«Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ իրականացնելով կրթական, հումանիտար, սոցիալական մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև՝ երիտասարդների մասնագիտական հմտությունների հզորացմանը։
«Արցախի օկուպացիայից և մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո առաջացավ «Մենք և Մունք», ծրագրի մշակման գաղափարը: «Մենք և մունք»-ը հումանիտար սոցիալական ծրագիր է՝ միտված աջակցելու Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի սահմանամերձ՝ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակություն հաստատած արցախցիներին։
Այն մեկնարկել է 2024 թ. սեպտեմբերին: Ծրագրի նպատակն է նպաստել արցախցիների սոցիալական ինտեգրմանը նոր համայնքներում, տրամադրել նրանց հոգեբանական աջակցություն, համախմբել Արցախի և մարզերի երիտասարդներին և պատանիներին, ինչպես նաև՝ խթանել ավագ և պատանի սերունդների միջև երկխոսությունը։
«Մենք և մունք» ծրագիրը բաղկացած է հինգ գործողությունից, որոնք են. Կրթական երկօրյա աշխատարաններ, Ամառային ճամբար, Համայնքային միջոցառումներ՝ արհեստների աշխատարաններ, «7 ճանապարհ» հոգեկրթական նախագիծ և Աջակցություն Արցախյան բիզնեսներին։
Ծրագրի տևողությունն է՝ 12 ամիս։ Այն նախատեսում է մինչև 1500 շահառուի ներգրավածություն։ «Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։
Կրթական երկօրյա աշխատարանների շրջանակներում իրականացվում են թվով 8 կրթական երկօրյա արվեստի աշխատարաններ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Այս նախաձեռնության նպատակն է միավորել մարզերի պատանիներին այնտեղ բնակություն հաստատած արցախահայ պատանիների հետ։ Աշխատարաններին մասնակցում են 12-18 տարեկան պատանիներ Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Տավուշից։ Նրանք միասին ուսումնասիրում են հագուստի դիզայնի և կոլաժային արվեստի բազային գիտելիքները, ծանոթանում լուսանկարչության և բեմական արվեստի նրբություններին:
Բանավոր պատմությունների աշխատարանում պատանիները սովորում են հավաքագրել ազգի կուտակած իմաստությունը, իսկ Բաղադրատոմսերի հավաքագրման աշխատարանը նրանց ուշադրությունը կենտրոնացնում է իրենց տարածքին բնորոշ ավանդական ուտեստների առանձնահատկությունների վրա:
Կրթական երկօրյա արվեստի աշխատարաններում ներառված է նաև Երաժշտական աշխատարան, որտեղ պատանիները լսում ու սովորում են տարանջատել հայկական երգն ու մեղեդին:
Աշխատարանների հիմնական նպատակը արցախցի պատանիների ինտեգրումն է նոր համայնքներում, ինչպես նաև նրանց սթրեսային վիճակի հաղթահարումը։ Երկու օր և օրական 1 ժամ տևողությամբ դասընթացները վարում են տվյալ ոլորտի արհեստավարժ մասնագետները։ Այդ ընթացքում ստեղծված համատեղ աշխատանքները կցուցադրվեն ծրագրի վեբ-կայքում և նախատեսվող ամառային ճամբարի ընթացքում։ Աշխատարաններին մասնակցում են ավելի քան 200 պատանի։
Առաջիկա ամառային ճամբարը տեղի կունենա հուլիսին՝ Աղվերանում. այն մեկ վայրում միավորելու է մոտ 120 պատանիների Արցախից, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից: Ճամբարի ընթացքում կանցկացվեն արվեստների աշխատարաններ, ինտերակտիվ թիմային վարժություններ, հոգեկրթության դասընթացներ, ժամանցային խաղեր և այլ զբաղմունքներ՝ համեմված հոգեբանական խաղերով։
Համայնքային միջոցառումների շրջանակներում Արցախից բռնի տեղահնված 12-90 տարեկան կանանց համար կազմակերպվում են արհեստի աշխատարաններ, որոնք նույպես նպաստում են վերջիններիս սոցիալական ինտեգրացիային։ Այս նախաձեռնության ընթացում արհեստի աշխատարանների շուրջ միավորվում են ավագ և պատանի սերնդի կանայք՝ միասին ստեղծագործելու, կարուձևով ու հելունագործությամբ զբաղվելու և պարզապես առօրյա կենցաղային հոգսերից մի փոքր շեղվելու նպատակով: Աշխատարանները ուղեկցվում են երաժշտությամբ, ինչպես նաև դրանց ավարտին մասնակիցներին շնորհվում են կարի մեքենաներ, որոնք կարող են ոմանց համար ծառայել որպես եկամտի լրացուցիչ աղբյուր։ Թվով վեց համայնքային միջոցառումներին ներգրավված է 60 մասնակից։
«Մենք և մունք» հումանիտար ծրագրի հոգեկրթական բաղկացուցիչ մասն է նաև «7 ճանապարհ» հոգեկրթական նախագիծը: Այն ներառում է համանուն տաս էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ, որի շնորհանդեսը կկայանա մարտի 14: Գրքույկի շուրջ աշխատել են կլինիկական հոգեբաններ, որոնք ունեն Արցախից բռնի տեղահանված բնակչության հետ աշխատանքի հարուստ փորձ:
«Մենք և մունք» ծրագրի վերջին բաղադրիչը, որն իրականցվել է 2024-ին, միտված էր աջակցելու Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում գործող արցախցի սկսնակ ձեռներեցներին։ Նրանց համար չափազանց կարևոր այս աջակցությունը օգնել է նախևառաջ գրագետ ներկայացնել և վաճառել իրենց ստեղծած պրոդուկտը կամ ծառայությունները։ Աջակցության շրջանակում ներառված է եղել կարճ դասընթաց ձեռներեցության հիմունքների և վաճառքների կազմակերպման մասին, անհատական բիզնես խորհրդատվություն, ինչպես նաև նախագծի շահառուները հնարավորություն են ստացել մասնակցելու իրենց համայնքներում անցկացվող ամանորյա տոնավաճառներին։
Այս մասին Step1.am հետ զրույցում պատմեց «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության հաղորդակցության մասնագետ Լուսինե Պառավյանը։
Արսեն Աղաջանյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: