«Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման իրավունքի համար։ Նույն միջազգային իրավունքը շատ հստակ ամրագրում է, որ ինքնորոշման համար պայքարի ելած, ապստամբած ժողովուրդներն ունեն այդ իրավունքը, եւ որեւէ ձեւով դրանում որեւէ հանցագործություն չկա։ Եվ այսօր Բաքվում գտնվող անձինք, իհարկե, հենց դրա համար են գտնվում այնտեղ»,- այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Այսինքն՝ մարդիկ, ովքեր պայքարել են այդ ինքնորոշման համար, կանգնել են ինքնորոշման դիրքերում եւ Արցախի ժողովրդի հետ միասին առաջ են մղել այդ իրավունքների պաշտպանության օրակարգը, այսօր դատվում են, այսօր գտնվում են անազատության մեջ՝ պարզապես իրենց հիմնարար իրավունքների իրացման համար։ Եվ դրան զուգահեռ տեսնում ենք, որ այդ կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որն իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, ուղղակի որեւէ գործողություն չեն ձեռնարկում՝ ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ ՄԱԿ-ից պահաջում են պատվիրակություն ուղարկել Բաքու՝ հայ գերիներին այցելելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ կեղծ «դատավարությանը» ներկա գտնվելու համար։
«ՄԱԿ-ը պետք է հասկանա, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, առաջին հերթին խարան է իր համար՝ որպես միջազգային կազմակերպություն»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: