Արցախցիները գիտակցում են՝ եթե 50 հազար դրամի “բազար” է, բնակարանի սպասելն իզուր բան է

  • 08:48 16.03.2025

«Կամ ապահովեն բնակարաններով, կամ միասին, ինչպես հայրենիքը լքեցինք, որպեսզի թուրքի լծի տակ չապրենք, այնպես էլ հետ կտանք բոմժի քարտերը եւ կպահանջենք մի այլ երկրի, որ մեզ ընդունեն որպես նորմալ փախստական, թե չէ այս երկրում բացի նվաստացումից ոչինչ չենք տեսնում», արձագանքելով Լիաննա Պետրոսյանի գրառմանը, գրել է Ելենա Պողոսյանը:

«Եթե փախստականին տրվող բնակվարձի դիմաց աջակցությունը դիտարկվում է որպես թոշակ, բառերը կորցնում են իրենց արժեքը», Լիաննա Պետրոսյան:

ՀՀ կառավարության սոցիալական աջակցության նոր ծրագիրի նոր քննարկումը դարձյալ նյարդայնացրել է արցախցիներին:

Ընդհանրապես, ովքեր տեղյակ են արցախցիների հոգեկերտվածքին, կհաստատեն, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում` չեն բողոքում: Ո՞վ կհամարձակվեր կառավարության դեմ մի թթու խոսք ասել Արցախում:

Լսած կլինեք նաեւ արցախցիների “կամակորության” մասին պատմությունը. Պատերազմ է` դիմանում են, բլոկադա է, դիմանում են …իսկ կիսլոտա փորձե՞լ եք: Կիսլոտա չէ, բայց ֆոսֆոր լցրին, դրան էլ դիմացան, թեկուզ անգամ ֆոսֆոր թափած տեղը չթողեցին ապրել:

Արցախցիներն հաստատ այդքան ապերախտ չեն, որ մոռանան, թե ինչ ուշադրության են արժանացել հայաստանյան հասարակության կողմից 2023թ. սեպտեմբերին, ինչպես են մարդիկ իրենց տներում հյուրընկալել նրանց, ինչես են հաց ու շոր բաժանել։

Բայց հասկանալի է, որ դա խնդրի լուծում լինել չէր կարող, եւ հեշտ չէ 151.681 փախստականի կարիքները գոնե մինիմալ ձեւով լուծել: 1.5 տարուց ավել ժամանակ է արդեն անցել, իսկ խնդիրները միայն բարդանում են ու վերջը չի երեում:

Արարատ Միրզոյանը վերադարձ չի պատկերացնում, Բաքուն քանդում-”շինում է” Ստեփանակերտը, Հայաստանն ու Ադրբեջանը “խաղաղության” պայմանագիր են ստորագրում, որտեղ Արցախի մասին խոսք չկա, Արեւմուտքը ողջունում է, դաշնակցականները քննադատում են, արդյունքում արցախցիներն են մնում կոտրած տաշտակի առաջ: Առաջվա ուշադրությունն էլ չկա ոչ հասարակության, ոչ կառավարության կողմից: “Դե մենք էլ միլիոնատեր չենք, մի կերպ ծերը ծերին ենք հասցնում, աշխատավարձի սպասող մարդիկ ենք, դուք էլ աշխատեք` ապրեք”, մոտավորապես այսպես են “մխիթարում” արցախցիներին Հայաստանում:

Ինչեւէ, որքան էլ քաղաքական հարցերը կարեւոր լինեն, սոցիալականն իր սեւ գործն անում է: Շատերը կհիշեն 2020թ. տեղահանված հադրութեցիների, ավետարանոցցիների ու շուշեցիների գրառումները, 40 հազարների ու վարձով բնակարանների թեման սոցիալական ցանցերում: Կհիշեն, թե ինչպես էին նրանք գարաժներում, խանութներում ու հյուրանոցներում ապրում, կհիշեն ստեփանակերտցիների թանկ գները վարաձակալության դիմաց: “Մեր օրին հասնեք` կհասկանաք”, ասում էին հադրութեցիները: Հասել են, հասկանում են, իրենց մաշկի վրա զգում:

Բայց միեւնույն ժամանակ անտարբերություն են զգում եւ չեն հասկանում՝ դիտավորյա՞լ է արվում այս ամենը, թե՞ պարզապես ժամանակն է այսպիսի ընթացք ստացել նրանց համար: Ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա իսկապես անմարդկայնության գագաթնակետն է, ասում էր Բեռնարդ Շոուն:

Շվեյցարիայի դեսպանատան դիմաց հավաքված արցախցիների քչությունը ապացուցում է, որ նրանց այսօրվա օրն է ավելի շատ հուզում, քան վաղվա (դե արի ու սոցիալապես ու հոգեբանորեն հյուծված մարդկանց հիմա էլ միտինգի տար…):

Անգամ լայքերից է հայտնի դառնում, որ արցախցիներն ավելի շատ արձագանքում են 40+10 հազար ծրագրի թեմայով նյութերին: Գուցե արցախցիները չեն կարողանում Արարատ Միրզոյանի պես դիվանագետի աչքերով տեսնել, որ այսօր հնարավոր չէ իրենց տուն ու բնօրրան վերադառնալ, բայց գոնե ինստինկտաբար նույնն են գիտակցում: Գիտակցում են նաեւ, որ ամիսն արագ է բոլորելու է եւ պետք կլինի “բնօրրանի” վարձը տալ, գիտակցում են, որ եթե 50 հազարից զրկվեն, փողոցում են մնալու, տրանսպորտի փող չեն ունենալու, որ անգամ ստացած 50 հազարը հետ վերադարձնելու հնարավորություն չեն ունենալու, գիտակցում են, որ եթե 50 հազար դրամի բազար է, բնակարանի սպասելն իզուր բան է, գիտակցում են, որ այսպես երկար չեն դիմանալու: Շատ բան են գիտակցում…

Մարութ Վանյան

f