«Երեխաներիս հետ տաքսու մեջ եմ մնացել, հիմա սերտիֆիկատ ունեմ, ԴԱՀԿ-ն չի թողնում տուն գնեմ»

  • 09:52 16.03.2025

Forrights

Հինգ անչափահաս երեխաների հայր Սասուն Հայրապետյանը չի կարողանում Հայաստանում կառավարության տրամադրած աջակցությամբ տուն գնել։ 35-ամյա Սասունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բռնի տեղահանվել է Արցախից։ Նա ընտանիքի հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Նորքին Հոռաթաղ գյուղում, այժմ բնակություն է հաստատել Նոյեմբերյանի Բերդավան գյուղում։ Հենց այս գյուղում է նա ցանկանում տուն գնել։ Յոթ հոգանոց ընտանիը պետությունից ընդհանուր 35 մլն դրամի աջակցության վկայագիր է ստացել, բայց կնոջ անունով Արցախում ձևակերպված վարկերը խոչընդոտ են հանդիսանում։

«Ընտանիքով հանդիսանում ենք ՀՀ քաղաքացի, պետությունից ստացել են բնակարանի ձեռք բերման վկայագրեր։ Դիմում եմ բանկ, որ գործարքն անեն, ասում են, որ դուք հարկադիրում եք։ Սոցապնախարարության որոշման համաձայն, եթե մենք բնակարանը ձեռք ենք բերում բացառապես պետության կողմից հատկացված աջակցության շրջանակներում, ապա վարկային որևէ պատմություն խոչընդոտ չի կարող լինել։ Փաստորեն, ստացվում է, որ այդ ծրագիրը իրենց ասածին չի համապատասխանում։ Ասում են, որ արցախցիների համար բնակարան ձեռք բերելու համար որևէ խոչընդոտ չկա, այս տեղեկությունը տարածել է սոցապնախարարությունը, Գայանե Ղարագոզյանն է նման տեղեկություն տարածում, իրենց էջերում տեղադրված է»,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է Սասուն Հայրապետյանը։

Սասունի վկայակոչած Գայանե Ղարագոզյանը սոցապնախարարության աշխատակից է։ Նրա մասնակցությամբ կարճ հոլովակ է տեղադրված նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ պաշտոնյան պատասխանում է հարցին, թե արդյո՞ք արցախցիները կարող են օգտվել բնակապահովման ծրագրից, եթե ունեն վատ վարկային պատմություն։ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության շրջանակում, եթե նախատեսում եք գույքը ձեռք բերել բացառապես պետության աջակցությամբ, ապա այս դեպքում ֆինանսական կազմակերպությունները չեն իրականացնելու վարկային պատմության վերլուծություն և վարկունակության գնահատում»,-տեսանյութում ասում է պաշտոնյան։

Սասունը Forrights.am-ին ասում է, որ իր ընտանիքը հենց այս խմբի շահառու է՝ բնակարանն ամբողջությամբ ձեռք է բերելու պետության աջակցությամբ։ Սակայն, Արցախում վերցված շուրջ երեք մլն դրամի վարկն այժմ խոչընդոտ է հանդիսանում։

«Բանկն ինձ ասում է, որ, եթե քո գումարը հաստատեմ՝ տունը ձեռք բերելու համար, հարկադիրը սառեցնելու է։ Կառավարությունը պետք է աշխատի հարկադիրի հետ, պետք է ծանուցեն, որ մեզ տրված սերտիֆիկատների հետ գործ չունեն, այդ գումարը սառեցման ենթակա չի»,-ասաց նա։

Սասունը բազմաթիվ նամակներ է ուղղել Կենտրոնական բանկին, սոցապնախարարությանը, Մարդու իրավունքերի պաշտպանին, վարչապետի աշխատակազմին, Ֆինանսների նախարարությանը։ «Որ կառույցին նամակ եմ ուղարկում, բոլորն ուղղորդում են սոցապնախարարություն, իսկ նախարարությունից պատասխան եմ ստանում, որ ԿԲ-ն ու Ֆինանսների նախարարությունը ինչ-որ համաձայնագիր են պատրաստում, որ խնդիրներ չլինի, բայց ֆինանսների նախարարությունից ասում են, որ նման քննարկում չկա»,-ասաց Սասունը։

Սասուն Հայրապետյանին ՀՀ ֆինանսների նախարարությունից մի փաստաթուղթ են փոխանցել, որի համաձայն՝ նախարարության գլխավոր քարտուղարը պաշտոնապես դիմում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղարին և տեղեկացնում, որ Արցախից բռնի տեղահնված քաղաքացիների վարկային պարտավորությունները ստանձնել է Հայաստանի կառավարությունը։ Սասունն ասում է, որ թեև ֆիննախը նման գրություն է փոխանցել իրեն ու հարկադիրին, բայց իր գործարքը կրկին վտանգված է, եթե դիմի բանկ ու սերտիֆիկատի գումարը ուղղվի բնակարանի գնման գործընթացին, գումարի վրա արգելանք է դրվելու։ «Ոչ մեկիս համար պարզ չէ, թե մեր վարկերը, երբ են փակելու, բայց մեզ սերտիֆիկատները մեկ տարի ժամկետով են տվել, ես արդեն երկու ամսից ավելի կորցրել եմ»։

Սասունը բռնի տեղահանումից հետո ծանր օրեր է անցկացրել, նշում է, որ այն շարունակվում է մինչ այժմ։

«Չորս օր երեխաների հետ Երևանում տաքսու մեջ եմ մնացել, ոչ մի տեղ չեն տեղավորել, ես էլ Աստծո հույսով եկել եմ սահմանամերձ գյուղ։ Չեմ փոշմանել, որ եկել եմ, ուղղակի պետության անտարբեր վերաբերմունք ունի արցախցիների հանդեպ»,-ասաց նա։

Աասունն Արցախում պայմանագրային ծառայող է եղել, անցել պատերազմի դժվարություններով, տեսել թշնամու անմարդկային վերաբերմունքը։

«Սեպտեմբերի 19-ի կեսօրին պատերազմը սկսվեց, մենք 20 թվից հետո առաջնագիծ չենք ունեցել, հրետանիով մի կերպ պահում էինք, որ չմտնեն գյուղեր ու կանանց և երեխաներին մորթեին, բայց նման դեպքեր եղել են։ Ճանկաթաղում երեխա են մորթել։ Ամբողջ ծավալով Արցախի վրա, դիմադրում էր միայն հրետանին, առաջնագծում ինչքան զորք կար, կամ կոտորվել էր, կամ նահանջել էին։ Առաջնագիծը պահելու ձև չունեինք, օդն ամբողջովին բաց էր, դիմադրեցինք, որքան կարողացանք։ Մեր գյուղում տեղի ունեցած դեպք եմ պատմում․ մեր գյուղի վրա արձակված թշնամու հրետանու արկից թոռն ու տատիկը զոհվեցին, զոհվելը որն է՝ պատառ-պատառ են եղել։ Միայն ռուսներն էր կանգնած, գիտենք՝ ռուսն էլ ինչ արեց»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

f