Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները 30-օրյա դադարեցնելու, գերիների փոխանակման և հարաբերությունների կարգավորման շուրջ՝ ինչպես ուկրաինական կարգավորման հարցում, այնպես էլ մոլորակի այլ շրջաններում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածներից 30-օրյա փոխադարձ հրաժարվելու մասին և նման հրաման է տվել զինվորականներին, հաղորդում է Կրեմլը։
Ղեկավարները նաև պայմանավորվել են բանակցություններ սկսել՝ Սև ծովում նավագնացության անվտանգությանն առնչվող նախաձեռնության մանրամասները մշակելու համար։
Զրույցի ընթացքում երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Կուրսկի մարզում մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ճակատագրին։ «Կուրսկի շրջանում շրջափակված ուկրաինացի զինծառայողների կյանքը խնայելու Դոնալդ Թրամփի վերջին կոչի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է առաջնորդվել հումանիտար նկատառումներով և նրանց հանձնվելու դեպքում երաշխավորում է Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը՝ ռուսական օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը հասնելու համար կողմերը փորձագիտական խմբեր կստեղծեն։
Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունը մոլորակի այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում, որտեղ ներկայումս ծավալվում է ԱՄՆ ռազմական գործողությունը հութիների դեմ։ «Համատեղ ջանքեր կգործադրվեն ճգնաժամային շրջաններում իրավիճակը կայունացնելու և միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում համագործակցություն հաստատելու համար։ Դա իր հերթին կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր մթնոլորտի բարելավմանը», – հաղորդում է Կրեմլը:
«Հաստատելով իր հիմնարար հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՌԴ նախագահը հայտարարեց պատրաստակամությունը աշխատելու ամերիկացի գործընկերների հետ՝ հիմնովին ուսումնասիրելու կարգավորման հասնելու հնարավոր ուղիները, որոնք պետք է լինեն համապարփակ, կայուն և երկարաժամկետ։ Եվ, իհարկե, պետք է հաշվի առվեն ճգնաժամի բուն պատճառները, Ռուսաստանի օրինական շահերը անվտանգության ոլորտում վերացնելու անվերապահ անհրաժեշտությունը»,- ամփոփել է Կրեմլը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում նրանք պայմանավորվել են, որ Իրանին չպետք է թույլ տրվի սպառնալ Իսրայելի գոյությանը, իր X էջում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։
Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են այլ երկրների զինանոցներում ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Երկու առաջնորդները կիսում են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է կարողանա ոչնչացնել Իսրայելը»,- գրել է Լևիտը։
Աղբյուրները չեն նշում, թե արդյոք Հարավային Կովկասի հարցը ներառվել է Պուտին-Թրամփ խոշոր պայմանավորվածությունների քեյսում, և որքանով են այդ պայմանավորվածությունները կապված Բաքվի և Երևանի միջև նախապատրաստվող «խաղաղության համաձայնագրի» հետ։ Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, սատարում էր համաձայնագրին՝ առաջ քաշելով միայն մեկ «պայման»՝ հայ գերիների ազատ արձակումը։ Այսինքն՝ «Հայաստանի վերացումը գերիների վերադարձի դիմաց» գործարքը դուր է գալիս Վաշինգտոնին։