Արցախցիների վերադարձի հարցը չի կարելի համեմատել Խորհրդային Հայաստանից գնացած ադրբեջանիցների հարցի հետ, դրանք անհամեմատելի իրավիճակներ են։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է, իսկ ադրբեջանցիները խորհրդային տարիներիյն իրենց կամքով են Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան։ Այսինքն՝ խորհրդային Հայաստանից բռնի տեղահանում տեղի չի ունեցել։
«Երկրորդ, Արցախի ժողովուրդը՝ որպես ժողովուրդ եւ միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից։ Հետեւաբար, մենք՝ որպես ժողովուրդ վերադարձի իրավունք ունենք՝ մեր հավաքական իրավունքներով։ Բացի դրանից, կա Միջազգային դատարանի վճիռ, իսկ ադրբեջանցիների պարագայում չկա այդ վճիռը։
Բացի դրանից, ադրբեջանիցները բարձր տոկոսով կարողացել են փոխանակել կամ վաճառել իրենց գույքը Հայաստանում, իսկ մենք այդ հնարավորությունը չենք ունեցել, ուղղակի բռնի տեղահանվել ենք, որովհետեւ ցեղասպանության ռիսկի առաջ ենք կանգնած եղել։ Եվ բազմաթիվ այլ պատճառներ էլ կան, սրան պետք է պատասխանեն ՀՀ իշխանությունները։ Որոշ չափով, բայց ոչ ամբողջությամբ կարող են համեմատել ու քննարկել միայն Ադրբեջանից տեղահանված հայերի եւ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների իրավիճակները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին՝ Բեգլարյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմով, միգուցե դատարանով այդ հարցը պետք է վճռվի։ Բայց առաջին հերթին պետք է տեղի ունենան բանակցություններ, որպեսզի պարզ լինի՝ ինչ պայմաններ ու մտավախություններ կան։
«Իմ դիրքորոշումն այն է, որ սա մոտավոր այն է, որ հոլոքոստի զոհերին՝ հրեաներին տանեն եւ նացիստական ռեժիմի տակ բնակեցնեն, արդյոք միջազգային հանրության որեւէ ներկայացուցիչ այդպիսի բան կանե՞ր։ Եթե իրենք ընդունում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել կամ եթե նույնիսկ ցեղասպանություն չեն ասում, ասում են՝ էթնիկ զտում, որը մարդկության դեմ հանցագործություն է, ապա իրենք նույն միջազգային իրավունքով պետք է ընդունեն՝ ոչ մի պրակտիկա չկա հանցագործության կամ ցեղասպանության զոհերին տանեն ու հանցագործների տիրապետության տակ բնակեցնեն։
Հետեւաբար, հանուն մարդու իրավունքների, հանուն միջազգային իրավունքի փրկության եւ հանուն արդարության ուղղակի պետք է բացառենք ադրբեջանական ցեղսպանական տիրապետությունը։ Թե մնացածն ինչ պայմաններ են՝ միջազգային ադմինստրացիա է, արցախյան իշխանության վերականգնում է, միջանկյալ կարգավիճակ է, սրանք բոլորը քննարկելի հարցեր են։ Բայց պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն հնարավոր նոր միջազգային հանցագործության կրկնությունը»,- ասաց նա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: