Մարտի 2-ին ք. Երևան, Սասունցի Դավթի հրապարակ, 2 հասցեյում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ տեղի ունեցավ Արցախից հարկադիր տեղահանված հաշմանդամ երեխաների վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը նախատեսված էր ստեղծել Արցախում, սակայն 2023 թ․ ողբերգական իրադարձությունների արդյունքում այս չափազանց կարևոր գաղափարն իրագործվեց Հայաստանում
«Կենտրոնը նախատեսված էր ստեղծել Արցախում, Ամարասի վանքի մոտ, որը խիստ խորհրդանշական էր», բացման արարողության ժամանակ նշել է VitalRehub կենտրոնի ներկայացուցիչ Թուխմանուկ Մկրտչյանը։
Վերականգնողական կենտրոնի բացման ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված 2-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը:
Ծրագիրն իրականացվում է «Օժանդակության Հաշմանդամ և Սպորտային կարգ ունեցող մարզիկներին» Բարեգործական Հասարակական Կազմակերպության և «ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական, բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ:
Նախաձեռնության հիմնական հովանավորն է հանդիսանում «SOS» Արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը: Կենտրոնի մի քանի սարքավորումներ ձեռք են բերվել «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ` Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ:
Նախաձեռնությանն իր աջակցություն է ցուցաբերում նաև «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ն:
Վերականգնողական կենտրոնը նախատեսված է մասնավորապես մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում ախտորոշումներով, ինչպես նաև այլ տեսակի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող 2-18 տարեկան անձանց համար:
Այն անվճար հիմունքներով տրամադրում է կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի, բժիշկ-վեռականգնողաբանի և բուժական մերսման ծառայություններ։
Ներկա դրությամբ բուժում են ստանում շուրջ 20 շահառու: Կենտրոնում աշխատում են նաև արցախցի տարբեր մասնագետներ։
Այս մասին Step1.am-ի հետ զրույցում տեղեկացրել են «ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական բարեգործական հասարակական կազմակերպությունից:
Արսեն Աղաջանյան