ԱՄՆ-ն “հանձնեց” Հայաստանը Ռուսաստանի ողորմությանը․ Մոսկվան սկսում է մոդերացիան

  • 09:06 15.03.2025

Բաքուն ողջույններ է ստանում աշխարհից Հայաստանի հետ խաղաղության բանակցության ավարտի վերաբերյալ, բայց ասում՝ «դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը»։  Այսինքն՝ Բաքվի համար կարևոր է վայրը։

Բաքուն և Անկարան կուզենային, որ դա լինի, ասենք, Եվլախում, որտեղ սկսվեց Հայաստանի գահավիժումը։ Սակայն, ըստ երևույթին, կա հերթական միջազգային կոնսենսուս՝ այս համաձայնագիրը պետք է կնքվի Մոսկվայում, հետո կես տարի անց հաստատվի Թուրքիայում։ Ինչպես դա եղել է 1921-ին, 2020-ի նոյեմբերին և 2023-ի սեպտեմբերին։

Փաշինյանը մի օր էլ չսպասեց և շտապ զանգեց Պուտին-կնքահայրին։ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, այդ թվում Ֆրանսիան, Պեկինը դեմ չեն։

Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակներ տևած հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Հիմա ժամանակն է ստանձնել խաղաղությունը, ստորագրել և վավերացնել պայմանագիրը և սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին», -շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա չի առաջարկել ԱՄՆ-ն որպես հարթակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է թույլ տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», – ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։ Ֆրանսիան ևս չի առաջարկել պայմանագիրը Փարիզում կամ Սևրում ստորագրել։  

Իսկ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ու և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին։ Նկատենք, որ մայիսի 8-ին սովորաբար լինում են նաև ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներ։

«Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նրանք մոռացել են հիշեցնել Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի մասին, բայց ոչ ոք դրա մասին չի էլ մոռացել։

Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և Բաքվի և Երևանի միջև չլուծված խնդիրների կարգավորմանը։ Առաջնահերթ ոլորտները ներառում են խաղաղության համաձայնագրի ստորագրումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և մարդասիրական խնդիրները: Ռուսաստանի մասնակցության ձևաչափն ու չափը կորոշվի՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունները, ասել է Մարիա Զախարովան հաղթական դեմքով։ Նկատենք, որ գերիների վերադարձի և արցախցիների ճակատագրի թենան նա չի հիշատակում։

Մարիա Զախարովան նշել է նաեւ, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը պատրաստ է խորհրդակցությունների համար այցելել Բաքու եւ Երեւան։

Հիշեցնենք, որ Խովաևը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահն է։

Դեռ երեկ Արարատ Միրզոյանը արցախցիներին մեղադրում էր, որ 2023-ի ողբերգությունը չէր լինի, եթե իրեն լսեյին, բայց արցախցիները լսել են “այլ երկրի” հորդորները, նկատի ունենալով Ռուսաստանը։ Հիմա նրա շեֆը զանգում է հենց Մոսկվա “միջնորդության” համար։

Նաիրա Հայրումյան

f