Բոլոր արցախցիներն էլ պետք է շարունակեն օգտվել 50 հազար դրամ աջակցությունից

  • 10:00 15.03.2025

Վերջին օրերին արցախահայության մեջ շրջանառվում են Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության նոր ծրագրի մասին լուրերը, որոնք ըստ տեղեկությունների ուղղված են լինելու տեղահանված անապահով ընտանիքներին։

Առաջացել է հանրային աղմուկ․ արցախցիներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնում որոշման վերաբերյալ և այն համարում անտրամաբանական։ Տեղահանվածները սոցիալական ցանցերում հայտնում են իրենց կարծիքները, վրդովմունք արտահայտում ոչ ճիշտ որոշման շուրջ։

Չպետք է տարբերություն դնել Արցախից տեղահանված ընտանիքների միջև և այդ իսկ ձևով առաջացնել պառակտում ու դժգոհության ալիք։ Բոլոր արցախցիներն էլ պետք է շարունակեն օգտվել 50 հազար դրամ աջակցությունից, քանի դեռ չեն ապահովվել բնակարաններով։

Ապրիլ ամսից մարդիկ, ովքեր չեն ընդգրկվելու աջակցության ծրագրերի մեջ, հայտնվելու են դրսերում, ու դա անհերքելի փաստ է։ Սոցիալական ցանցերում արվող հրապարակումներից երևում է, որ արցախցիները կորցրել են վստահությունը բոլորի հանդեպ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում սոցիալական աջակցության նոր ծրագրի քննարկումն էր, որին մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ապրիլ ամսվանից նախատեսվող հրատապ սոցիալական աջակցության վերաբերյալ հարցը։

Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի բոլոր անդամները դեմ են արտահայտվել՝ շեշտելով բոլոր այն խնդիրները, որոնք ի հայտ են գալու ապրիլ ամսից: Արցախից բռնի տեղահանվածների զգալի մասը սոցիալապես անապահով է, և իրավունք չունեն դադարեցնելու արցախցիներին տրվող միակ աջակցությունը՝ դրանով իսկ խթանելով արցախահայության մասսայական արտագաղթին ՀՀ-ից։

Խոսելով խորհրդի որոշ անդամների հետ՝ տեղեկացանք, որ խնդրահարույց հարցի քննարկումն ընթացել է թեժ մթնոլորտում, դեռևս չի գտել իր լուծումը, սակայն հասկանալի է, որ այն արցախցիների օգտին չի լինելու:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f