Սարո Սարոյան․ «Ողջ իմաստն այն է, որ հայկական պետականությունն ընդհանրապես իրավաբանորեն լուծարվի»

  • 16:13 17.03.2025

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

Պարոն Սարոյան, եղավ տեղեկություն, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի պայմանները, եւ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» պատրաստ է ստորագրման։ Բայց մենք տեսանք, որ դրան հաջորդեցին Բաքվից հնչող այլ պահանջներ, իսկ երեկվանից Բաքուն սկսեց նաեւ ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակում է իրենց ուղղությամբ։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, ինչի՞ կհանգեցնի մասնավորապես Ադրբեջանի այս վերջին պահանջների կատարումը՝ ԵՄ դիտորդների մանդատի չեղարկոեւմը ու միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշումը։

-Տեղի է ունենում հայկական պետականության լուծարման գործընթաց, եւ այդ գործընթաց կոնկրետ նպատակ ունի։ Այնպես չէ, որ դա ինքնանպատակ է, դրա հետեւում կանգնած են կոնկրետ ուժեր, եւ հիմնական խնդիրը Մերձավոր Արեւելքում թուրքական պետության առավել հզորացումն է ու դեպի Արեւելք ուղղելու քաղաքականությունը։ Այդ տեսանկյունից հատկապես Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվելու առումով Հայաստանն ուղղակի այնպիսի խոչընդոտ է, որը չպետք է լինի ընդհանրապես։

Երբ ես նշում եմ, որ կա թուրքական պետության ծավալման գործընթաց, դա առաջին հերթին Ադրբեջանի հետ մեկ միասնական օրգանիզմ ձեւավորելու հարցն է։ Եվ այդ նպատակին հասնելու համար գործարկվելու է որոշակի սցենար, որը երկու բաղադրիչ ունի։ Մեկն իրավական գործընթացն է, եւ ձեր նշած հարցի մեջ հենց իրավական կոմպոնենտը կա։ Այսինքն՝ պայմանների ընդունումը դա իրավական գործընթացի հետ է կապված։ Մյուսը՝ հայտարարություններ են տարածվում, թե Հայաստանը խախտել է ինչ-որ ռեժիմ, կրակոցներ եւ այլն։ Դա արդեն հողի վրա հարցի լուծման ճանապարհան է։ Երկու ճանապարհներով էլ զուգահեռ Ադրբեջանն իր հստակ քաղաքականությունն իրականացնում է։

Բայց ես ուզում եմ ասել, որ դա Ադրբեջանի քաղաքականությունը չէ, դա թուրքական պետության՝ իմ նշած այդ մեծ հրեշի ձեւավորման կոնտեքստում է կատարվում։ Ադրբեջանը պարզապես միջոց է, որպեսզի այդ քաղաքականությունը կարողանան առանց լուրջ խոչընդոտների իրականություն դարձնել։ Այդ խոչընդոտները կապված են 1915 թվականի Ցեղասպանության հետ, որը կաշկանդում է Թուրքիային՝ անմիջապես իր ձեռքով նման քաղաքականություն իրականացնել։ Դրա համար Ադրբեջանը հենց ընտրված է պաշտոնական Անկարայի կողմից, որպեսզի անի այն, ինչն ինքը պետք է անի, բայց չի կարողանում անել։ Այսինքն՝ նույն ցեղասպանական գործողությունները, հայկական պետականության լուծարման խնդիրը եւ այլն։

Այդ ամենն արվում է Ադրբեջանի ձեռքով։ Եվ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտն ըստ էության Ադրբեջան արհեստածին պետության եւ Թուրքիայի հանրապետության միջեւ սահման ունենալու խնդիր է լուծում, որի հետեւանքով հայկական պետականությունը պարզապես չի կարող գոյություն ունենալ, ինքը կույր աղիք է դառնալու, երբ ինչ-որ կերպ այդ պետություններն իրար հետ միավորվեն, եւ Հայաստանն այլեւս սահման չունենա Իրանի հետ։

Վերդառնալով Ադրբեջանի՝ արդեն այդ քաղաքականության համատեքստում կոնկրետ քայլերին, այդ երկու բաղադրիչները, որոնք նշեցի, իրավական եւ ռազմաքաղաքական, դրանք պետք է եւ տարանջատենք, եւ հասկանանք, թե որքանով են իրար հետ փոխկապակցված։ Ադրբեջանը խնդիր ունի իր բոլոր քայլերով ստանալ իրավական ամբողջ փաթեթը, որը կհիմնավորի, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետություն չլինի։ Դրա հետ կապված հիմնական գիծն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մեկուսանա իրավական հանձնառությունների եւ պահանջների ընդունման համատեքստում։ Դա մեկնաբանվելու է, որ Հայաստանը կամավոր ստանձնել է որոշակի պայմաններ եւ պարտականություններ, եւ դրանց չկատարումը հենց իրավական հետեւանքների է բերելու։

Իրավականի հետ միաժամանակ տեղի է ունենում տվյալ նպատակին հասնելու ռազմաքաղաքական բաղադրիչի գործարկումը, քանի որ մի բան է իրավական քեյսը, որը կլինի, բայց այլ հարց է, որ հայ ժողովուրդը՝ որպես կյանքի ու մահվան հարցի լուծում, ստիպված է լինելու դրան դիմադրել։ Եվ այդ դիմադրությունն արդեն պետք է լինի հողի վրա։ Եվ այդ ռազմաքաղաքական բաղադրիչը պետք է իրավականին զուգահեռ տարվի միչեւ վերջ, որպեսզի չեզոքացվի ամեն տեսակի դիմադրություն։ Այդ երկու զուգահեռ գործընթացներն են տեղի ունենում հիմա։

Կարծել այնպես, ինչպես կարծում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, որոնք թուրքական օրակարգ են սպասարկում, մտածելով, որ կարող են ինչ-որ կետի վրա Ադրբեջանին կանգնեցնել, դա մանկամտություն է։ Այդ իրավական փաթեթի գործարկման ողջ իմաստն այն է, որ հայկական պետականությունն ընդհանրապես իրավաբանորեն լուծարվի։ Եվ այդտեղ որեւէ պայման չի լինելու, վերջնագիծն այն է լինելու, ինչ եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում, այսինքն՝ երբ պետությունն ինքը կամավոր լուծարվում է։ Վերջին իրավական պայմանը, որից հետո այլ պահանջ Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած Թուրքիան չեն ներկայացնի, դա Հայաստանի Հանրապետության ինքնալուծարման իրավական ակտի ընդունումն է։

Իրավական քեյսի ձեւակերպման գործընթացը պետք է տարանջատել ռազմաքաղաքական բուն հողի վրա տարածքների նվաճման կոնտեքստից, որովհետեւ մի բան է իրավական փաթեթը՝ որպես միջազգային հարաբերություններում իրավունքների ձեւակերպման հիմնական բաղադրիչ, բայց մի բան է, երբ կա ռազմական ուժ, որը կարող է ամեն դեպքում տապալել ցանկացած իրավական որոշում։ Եվ այդ իսկ պատճառով Ադրբեջանը զուգահեռ գնում է ՀՀ-ն ռազմաքաղաքական տեսանկյունից լուծարելու գործընթացի հունով։ Այսինքն՝ սպասել, որ երբեւիցե պատերազմ չի լինի, եւ կարելի է զիջել, զիջել, որ պատերազմ չլինի, դա այդպես չէ։ Որքան իրենք ստանան իրավական փաթեթի բոլոր բաղադրիչները, միեւնույն է, իրենք ռազմական գործողությունների դիմելու են եւ ոչնչացնելու են ամեն տեսակի ներուժ, որը հայկական պետությունը, հայ ժողովուրդը երբեւէ կարող է ունենալ՝ դիմադրելու համար։

-Իշխանությունը ի՞նչ նպատակ է հետապնդում, ամեն գնով ինչ-որ թո՞ւղթ ստորագրել այս փուլում Բաքվի հետ, ինչո՞ւ։

-Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության այդ քաղաքականությունը, որն իբրեւ թե ուղղված է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն, կոնկրետ գաղափարական բեռնվածության արտահայտություն է։ Այնպիսի գաղափարական բեռնվածության, որը հիմնվում է արդեն 30 տարի հայկական քաղաքական դաշտում կիրառվող այն հիմնական գաղափարի վրա, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ առավել կոնկրետ՝ հարեւանների հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ամեն գնով, անգամ զիջելով ամեն տեսակի հայկական պահանջատիրություն, իրավունքներ, շահեր, ամեն ինչ, միայն թե ստանալու համար թուրքական կողմերի բարյացակամությունը, որպեսզի թույլ տան հայ ժողովուրդը այս տարածաշրջանում կարողանա ապրել։ Սա տարիներ շարունակ ասվել է նաեւ մեղմ ձեւով, հայ-թուրքական բարիշացման ինչ-որ կոնտեքստում՝ դրա տակ հասկանալով ոչ թե, որ թուրքական կողմն ինչ-որ հարցերում պիտի զիջի, այլ միանշանակ հայկական կողմը բոլոր տեսակի իր իրավունքներից ու շահերից հրաժարվելու խնդիր պետք է իր առաջ դնի եւ դրանով կարողանա ստանալ թուրքական բարյացակամությունը։

Հիմա էլ այդ քաղաքականությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականություն 2020 թվականից այս կողմ։ Այդ տեսանկյունից «Քաղաքացիական պայմանագիր» այդ խմբավորմանը թվում է, որ կկարողանա երբեւէ հասնել նրան, որ թուրքական կողմերը, տվյալ դեպքում Ադրբեջանը բավարարված կլինի այդ վերջնագրային բոլոր տեսակի իր պահանջներից, Հայաստանը կընդունի այդ պայմանները, եւ ի վերջո հանգիստ կթողնեն Հայաստանի Հանրապետությանը, եւ իրենք կկարողանան արդեն ինչ-որ մի պետություն կառուցել այստեղ։

Ընդհանուր գաղափարն իրենց մոտ այդպիսին է, դա նախորդ հարցուպատասխանի համատեքստում մանկամտություն կարելի է բնութագրել, բայց ամեն դեպքում դա է այդ մարդկանց մտածողության աստիճանը, խորության աստիճանն այդքան է, դրանից այն կողմ չկա։ Ես հիշում եմ մի շարք հարցազրույցներ, երբ լրագրողներն էլ փորձել են այդ նույն վարչախմբի այս կամ այն ներկայացուցչից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչ է անելու Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ պահանջները վերջ չունենան, եւ անվերջ նոր պահանջներ դրվեն։ Իրենք այս հարցին երբեք չեն կարողացել պատասխանել, մշտապես իրենց բնույթին հարիր ստի եւ կեղծիքի մեջ փորձել են համոզել մեր հանրությանը, թե իբրեւ դա համոզելու խնդիր է։ Այնպես, ինչպես իրենց կարծիքով իրենք մեր հանրությանն են փորձում համոզել, նույնն էլ պաշտոնական Բաքվին կամ Անկարային համոզելու հարցն է, մտածում են՝ եթե լավ համոզեն, կկարողանան թուրքական ախորժակը բավարարել եւ հասնել նրան, որպիսի իրենք այլեւս հանգիստ թողնեն Հայաստանի Հանապետությանը։

Բայց բնականաբար դա երբեք չի կարող լինել, եւ այս տեսանկյունից ՀՀ բարձրագույն ղեկավարության քաղաքականությունը, ինչպես վերջին 4 տարվա ընթացքում կրախի է ենթարկվել, նույն կերպ շարունակելու է կրախի ենթարկվել։ Իրենք երբեք ադեկվատ չեն լինելու այն իրավիճակին, որը կա Հայաստանի շուրջը, եւ այսպես Հայաստանն իր բոլոր տեսակի իրավունքները և ազգային շահերը զիջելու է Ադրբեջանին։ Դա անկասելի է լինելու, քանի դեռ այս իշխանությունը կառավարման լծակներն իր ձեռքում է պահում։

