“Տեսեք, Սիրիայի նախագահը թողեց եւ գնաց, այդ երկրի ժողովրդի ճակատագիրն այսօր դուք տեսնում եք”․ Դավիթ Մելքումյան

  • 16:11 13.03.2025

«Արցախ Հանրապետության նախագահն արդյոք ունե՞ր լիազորություններ, որ մենակով լուծարեր Արցախի Հանրապետությունը։ Չկա նման բան, բացառվում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

«Այդ փաստաթուղթը որեւիցե իրավական հիմք չունի։ Դուք շատ լավ գիտեք, թե լուծարման գործընթացը ոնց է տեղի ունեցել, այդ ընթացակարգը տեղի չի ունեցել։ Ավելին ասեմ՝ Արցախի Հանրապետության իշխանությունը շարունակում է իր աշխատանքը»,- ասաց նա։

Հարցին, որ կան տեղեկություններ, թե Եվլախում բանակցվել է արցախցի պաշտոնյաներին գերի հանձնելու, փոխարենը ամբողջ ժողովրդին անվտանգ դուրս հանելու հարցը, Մելքումյանը պատասխանեց․ «Չկա տենց բան, իրականում Արցախի Հանրապետության նախագահները եւ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք իրենց պարտքն են համարել մնալ այնտեղ, մինչեւ վերջին արցախցին դուրս կգար, հետո նոր իրենք կմտածեին իրենց ճակատագրի մասին։ Սա է իրականությունը։ Տեսեք, Սիրիայի նախագահը թողեց եւ գնաց, այդ երկրի ժողովրդի ճակատագիրն այսօր դուք տեսնում եք։ Մենք մինչեւ վերջին մարդը մնացել ենք, կազմակերպել ենք։ Այդ մարդիկ իրականում դա իրենց պարտքն են համարել, եւ ես սա համարում եմ հերոսություն»։

 

f