Միրզոյան․ միջանցքի մասին խոսք չկա, բայց ապաշրջափակման մասին էլ չկա

  • 12:51 14.03.2025

«Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են։ Տեքստը բանակցություններից հետո համաձայնեցված է, ես սա համարում եմ չափազանց կարեւոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ ՀՀ շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Արդբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի կնքման տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց․ «Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որեւէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային հարցերում։ Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություն չի կրում։ Մենք տեղեկացրել ենք հանրությանը, որ այդ մասին շատ կառուցողական, մեր համոզմամբ, երկուստեք ընդունելի առաջակ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին։ Եվ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Ինչպես ողջ աշխարհը, մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակի պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելով բեռների սահուն ընթացք։ Բայց, ինչպես նախկինում, այժմ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշանության ներքո։ Որեւէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա»։

Միրզոյանն ասաց, որ համաձայնեցված տեքստում չկա որեւէ դրույթ այն մասին, որ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը երկու երկրերի տարածքներում բնակեցված, հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները։

«Նաեւ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապեության Սահմանադրության մասին։ Այս մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա։ Ընդհանրապես համաձայնագրի տեքստում որեւէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաեւ սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է նաեւ, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության մասին։ Հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բայց մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են։ Եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանաջներ, ապա մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ պատմությունից հայտնի է՝ որեւէ խաղաղության համաձայնագիր միանգամից բոլոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից կախարդական փայտիկով երկու թշնամի ժողովուրդներին գործընկերներ ու բարեկամներ չի դարձնում։ «Եվ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված եւ ստորագրման պատրաստ տեքստը եւս բացառություն չէ։ Բայց կարեւոր է նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը կարող ենք օգտագործել՝ խնդիրները լուծելու եւ հարաբերությունները վերջնական կարգավորելու համար»,- հավելեց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Ադրբեջանի պահանջին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին։ Եվ այդ պահին մենք էլ արդեն կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք ապակառուցողական տարրեր, որոնց շարունակաբար հանդիպում ենք ադրբեջանական կողմից։ Այն պահին, երբ մենք կունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր, մենք եւս կունանանք մեր վերապահումները Մինսկի խմբի գործունեության հետ կապված»։

 

f