և հանուն 1991-ի հեղհեղուկ սահմանների զոհաբերեց Արցախը՝ Հայաստանը վերածելով հաշմանդամ երկրի։
Հիմա Եվրոպան նույնպես չի խոսում 1991 թվականի սահմանների մասին՝ ասելով, որ պարզապես ուզում է Ռուսաստանին զսպել ԵՄ-ՆԱՏՕ երկրներ ներխուժելուց։ Բայց Եվրոպայի համաձայնությունը Արցախի զավթմանն ու բնիկ հայ բնակչության տեղահանմանը “այլընտրանք” չեն թողնում սահմաններ գծողներին. բռնի ուժով կվերգծվեն նաև եվրոպական երկրների սահմանները, որոնց փոխարեն կհայտնվեն գորշ «ազդեցության գոտիներ» և արդյունաբերական կցորդներ։
Բոլորը կհիշեն, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում տեղի ունեցավ ԱՄՆ-ՌԴ-ԵՄ հանդիպումը, որտեղ ընդունվեց Արցախի օկուպացման և ողջ բնակչության տեղահանման որոշումը։ Իսկ արդեն 2023 թվականի հոկտեմբերի 21-ին, երբ Արցախում հայ չմնաց, իսկ Գազան ռմբակոծվում էր, այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մարդկությանը անհրաժեշտ է «նոր աշխարհակարգ»։
«Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան շրջանում, և ամեն ինչ լավ էր աշխատում, բայց դա վերջացավ։ Մեզ նոր աշխարհակարգ է պետք, և մոտակա 4-5 տարվա որոշումները կարող են որոշել, թե ինչպիսին են լինելու հետագա 50 տարին»,- ասել է նա։
Ահա և նոր աշխարհակարգը:
Սաուդյան Արաբիայի հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ նույն Ստամբուլում հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ըստ երևույթին, հենց այնտեղ է կնքվել աշխարհի սահմանները ուժով վերագծելու պակտը: Եթե Ալիեւին թույլ են տվել կուլ տալ Արցախը, իսկ Ռուսաստանին թույլ են տվել խլել Ուկրաինայի մեկ երրորդը, ապա ինչո՞ւ նույնը չանել այլ երկրների հետ։
Սիրիան արդեն զգացել է այս պակտի հետևանքները՝ ցեղասպանությունը և բնիկ բնակչության՝ ալավիների, քրիստոնյաների վտարումը, ակնհայտորեն հանգեցնում են Սիրիայի մասնատմանը։
Նոր «հաշխարհակարգի» կառուցման արդյունքում շատ երկրներ կարող են անհետանալ, և Հայաստանն այս ցուցակում ամենաերևացող տեղում է։ Հատկապես, նմանիշխանությունով ու ընդդիմությունով, որոնք այդպես էլ չեն հավատացել հայերի սեփական պետություն ունենալու հնարավորությանը, իսկ դրան հավատացողներին գնդակահարել են թիկունքից։
Նաիրա Հայրումյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: