«Խաղաղության համաձայնագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է

  • 19:53 17.03.2025

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյան.

«Այսպես կոչված Խաղաղության փաստաթուղթը, հակառակ հայ հասարակության համոզմունքին, իրականում չի ենթադրում խաղաղություն, այլ հետապնդում է մի քանի նպատակներ, որոնք հակասում են ժողովրդի շահերին։

44-օրյա պատերազմից հետո «խաղաղություն» հասկացությունը քողարկված ձևով ամեն կերպ օգտագործվում է Կրեմլի կողմից՝ ղարաբաղյան տարածաշրջանում իր մեղքերը թաքցնելու փորձերին զուգահեռ։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բղավում են խաղաղության համաձայնագրի մասին, բայց իրականում դա Կրեմլի քաղաքականությունն է՝ թույլ չտալ Եվրոպայի մուտքը Հարավային Կովկաս։ Այս համատեքստում են հնչում նաև հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

Խաղաղության մասին խոսում են այն առաջնորդները, օրինակ՝ Թրամփը, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն իշխանության և շահույթ ստանալու։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն նպատակն են հետապնդում՝ ձեռքի տակ ունենալ երկրի բյուջեն, միջազգային դրամաշնորհները և իշխանության լծակները։

«Խաղաղության համաձայնագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի ակտ է, որը կվավերացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթը։ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նրան պետք է Հայաստանի ղեկավարի ստորագրությունը, որը կնշանակի հայկական Արցախի վերջնական հանձնում»։

Ալվարդ Գրիգորյան

f