Թամարը շարունակում է գործունեությունը․ Ազգային պարը ասես դարձել է ոգին փարատող միջոց

  • 11:14 14.03.2025

Թամար Սարգսյանը 3 տարեկան էր, երբ 1996 թվականին ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվեցին Արցախ ու վերաբնակեցվեցին Մարտակերտիի շրջանի Հովտաշեն համայնքում։ 2020-ի պատերազմից հետո գյուղն անցավ թշնամու տիրապետության տակ և Սարգսյանների ընտանիքը ստիպված ապաստան գտավ Հայաստանում՝ սպասելով, որ նորից կվերադառնան Արցախ ու կրկին սեփական տանիք կունենան։ Ցավոք, նախախնամությունը այլ ճակատագիր էր նախատեսել 2023-ին ողջ արցախահայությունն արժանացավ Սարգսյանների ճակատագրին։

Թամարն ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ազգային երգ ու պար է դասավանդում Հրազդանի հ 8 դպրոցում։

Մանկուց է սիրում ազգային երգն ու պարը, և ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետում սովորելուն զուգընթաց սովորել ու կատարելագործվել է այդ արվեստում։ Նրա կարծիքով՝ ազգային երգն ու պարը սիրելու և իր մեջ կրելու համար պետք է նախ ճանաչել, սիրել և անդադար ուսումնասիրել ազգայինը, հասկանալ երգերի և պարերի բովանդակությունն ու ասելիքը:

-Շատ գովելի է այն փաստը, որ վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ազգային երգ ու պարի ուսուցումը և տարեցտարի ավելանում է այն ուսումնական հաստատությունների թիվը, որտեղ կրթվում է ազգային մշակույթի այդ թևը ճանաչող սերունդ:

Որպես երգի ու պարի ուսուցիչ՝ դասավանդում եմ Հրազդանի թիվ 8 դպրոցում։ Երեխաները ոգևորությամբ են սովորում ազգային պարերը՝ հասկանալով, որ Հայկական լեռնաշխարհում ծնված պարն իր առաջացման պահից արտահայտում է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի ու բնության հանդեպ։

Համատեղությամբ Աբովյան քաղաքում գործող Դիզակ-արտ մշակույթի կենտրոնում ազգային պարի խմբակ եմ վարում, որտեղ հաճախում են միայն արցախցի երեխաները։ Անվճար խմբակ է․ արցախցի երեխաներին հնարավորություն է տրվում սովորել ու հմտանալ ազգային պարարվեստում։

Թամարն Արցախում ապրած ամեն մի օրը թանկ ու անփոխարինելի է համարում։ Պատմում է՝ ինչպես 2013-ին ստեղծվեցՏնջրե” համույթը, որի մի մասնիկը դարձավ նաև ինքը

– 2013-ին Հայաստանից Արցախ է գալիս ազգային պարերի մասնագետ Սարգիս Պարսամյանը։ Նրան հրավիրել էին աշխատելու Տողի արվեստի դպրոցում։ Սարգիսը որոշեց զուգահեռաբար Ստեփանակերտում պարի վճարովի խումբ բացել։ Ես նույնպես որոշեցի հաճախել այդ խումբը՝ ազգային պարերն ավելի լավ յուրացնելու համար։ Խմբում հավաքվածներս անմիջապես ընկերացանք ու մեծ ընտանիք դարձանք։ Որոշեցինք Ստեփանակերտի հրապարակում Մոնթեի ծննդյան օրը բաց դաս անել ու հերոսի ծնունդը պարերով ձոնել։ Հանդես եկանք որպես “Արցախ” ազգային պարի նախաձեռնություն՝ ներկայացնելով մի քանի ազգային պարեր։ Հետո հասկացանք, որ կարող ենք պրոֆեսիոնալ ազգային պարի խումբ ունենալ Արցախում։ Ծնվեց գաղափարը և որոշ ժամանակ անց հիմնվեց համույթը։ Սկզբից “Արցախ” էր կոչվում, հետո վերանվանեցինք “Տնջրե”՛ ընտրելով Արցախին առնչվող բնորոշ անուն։ ԱՀ ՄԵ հարցերի նախարարությունը մեզ տարազներ հատկացրեց՝ Արցախի ավանդական և Սեբաստիայի տարածաշրջանի։ Ցավոք, մեր տարազների զգալի մասը՝ բավականին թանկարժեք, մնաց Շուշիում։

