ՀՀ ԱԳՆ-ը չի խոսում հնարավոր ագրեսիայի մասին

  • 15:23 19.03.2025

 «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ “Հայաստանի Հանրապետությունը իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով”։ Նա սակայն չի մեղադրել Բաքվին՝ էսկալացիա նախապատրաստելու մեջ։ 

Բադալյանը խոստովանել է, որ Բաքուն չի արձագանքում Հայաստանի ոչ մի առաջարկի, նույնիսկ եթե Հայաստանը համաձայնվում է Բաքվի ամենաանհավանական պահանջին։ Մասնավորապես, “Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո”, ասել է Անի Բադալյանը։

Նա ասել է, որ “Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է Սահմանադրության խնդիրը, արձանագրելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով”։ Ասել է, որ Հայաստանը առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները, բայց կրկին պատասխան չկա։  Ինչպես պատասխան չկա “համաձայնագրի” ստորագրման վայրի և ժամկետի մասին բանակցություններ սկսելու առաջարկին։ 

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այդ ֆոնին ոչ թե մեղադրում է Բաքվին՝  “խաղաղությունը” մերժելու և ռազմական գործողություն նախապատրաստելու մեջ, այլ “արդարանում է”․ “Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար”։

Նույնիսկ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը Հայաստանի Հանրապետությունը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, ասել է նա։ “Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային”, ասել է Բադալյանը։  Եւ կրկին չի մեղադրել Բաքվին՝ ագրեսիա նախապատրաստելու համար։

Անի Բադալյանը մտահոգիչ է համարել տարածաշրջանի միլիտարիզացիան, սակայն չի խոսել այն լուրերի մասին, որ Բաքուն Հայաստանի սահմանին զորքեր է կուտակում, իսկ քարոզչական կանալները նույնիսկ հնարավոր հարձակման ժամկետներ են նշում՝ մարտի վերջ։

Հիշեցնենք, որ օրերս Բաքուն ձեռբակալել է մի բլոգերի, որը նկարահանել և հրապարակել է, թե ինչպես է Ադրբեջանը ռազմական տեխնիկան բերում դեպի Հայաստանի սահման։ Բաքուն փաստը չի հերքել, հակառակը՝ տարածելով ձեռբակալման մասին լուրը, հաստատել է այն։

Հայաստանի ԱԳՆ-ն, չնայած, որ խոստովանում է “խաղաղ օրակարգի” լիակատար տապալումը, ինչը առավել հնարավոր է դարձնում ռազմական ագրեսիան, հասարակությանը պատրաստում է ոչ դե դիմադրելուն, այլ անհույս հանձնման։ Իսկ իրեն համար ինդուլգենցիա է պատրաստում։