Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են նամակ գրել Գերմանիայի նախագահին՝ պահանջելով, որ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նա այցելի նաեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան, այնուհետեւ՝ Ադրբեջան։ Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Սեւան ու Դիլիջան։
Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները նկատել են, որ Գերմանիայի նախագահի այցի օրակարգում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու մասին տեղեկություն չկա։ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ դա Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իրենց իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։
«Ես կարծում եմ, որ մենք՝ գերմանահայերս, պետք է այս հարցով աղմուկ բարձրացնենք, մենք Գերմանիայի քաղաքացի ենք, մեր նախագահն է, մենք դրա իրավունքն ունենք։ Պետք է քննարկումներ լինեն՝ եթե Գերմանիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ պատասխանատվություն ստանձնել դրա հետեւանքների վերացման համար, ինչո՞ւ Գերմանիայի նախագահը չի այցելում Ծիծեռնակաբերդ ու արծաթափայլ եղեւնի չի տնկում այնտեղ։ Ի վերջո առաջին անգամ է, որ Գերմանիայի նախագահն այցելում է Հայաստան»,- ասաց նա։
Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ Գերմանիայի նախագահին ուղեկցելու է կինը, որը Գերմանիայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարն է։ Սա առիթ է, որպեսզի հայ համայնքը բարձրացնի նաեւ այն հարցը, որ Բաքվում նաեւ ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակը փակելու դիմում են ներկայացրել։ «Մենք ուզում ենք նաեւ Գերմանիայի նախագահի կնոջ ուշադրությունը սեւեռել մի հարցի վրա, որ դուք գնում եք մի երկիր, որտեղ ձեր կազմակերպությունը փակվում է»,- հավելեց նա։
Հայ համայնքը Գերմանիայի իշխանություններին առաջիկայում նամակ է ուղղելու նաեւ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ։ «Մենք 12 կետերից բաղկացած պահանջ ենք գրել, մինչեւ այդ կետերը չլինեն, մենք այդ փաստաթուղթը չենք ընդունելու, հրապարակային պատռելու ենք։ Գերմանական իշխանություններին հայտնում ենք՝ որքան էլ դուք ծափ տաք ու ընդունեք այդ փաստաթուղթը, բայց մենք դա չենք ընդունում, լեգիտիմ չէ ոչ բովանդակության առումով, ոչ էլ ստորագրողների առումով»,- նշեց Օրդուխանյանը։
Ռոզա Հովհաննիսյան