«Դուք ստացել եք մի համաձայնագիր, որն արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները»

  • 13:18 14.03.2025

«Դուք ստացել եք մի համաձայնագիր, որն արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները։ Ու հայտարարում եք, որ փոխզիջումային փաստաթուղթ է, որն ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ մեր հանրությանը կբացատրե՞ք՝ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Այդ ի՞նչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։ Դուք սկսել եք բանակցել այն կետից, երբ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում Սահմանադրություն փոխելու, պահանջում է, որ հանձնեք ՀՀ քաղաքացիներին։ Իսկ Արդբեջանին ստիպե՞լ եք ընդունել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այնպես է ընդունել, որ եկել է, զորքով 200 քկմ զավթել է ՀՀ տարածքից»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը նաեւ հարցրեց՝ այսպես կոչված «ռեւանշիզմի» դեմ պայքարի կետ կա՞ այդ փաստաթղթում։ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ երեկ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց, որ կողմերը պայմանավորվել են այսպես կոչված «խաղաղության օրակարգի» դեմ գործողություններ չիրականացնել։ «Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողություն է, օրինակ, Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ արցախցիներն իրավունք ունեն վերդառնալ իրենց հայրենիք։ Ձեր համար Ամենայն հայոց կաթողիկոսը ռեւանշի՞ստ է, ի՞նչ եք պայմանավորվել»,- ասաց նա։

«Կաթողիկոսին ռեւանշիստ համարո՞ւմ ենք, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»,- արագանքեց Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ էական ձեռքբերում է համարում այն, որ «Ալմա-Աթայի հռչակագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»։

«Չկա որեւէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չէ, ձեռնտու է միայն Ադրբեջանին։ Եվ չկա որեւէ կարգավորում, որը մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ ՀՀ նվաստացումն է արձանագրում։ Խաղաղությունը ՀՀ գոյության միակ ձեւն է։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ շահերից։ ՀՀ ժողովրդին ներկայացնել, որ Ադրբեջանը պահանջում է, ՀՀ իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ, որ որեւէ քաղաքական ուժի կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ է պետք, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է ՀՀ ժողովրդին։ ՀՀ-ին պետք է խաղաղություն»,- հայտարարեց Միրզոյանը։ ԱԳ նախարարը նշեց, որ «խաբկանք ու պատրանք է ժողովրդին մատուցվող այն թեզը, թե խաղաղություն ունի այլընտարնք՝ ի դեմս պատերազմի ու հոխորտանքների»։

Քրիստինե Վարդանյանը կրկնեց հարցը՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջում, «խաղաղության օրակարգի դեմ գործողություններ» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։ Արարատ Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Փոխարենն ասաց․ «Հենց այս տեքստով խաղաղության հաստատմաբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ ու խորը ճահճից, որից դուրս չգալու դեպքում մենք ընկղմվելու ենք եւ թաղվենք»։