Մի խումբ քաղաքացիներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ Վանաձորում արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ Խոսքը ոօրեր առաջ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգման մասին է ։
«Մեկ ժամ է՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այստեղ են, ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց չի՞ հետաքրքրում այստեղ ինչ հավաք են իրականացնում մարդիկ»,–ոստիկանների՝ ճանապարհը բացելու պահանջին ի պատասխան ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ծեծելը հեչ, եթե հայհոյած չլինեին, այսքանը բանը չէր լինի։ Ոստիկաններն օրենքի մարդիկ են, մենք իրենցով ենք այս պետությունում հանգիստ դուրս գալիս փողոց, հիմա անմեղ մարդուն բռնում են տանում են բաժին, ամենաթողություն ա»: Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց օրեր առաջ ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի Տիգրան Ուլաբաբյանը։
«Ինձ առանց որևէ հիմքի ու մեղադրանքի բռնել տարել էին հարցաքննել առաջին օրը։ Երկրորդ օրը տարել են ծեծել, հայհոյել։ Ինձ ասում էին` «վերխդ հանի, հեսա մշակում ենք, ու պրիզնատ արի, որ դու ես արել։ Ես մի քանի անգամ ասել եմ` ո՛չ արել եմ նման բան, ո՛չ էլ երբևէ կանեմ։ Եթե էդ ոստիկաններին օրենքով չպատժեն, ես էլ ո՞նց վախենալով ապրեմ էս երկրում, չէ որ ցանկացած պահի նորից կարող են հրավիրել ոստիկանություն և խոշտանգել”, ասել է Տիգրանը։
Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի՝ վեց ոստիկանի մասին է խոսքը, որոնց ինքնության մասին մինչ այս պահը տեղեկություն չեն տրամադրել հանրությանը, նրանցից երկուսի ինքնությունը պարզել է Ռոման Երիցյանը։
Փաստաբանը նաեւ ասաց, որ 2023 թվականից մինչ այսօր ոստիկանության բաժանմունքներում արցախցիներին խոշտանգելու վերաբերյալ ավելի քան 30 ահազանգ է ստացել։
Քաղաքացիները փակել են Քննչական կոմիտեի շենքին հարող փողոցը, կոմիտեից տեղեկացրեցին, որ պատրաստ են ընդունել փաստաբան Ռոման Երիցյանին, Տիգրան Ուլուբաբյանին ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ քննարկում իրականացնելու նպատալով։