Տնջրեի բավականին մեծ գործունեության արդյունքում համակրողների և երկրպագուների թիվը շատ մեծացավ․ մարդիկ իրապես սպասում էին մեր բաց դասերին։ Կարողացանք այդ կարճ ժամանակահատվածում մեծ մենահամերգ ունենալ՝ նվիրված Արցախի շարժման 30-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձներին։ Բազմապիսի ծրագրեր ենք արել ու դեռ երկար պետք է գործունեություն ծավալեինք։ ՀՀ ՊՆ-ի որոշմամբ՝ ԱՀ ՊԲ-ի հետ ծրագիր իրականացրինք։ Արցախում Տնջրեին էր վերապահված անել այդ ծրագիրը։ Ռազմապարերը պետք է բանակ մտնեին։ Գրեթե բոլոր զորամասերում ներկայացանք ազգային համարներով։ Առաջին փուլը լրիվությամբ հաջողեցինք, սակայն երկրորդ փուլը, որ ենթադրում էր սպաներին ազգային պարեր սովորեցնել, չստացվեց։ 2014-ի օգոստոսյան դեպքերի պատճառով և Ապրիլյան քառօրյայից հետո ծարգիրը դուրս մղվեց։

Հետո մի մեծ ծրագիր ևս արեցինք։ Քանի որ Արցախում արդեն ուսուցանվում էր ազգային երգ ու պար առարկան, որոշեցինք այցելել դպրոցներ, որպեսզի երեխաները տեսնեն, թե ինչպես են իրենցից մեծերը ոգեղեն պարում, ու այդ էներգիան փոխանցվի նաև իրենց։

2014 թվականից Արցախում աշխատում էի նաև Ասկերանի ՄՊՍԿ-ի Նորագյուղի, Աստղաշենի արվեստի դպրոցի Խնձրիստանի և Պատարայի մասնաճյուղերում։ Ազգային պար էի սովորեցնում երեխաներին․ այդ տարիները շատ հագեցած ու իմաստալից էին ինձ համար։ Ակտիվ ու տաղանդաշատ երեխաներ էին․ ակնհայտ սեր ուներին ազգայինի հանդեպ։ Իմ նպատակը միշտ եղել է Արցախում վերականգնել, սովորեցնել և վարակել յուրաքանչյուրին ազգային-ավանդական պարերով ու ոգով։

2020-ի պատերազմը շատ բան փոխեց Արցախի կյանքում

-Ցավոք, 2020-ից հետո ամեն ինչի վերջը դրվեց։ Փոքր խմբով, բայց շարունակում էինք աշխատել։ Խմբի հիմնադիրը Սարգիսն էր, սակայն արդեն ես ու Մանուկ Հարությունյանն էինք որոշ աշխատանքներ անում։ Իսկ երբ ստիպված էի տեղափոխվել Հայաստան, մեր խմբի Մարիամն էր համախմբում աշխատանքները։ Նա զրոյից վերականգնեց ու ոտքի հանեց համույթը։ Տնջրեն շարունակում էր իր գործունեությունը հնարավորության սահմաններում։ Անգամ շրջափակման ժամանակ չէին դադարում պարապմունքները։

Հետաքրքիրն այն էր, որ 2020-ի պատերազմից հետո մարդկանց ընկալումներն ազգային մշակույթի հանդեպ բավականին փոխվել էին։ Եթե խաղաղ ժամանակներում մենք էինք խնդրում, որ պարի խումբ հաճախեն, ապա պատերազմից հետո մեծացել էր ցանկացողների թիվը։ Ազգային պարը ասես դարձել էր ոգին փարատող միջոց։

2023-ի տեղահանումից հետո մեր խմբի անդամները ցրված են Հայաստանով մեկ, մի մասն էլ ապրում է այլ երկրներում։ Ցավոք, հնարավոր չի այստեղ վերականգնել համույթի աշխատանքը․ բավականին դժվար է այս պայմաններում խումբը հավաքել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f