«Հարեհաս»-ը` Գեղարքունիքի ապագան փոխելու մեծ ցանկությամբ

  • 18:30 17.03.2025

«2 տարի առաջ, երբ հիմնադրամը նոր էր սկսել իր գործունեությունը, մեր թիրախում տեղահանված արցախցիներն էին։ Գեղարքունիքի գյուղերից մեկում տեղահնված արցախցի կինը, ի զարմանս մեզ, ոչ թե կենցաղային տեխնիկա կամ սոցիալական վիճակը մեղմացնող որեւէ բան ուզեց, այլ կլառնետ»,- պատմում է «Դեկավա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանն ու ավելացնում, որ իրենց համար շատ տարօրինակ էր կնոջ խնդրանքը։

«Ամիսներ հետո այդ կինը զանգեց ու տեղեկացրեց, որ իր որդին կլառնետով Իտալիայում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ընթացքում առաջին տեղն է զբաղեցրել։ Դրանից հետո ողջ գյուղի կայանք դիմում էին մեզ՝ երաժշտական գործիքներ ունենալու ակնկալիքով»,- պատմում է Ադրիանան։

Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Գեղարքունիքի գյուղերն ամենախոցելի վիճակում են` կրթության ցածր մակարդակով, բռնության ցուցանիշներով առաջին տեղում է ՀՀ-ում, գործազրկության բարձր ցուցանիշներով, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մեծ թվով։ Ադրիանան վստահ է, որ կանանց կրթական մակարդակի բարձրացումը շատ բան կփոխի այս ցուցանիշների մեջ։ Ուստի որոշել են իրականացնել «Հարեհաս» ծրագիրը, որի նպատակն է վեց տարվա ընթացքում փոխել գյուղերի կանանց կյանքն ու կրթվելու, զարգանալու եւ սեփական գիտելիքները գյուղի վերափոխմանը ծառայեցնելու հնարավորություն տալ։

Գեղարքունիքի 88 գյուղերից 3520 կին արդեն իսկ ներգրավված է ծրագրին։ «Արդեն երկու տարի է, հիմնային բան եմ ուզում լինի, դասընթաց չլինի, այլ բոլոր գյուղերում համակարգային փոփոխություններ լինեն։ Ծովաբերում տարածք ենք վերցրել, ավերակից դարձրել ենք սիրուն, տաքուկ տեղ, որտեղ դասընթաց ենք անելու՝ հիմնված կոնկրետ խնդրի վրա։ Այնտեղ նաեւ կանցկացվեն երեխաների համար դասընթացներ՝ մաթեմատիկայի, ռոբոտաշինության»,- ասում է Ադրիանան։

«Հարեհաս» ծրագրի նպատակն է երեք տարվա ընթացքում քառասուն կենտրոն ստեղծել մարզում եւ ունենալ ավելի կիրթ ու նպատակասլաց կանայք, որոնց միջոցով հնարավոր կլինի փոխել Գեղարքունիքի տխուր ցուցանիշները»,- ասում է Ադրիանան։

Վերջին շրջանում, ընտրված կանայք մասնակցում են դրամահավաքների կազմակերպման, առաջնորդական ծրագրերի եւ ճանապարհի ողջ ընթքացքն անցնում են միասին, որպեսզի դաըթացների ավարտից հետո կարողանան կառավարել ստեղծված կենտրոններն ու դրանք դարձնել բարեփոխումների օջախ։

Կենտրոնների կանայք սովորելու են նախագծի կառավարում, անգլերեն, հաշվապահություն, ծնողավարություն, երեխաների համար՝ արվեստ, թատրոնի ու բալետի դասեր են նախատեսվում։

«Դեկավա» հիմնադրամը «Հարեհաս» ծրագրի իրականացման համար դրահամավաք է կազմակերպել «ՌեԱրմենիա» https://rearmenia.com/hy/fundraisers/educational-program-%22harehas%22-developing-88-villages-in-the-gegharkunik?tab=story հարթակի շնորհիվ, եւ բոլոր ցանկացողները կարող են աջակցել Գեղարքունիքի կանանց՝ դառնալ ավելի ուժեղ, կիրթ, արժանապատիվ ու փոխել գյուղերի ապագան։

Մարիամ Սարգսյան

f