Բաքուն կդիմի՞ լայնածավալ հարձակման, մենք երեկվանից տեսանք տարբեր երկրների արձագանքը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Հարավային Կովկասում հակամատությունը պետք է ավարտվի։

-Երբ նշեցի, որ կա երկու՝ իրար փոխլրացնող ծրագիր, որոնք ունեն իրավական եւ ռազմաքաղաքական լուծման ճանապարհային քարտեզ, բնականաբար հիմնական շեշտը դրված է հենց ռազմաքաղաքական լուծման վրա։ Այսինքն՝ իրավական բոլոր տեսակի այդ պահանջների կատարումը դեռեւս վերջնականապես չի լուծում հայկական հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Դրա լուծումն այն է, երբ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններում կկանգնի թուրքական զինուժը, եւ հայ ժողովուրդը կամ կլքի այս տարածքը, ինչպես լքեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, կամ կենթադրվի այն նույն զտմանը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ բուն Թուրքիայի տարածքում։ Սիմվոլիկ առումով  իրենք կարող են ազգային ինչ-որ օջախ պահել ժամանակավոր, ձեւական, ասենք մի 10 կամ 20 տարի, որը հենց թուրքական քաղաքականությունն է այն մասին, որ հայերը պետք է թանգարանային նմուշ լինեն աշխարհում, քանի դեռ իրենք այս տարածաշրջանը յուրացնում են։ Եվ այդ տեսանկյունից, իհարկե, իրենք հենց դա էլ իրականացնելու են, այսինքն՝ զուտ կոնսերվացնելու են ինչ-որ մի փոքր տարածք, որտեղ հայերն ինչ-որ նմուշ են պահվելու։

Այդ խնդրի լուծումը լինելու է ռազմական ուժի միջոցով, որը միակ ճանապարհն է հոգեբանորեն ամբողջ ազգի կերպարի ոչնչացման համար։ Մենք նորից պետք է մեր աչքի առաջ ունենանք Արցախը և հասկանանք, որ այդ շրջափակման և մյուս գործողությունների նպատակն էր, որպեսզի հոգեբանորեն ինքնալուծարման այդ գործընթացը տեղի ունենար։ Հիմա բնականաբար այդ ինքնալուծարման գործընթացին հասնելու, հոգեբանորեն ջարդելու համար իրենք ռազմական ուժի դիմելու են։ Եվ մտածել, որ երբևէ առանց ռազմական ուժի դա կլինի, տեղին չէ։

Երբ ինչ-որ իքս ժամանակի թուրքական կողմերը կկարողանան աշխարհում այդ համաձայնություններն արտաքին խաղացողների հետ իրականացնել, և այդ աչքակապությունն արդեն ակնհայտ կդառնա, դրանից հետո պատերազմը թակելու է մեր դուռը։ Հիմա, իհարկե, Ադրբեջանը ցանկանում է դա շատ շուտ լուծել, այս ամիսների ընթացքում լուծել։ Քանի դեռ կա դիմադրություն աշխարհում ինչ-որ ուժերի կողմից, իրենք զուգահեռ ՀՀ իրավական լուծարման, ապամոնտաժման քաղաքականությունն են իրականացնում՝ ակտիվ պահելով ռազմական ուժի կիրառմամբ ուղղակի ՀՀ խնդիրը լուծելու տարբերակը։ Երբ կգնահատեն, որ ունեն համապատասխան աջակցություն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կողմից, որ կարող են դա իրականություն դարձնել, եւ այն դիմադրությունը, որն աշխարհում կարող է լինել, երկրորդային է, բնականաբար, միանգամից այդ ռազմական բաղադրիչը մտնելու է կիրառության մեջ։

-Հայաստանում լուրջ դիմադրություն չկա ՔՊ-ական իշխանության այս գործողություններին, ինչո՞ւ։

– Հայաստանում դիմադրություն կա, այնպես չէ, որ դիմադրություն չկա։ Այն, ինչ «Քաղաքացիական պայմանագիր» այդ վարչախումբը կատարում է, դրան դիմադրություն։ Հարցն այլն տեղ է, մենք արդյունք չենք տեսնում, եւ այդպես ենք գնահատում, որ դիմադրություն չկա։ Խնդիրն այնտեղ է, որ դիմադրող ուժերը փակուղու առաջ են կանգնած, որովհետև մի կողմից ողջ հանրության ուղեղը լցրել են, որ «մենք թույլ ենք, մենք փոքր ենք, մենք քիչ ենք, մենք անկարող ենք, մենք անզոր ենք»։ Մյուս կողմից, եթե մենք փորձենք դիմադրել, դա միանգամից պատերազմի առիթ կդառնա, մենք չենք կարող դիմադրել, մեզ կոչնչացնեն։

Խաղաղությունը դարձել է մի մանթրա, որը բոլորին կաշկանդում է, այսինքն՝ քաղաքական բոլոր առողջ ուժերը, ովքեր փորձում են այս կամ այն կերպ դիմադրել, դեմ են գալիս այդ խաղաղության պատին և այդ պատը չեն կարողանում անցնել։ Դրա համար է, որ թվում է, թե դիմադրություն չկա, բայց միավորները, ուժերը անհատները, ովքեր խոսում են, որ կա ճանապարհ և պետք է դիմադրել, իրենք պետք է կարողանան այդ խաղաղության պատն անցնել։ Այդ խաղաղության պատը կապված նրա հետ, որ ով դիմադրության մասին խոսում է, նա որակվում է որպես պատերազմի հրձիգ։ Այսպես 4 տարի մեկուսացրել են բոլորին, բոլոր դիմադրող շրջանակներին։

Քանի մենք այս պատը չենք անցել, քանի դեռ առողջ ուժերը, միավորները, անհատներն իրենց մեջ ուժ չեն գտնի ու չեն ասի, որ այլ ճանապարհ չկա, եւ պետք է մոբիլիզացվել՝ դիմադրելու և անգամ պատերազմի միջոցով դիմադրելու համար, մարդիկ անընդհատ չեն իմանալու, ինչպես խոսեն ու դիմադրեն։ Հայտնի բանաձև կա չէ՞, անընդհատ ասում են՝ «դուք ո՞ւմ կյանքերի գնով եք ուզում, ո՞ւմ երեխաների հաշվին եք պատերզմ ուզում», այսպիսի տարբեր մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ կան, որոնք կիրառվում են բոլոր առողջ խոսող ուժերի և անհատների դեմ եւ չեզոքացնում են այդ մարդկանց։

Ի վերջո մարդիկ պետք է ուժ գտնեն և ասեն, որ այլ կերպ հայ ժողովուրդը, Հայաստանի Հհանրապետությունը չեն լինելու, և միակ ճանապարհը դիմադրությունն է ինքնակազմակերպման ձևով՝ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու։ Խոսքն այն մասին չէ, որ Հայաստան պետք է հարձակվի Ադրբեջանի վրա կամ Թուրքիայի վրա, ներքին կազմակերպման մասին է խոսքը, և ներքին մոբիլիզացիան իսկապես պետք է բոլորին վերաբերի։ Բոլորը պետք է զբաղվեն իրենց ռազմական գիտելիքների, իրենց մարզական վիճակի, իրենց գաղափարական պատկերացումների հարցով։ Այսինքն՝ եթե ամբողջ ազգը մոբիլիզգացվի, արդեն աշխարհի համար հարցն այլ տեղ կդրվի, մեր թշնամիների համար հարցն ուրիշ տեղ կդրվի։

Հիմա, քանի դեռ սա չկա, բնականաբար թվալու է, թե մենք չենք դիմադրում, դիմադրություն չկա։ Այս փակուղուց դուրս չգալու դեպքում ՀՀ ինքնալուծարումն ընդամենը ժանանակի հարց է։

Ռոզա Հովհաննիսյան

f