«Շվեյցարիայի խորհրդարանի ներքին պալատը համապատասխան որոշում է ընդունել, որպեսզի Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կազմակերպվեն լսումներ, որը շատ կարեւոր է, քանզի տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ ՀՀ-ում, փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, ընդհանրապես չկա։ Մենք դրան մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք մեր հավաքական վերադարձի համար մեր պատմական հայրենիք»,- այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
Նա նշեց, որ այսօր ուզում են շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի իշխանություններին, պետական կառույցներին, որոնց աջակցում են Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմանը։ «Այսօր մենք նամակով ու խնդրանքով դիմում ենք Շվեյցարիայի իշխանություններին, մարտի 18-ին տեղի կունենա Շվեյցարիայի պառլամենտի վերին պալատի նիստը, ակնկալում ենք դրական որոշում։ Ակնկալում ենք, որ Արցախի հիմնախնդիրը կմնա միջազգային տարբեր հարթակներում օրակարգային հարց։ Եվ ժամանակի ընթացքում այդ հարցը կստանա արդարացի լուծում»,- ասաց նա։
Գագիկ Բաղունցի խոսքով՝ վերին պալատի որոշումը պարտադիր է Շվեյցարիայի կառավարության համար։ Եթե մարտի 18-ին վերին պալատն էլ դրական որոշում ընդունի, Շվեյցարիայի կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել։ Եվ այդ լսումները Արցախի հարցը կվերադարձնեն միջազգային քննարկումների օրակարգ։ «Այնպես որ, սպասում ենք, որ ամռանը հարցի քննարկումը կլինի»,- հավելեց նա։
Բաղունցի խոսքով՝ արցախցիներն այսօր իրենց իրավունքներին տեր են կանգնում։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, նա ասաց, որ առանց Հայաստանի իշխանությունների քայլերի, Արցախի իշխանությունների գործունեության էֆեկտիվությունը շատ ցածր է։ «Եվ ես ակնկալում եմ, որ ուշ թե շուտ ՀՀ այս կամ այլ իշխանություն կհասկանա, որ Ղարաբաղի հիմնախնդիրը ամբողջ հայ ազգի հիմնախնդիրն է, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ ջանքեր կգործադրվեն, որպեսզի Արցախյան հինախնդիրն արդարացի լուծում ստանա»,- նշեց նա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: